Այսօրուան դրութեամբ ԼՂ-էն բռնի տեղահանուած աւելի քան 3 հազար անձ դուրս եկած է Հայաստանի Հանրապետութենէն:
Այս մասին, Հոկտեմբեր 19-ին, կառավարութեան նիստին ըսաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Չեմ ուզում հետեւութիւններ անել այս թեմայի հետ կապուած, գուցէ նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու: Ես յոյս ունեմ, որ շատ յստակ ենք մենք այդ ուղերձը տալիս՝ կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանուած մեր քոյրերին եւ եղբայրներին, որպէս իրենց առաջնային ծրագիր, ունենալ ՀՀ-ում մնալը», ըսաւ կառավարութեան ղեկավարը:
Ըստ անոր՝ ՀՀ կառավարութիւնը ամէն ինչ կ’ընէ ԼՂ-էն բռնի տեղահանուած բնակչութեան աջակցելու համար:
«Այն դէպքում, երբ տէ ֆաքթօ կա՛մ ցանկութիւն, կա՛մ հնարաւորութիւն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականութիւնն է՝ ամէն ինչ անել, որպէսզի նրանք մնան ՀՀ-ում», ըսաւ Փաշինեան՝ յիշեցնելով, որ արդէն աւելի քան 100 միլիոն տոլարի յատկացում ըրած է ՀՀ կառավարութիւնը, տարբեր ծրագրեր մշակած է ԼՂ-էն բռնի տեղահանուածներուն կարիքները հոգալու համար: