Հայաստանը գործուն քայլերու կը ձեռնարկէ նոր աթոմակայանի կառուցման ուղղութեամբ, եւ այդ նպատակով Երեւանն ու Մոսկուան համատեղ աշխատանքային խումբ ստեղծած են, յայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Յակոբ Վարդանեանը, որ պատասխանատու է ուժանիւթ հարցերուն համար:
Պաշտօնեան ընդգծեց, որ խումբը արդէն իսկ սկսած է աշխատանքները. «Ինչ վերաբերում է նոր աթոմային էներկապլոքին, մենք ոչ միայն հակուած ենք, մենք երկկողմանի ստեղծել ենք աշխատանքային խումբ, աշխատանքային խումբն աշխատում է, արդէն առաջին համատեղ նիստն ունեցել ենք: Այս պահին տեխնիկա-տնտեսական հիմնաւորման վրայ ենք աշխատում, եւ այո՛, մենք կառուցելու ենք նոր էներկապլոք»:
Հայաստանի վարչապետի օրերս Ռուսաստան կատարած պաշտօնական այցի ժամանակ Փաշինեանն ու Փութինը համատեղ յայտարարութիւն ընդունեցին: Անոր մէջ պատրաստակամութիւն յայտնած էին ընդլայնելու համագործակցութիւնը աթոմային ուժանիւթի բնագաւառին մէջ, նաեւ նոր պլոքներու կառուցման մշակման շուրջ:
Առաջին անգամը չէ, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները կը քննարկեն հայկական նոր աթոմակայանի հարցը: Նախորդ տարուայ Ապրիլին եւս` Փութինի հետ հանդիպումէն առաջ, Փաշինեան յայտնած էր, որ մտադիր է քննարկելու Հայաստանի մէջ նոր աթոմակայանի կառուցման հնարաւորութիւնը, թէեւ փակ հանդիպման յաջորդած յայտարարութեան մէջ թեմային անդրադարձ չեղաւ:
Տարածքային կառավարման փոխնախարարը ընդգծեց, որ Հայաստանի բոլոր կառավարութիւնները որոշումներ ունեցած են աթոմային երկիր մնալու մասին, մինչդեռ Մեծամօրի աթոմակայանը հնարաւոր պիտի չըլլայ շահագործել 2036-էն յետոյ:
«Նոր էներկապլոքի կառուցումը տարբեր գնահատականներով 8-10 տարի է տեւում այն պահից սկսած, որ արդէն նախագծային փուլ է մտնում, ինչը նշանակում է, որ եթէ օրինակ` 1-2 տարի յետոյ մենք մտնենք այդ փուլ, մենք 2033-2034 թուականին կարող ենք ունենալ նոր էներկապլոքը», նշեց ան:
Հայ-ռուսական աշխատանքային խումբը նոր աթոմակայանի տեխնիկա-տնտեսական հիմնաւորումները պատրաստելէ յետոյ նախեւառաջ պէտք է յստակացնէ, թէ Հայաստանին ինչ հզօրութեան, հետեւաբար` ինչ արժողութեամբ նոր աթոմակայան հարկաւոր է, ու ինչպէս պիտի լուծուի ֆինանսաւորման հարցը:
«Այս պահի դրութեամբ արդէն Ռուսաստանն առաջարկներ ունի փոքր էներկապլոքների, բայց ես համոզուած չեմ, որ մենք կը գնանք հէնց փոքր էներկապլոքների կառուցման ճանապարհով: Հազար մեկաուաթնոց է դասական պլոքը, եւ յետոյ դասական պլոքը մէկ արժէք ունի, ոչ-դասական պլոքները` մէկ այլ արժէք` մէկ քիլօուաթի դրուածքային առումով: Դրանք շատ-շատ տարբեր են: Պատկերացրէք` մենք, ենթադրենք, կառուցում ենք 600 մեկաուաթնոց ոչ-դասական պլոք, որն արժենում է աւելի թանկ, քան հազար մեկաուաթնոցը», նկատեց Յակոբ Վարդանեանը:
Նոր աթոմակայանը կրնայ աժել 5-13 միլիառ տոլար: