ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ամառային թոհ ու բոհից յետոյ այնքան սպասուած շրջան է վերադարձը դէպի սովորական առօրեային՝ դպրոցական կեանք, մշակութային բուռն գործունէութիւն, համերգային ելոյթներ, կատարեալ զբաղուածութիւն, երբ չես կարողանում որոշել, թէ որ ձեռնարկին պէտք է մասնակցել։
Մեր հիմնական հետաքրքրութիւնը հայկական մշակութային հանդիսութիւններն ու հաւաքներն են, ուր կարողանում ենք հաղորդուել երաժշտութեան եւ արուեստի զանազան ճիւղերի հետ։ Սա մեր լինելութեան այն չէզօք դաշտն է, որ չունի պարտադրանքներ, եւ մեզ պահում է միշտ արթուն, ոտքի, յիշեցնելով մեր պատկանելիութիւնը։
Ահա այս գաղափարախօսութեան գլխաւոր ջատագովն է Գլենդելի կենտրոնում գտնուող, արդէն 35 տարիներ ի վեր գործող «Լարք» երաժշտական ընկերակցութիւնը։ Մանկավարժական, գիտահետազօտական, լսարանային, հրատարակչական աշխատանքներին առընթեր՝ բազմազան են «Լարք»ի կողմից Լոս Անջելըսի երաժշտասէր ընտրանուն ներկայացուող հանրային ելոյթները, որոնց կարգին է «Դիլիջան» սենեկային երաժշտութեան համերգաշարը։
Համերգաշարի 18-րդ շրջանը սկսուեց 13 սեպտեմբեր 2026-ին, Ընկերակցութեան մշակութային համալիրի «Էօժենի եւ Գէորգ Քեշիշեան» սրահում։ Այս համերգը կայացաւ հիմնականում նուիրատուների համար, ապա ներկաները հրաւիրուեցին դրամահաւաք-ճաշկերոյթի «Թրպանճեան» սրահում։
Դիտում էինք ունկնդիրներին. նրանք այն մշակութասէր հաւատաւորներն էին, ովքեր չնայած արդէն կրում էին ապրած տարիների ծանրութիւնը, սակայն նրանց հաւատքը անխափան էր այս հաստատութեան նկատմամբ, եւ միշտ պատրաստ էին սատարելու «Լարք»ին։
Համերգաշարը՝ մնայուն գործադիր տնօրէն Վաչէ Պարսումեանի կողքին, վերջին տարիներին ունեցաւ փոփոխուող գեղարուեստական ղեկավարներ։ Այս տարի այդ պարտականութիւնը դրուել էր երիտասարդ խմբավար եւ երաժիշտ Կարօ Աւէսեանի վրայ, տաղանդաւոր դիրիժոր եւ գործիքաւորող, ծագումով Լիբանանից է, ով մասնագիտական կրթութիւն է ստացել Հայաստանում։ Այս փոփոխութիւնը արդէն զգում էր ունկնդիրը թէ՛ ծրագրի կառուցուածքից, թէ՛ երաժիշտ կատարողների ընտրութիւնից։
Համերգաշարի հիւրընկալն էր Ասպէտ Պետրոսեանը։ Տարիներ շարունակ որպէս ծնող, հոգաբարձութեան եւ տարբեր յանձնախմբերի անդամ, Ասպէտը կանգնած է «Լարք»ի կողքին՝ վարչական եւ կազմակերպչական աշխատանքներով։ Նա հրաւիրեց Կարօ Աւէսեանին՝ վարելու օրուայ ծրագիրը։
Բոլորովին տարբեր դասաւորութիւն ունէր համերգը։ Այն անուանուել էր՝ «Քլարայի արձագանգները» (Echoes of Clara), որ երաժշտութեան, ֆիլմի եւ պատմութիւնների երեկոյ էր՝ նուիրուած Քլարա Շումանին, դաշնակահարուհուն, կոմպոզիտորին եւ երաժշտական ոգեշնչման աղբիւրին։
Զարմանալի էր. Քլարա Շումանը ծնուել էր 1819 թուականի Սեպտեմբերի 13-ին, իսկ համերգը կայանում էր 2026 թուականի Սեպտեմբերի 13-ին։ Կարօ Աւէսեանը պատմում էր Ռոբերտ եւ Քլարա Շումանների սիրոյ մասին, այդ պատմութիւնը լրացւում եւ փաստարկւում էր 1947 թուականին հանդիսատեսին ներկայացուած «Սիրոյ երգը» ամերիկեան ֆիլմից հատուածների ցուցադրումով։
