Վարչապետ Նիկոլ Փաշինեան գրառում կատարած է՝ տեղեկացնելով, որ «Կառավարութեան քատրային համակարգ» ծրագրին մասնակցելու համար ներկայացուած է 1141 յայտ: Քատրային համակարգին մէջ ընդգրկուած է 29 երկրէ 269 թեկնածու:
«Սիրելի՛ ժողովուրդ,
Յունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանաւարտներին հրաւիրել էի իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման համակարգին։
Այսօր արդէն կարող ենք ամփոփել «Կառավարութեան քատրային համակարգ» ծրագրի առաջին փուլի արդիւնքները։
Ընդհանուր առմամբ ստացուել էր 1141 յայտ։ Դրանց ուսումնասիրութեան, հարցազրոյցների եւ մասնագիտական գնահատման արդիւնքում Կառավարութեան քատրային համակարգում ընդգրկուել է 269 թեկնածու՝ 29 երկրից։
Ընտրուած թեկնածուների միջին տարիքը 33,3 է, կանայք կազմում են 42 տոկոսը։
Առկայ տուեալներով՝ թեկնածուների շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, իսկ 7 տոկոսը հայկական ծագում չունեցող մասնագէտներ են։ Այսինքն՝ ծրագրին միացել են ոչ միայն Սփիւռքի մեր հայրենակիցները, այլեւ Հայաստանի հետ մասնագիտական համագործակցութեամբ հետաքրքրուած օտարերկրեայ մասնագէտներ։
Այս պահի դրութեամբ աւելի քան 30 թեկնածուի վերաբերեալ ընդունուել են աշխատանքի կամ նշանակման դրական որոշումներ, իսկ նրանցից 16-ն արդէն նշանակուել են բարձր պետական պաշտօններում, այդ թւում՝ փոխնախարարներ, կոմիտէների ղեկավարներ եւ այլ բարձր պատասխանատուութեան պաշտօններ։
Կառավարութիւնում արդէն գործում է փակ ելեկտրոնային հարթակ, որի միջոցով նախարարութիւններն ու պետական այլ մարմինները կարող են ուսումնասիրել թեկնածուների մասնագիտական թղթածրարները եւ իրենց կարիքներին համապատասխան մասնագէտների հետ անմիջապէս կապ հաստատել։
Քատրային համակարգը շարունակելու է գործել եւ համալրուել։
Ծրագրի յաջորդ փուլը նախատեսւում է իրականացնել 2027 թուականին։
Շնորհակալ եմ ծրագրին դիմած բոլոր 1141 մասնակիցներին՝ նախաձեռնութեան նկատմամբ ցուցաբերած հետաքրքրութեան եւ վստահութեան համար»,- գրած է Փաշինեան։