Դեռ վաղ տարիքից Քլարայի անբաժան ընկերներից է եղել իր հօր աշակերտներից մէկը՝ Ռոբերտ Շումանը։ Շումանը ապշած էր Քլարայի բարձր կատարողական վարպետութեան վրայ։ Ընկերութիւնը գնալով վերածւում է սիրոյ։ Շումանը խնդրում է Քլարայի ձեռքը, սակայն Ֆրիդրիխ Վիքը այն կտրականօրէն մերժում է։ Շուրջ 4 տարի տեւած անընդմէջ պայքարից յետոյ սիրահար զոյգը վերջապէս ամուսնանում է 1840 թուականին։
Ռ. Շումանը գրել է. «Երաժշտութեան մէջ, ինչպէս շախմատում, թագուհին (մեղեդին) օժտուած է առաւելագոյն ուժով, բայց վճռական նշանակութիւն ունի թագաւորը (ներդաշնակութիւնը)»:
Եւ այս զուցակցումով, 19-րդ դարի երաժշտութեան մեծագոյն ներկայացուցիչները ստեղծել էին իրենց արուեստը՝ լինի դա երաժշտութեան յօրինում, թէ այդ երաժշտութեան կատարում։
«Դիլիջան»ի այս համերգը հետաքրքիր համադրութեամբ եւ Աւեսեանի բացատրութիւններով ընթանում էր Շումանների երաժշտութեան կենդանի կատարմամբ։ Առաջին գործը Ռոբերտ Շումանի Դաշնամուրային կվինտետն էր E-flat Major, Op. 44։ Այս գործը համարւում է 19-րդ դարի ռոմանտիկ սենեկային երաժշտութեան գլուխգործոցներից մէկը։ Շումանն այն յօրինել է 1842 թուականին, որը յայտնի է որպէս կոմպոզիտորի «կամերային երաժշտութեան տարի»։ Նա ստեղծագործութիւնը նուիրել է իր կնոջը՝ տաղանդաւոր դաշնակահարուհի Քլարա Շումանին, ով էլ 1843 թուականին իրականացրել է դրա առաջին հանրային կատարումը Լայպցիգում։ Կվինտետը՝ իր 4 մասերով, մեզ ներկայացրին Ջոնաթան Ուէյը (առաջին ջութակ), դոկտ. Քսենիա Դեւիատկինա- Լոհը (երկրորդ ջութակ), Բեն Բարտելտը (վիոլա), Մատլէն Սարգիսեանը (թաւջութակ), դոկտ. Ջէյմս Լենթը (դաշնամուր)։ Նրանք կարողացան համոզիչ կերպով բացայայտել կոմպոզիտորի ստեղծագործութեան յղացքը, երաժշտութեան հիմնականում կրակօտ բնոյթը, եւ որպէս ցուցադրուած ֆիլմի հատուածի շարունակութիւն՝ կատարումը գեղեցիկ ձեւով տեղադրուեց այդ շրջանակի մէջ։
Յաջորդ ելոյթն էր Քլարա Շումանի դաշնամուրային տրիոյի առաջին մասի կատարումը. դոկտ. Ջէյմս Լենթը (դաշնամուր), Բեն Բարտելտը (վիոլա), Մատլէն Սարգիսեանը (թաւջութակ)։ Ի տարբերութիւն իր ժամանակի շատ տրիոների, որտեղ գերիշխում էր դաշնամուրը, Կլարան հիանալի կերպով հաւասարեցրել է երեք գործիքների դերերը։ Չնայած ժամանակակիցների բարձր գնահատականին եւ գալիք դարերի փորձութիւնն անցած ճանապարհին, Քլարան տրիօն համարել է «կանացի գործ»։
Այս ունկնդրումից առաջ եւս Կարօ Աւէսեանը տուեց Շումանների կեանքի մանրամասնութիւնները, կատարուեց ֆիլմի դիտում եւ համերգն աւարտուեց երկնային սիրոյ յուզիչ տրամադրութեամբ։
Քլարան եւ Ռոբերտը խորապէս սիրում էին իրար, եւ երբ Ռոբերտը մահացաւ, Կլարան դադարեց ստեղծագործել եւ նուիրեց իր կեանքը ամուսնու ստեղծագործություններն ամբողջ աշխարհի հանրութեան առջեւ նուագելուն:
Համերգի գրքոյկում «Դիլիջան»ի հոգաբարձութեան խորհրդի նախագահներ՝ տէր եւ տիկին Անդի եւ Հայդի Թորոսեանները գրել էին. «Այս յուզիչ նոր համերգաշրջանում մեզ բազմաթիւ հետաքրքիր իրադարձութիւններ են սպասւում, եւ մենք անհամբեր ենք կրկին ողջունելու ձեզ «Լարք» մշակութային կենտրոնում։ Շնորհակալութիւն «Դիլիջան» ընտանիքի մասը լինելու եւ բարձրորակ սենեկային երաժշտութիւնը ջերմ ու ոգեշնչող մթնոլորտում ներկայացնելու մեր առաքելութեանը սատարելու համար»։
Իրապէս ջերմ էր մթնորլորտը։ «Դիլիջան»ը հրաւիրում է ունկնդիրներին իր յաջորդ համերգներներին։



