Հրապարակուած է ԵԽԽՎ զեկոյցը՝ Հայաստանի մէջ խորհրդարանական ընտրութիւններուն վերաբերեալ:
Ֆէյսպուքի իր էջով այս մասին գրած է Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորեան:
«Զեկոյցում ի թիւս այլ արձանագրումների՝ նշւում է, որ 2026 թուականի Յունիս 7-ի խորհրդարանական ընտրութիւնները բազմազան էին եւ լաւ կազմակերպուած: Ընտրողներին տրուած էր իրական ընտրութիւն քաղաքական այլընտրանքների միջեւ: Դիտարկուած ընտրատեղամասերի ճնշող մեծամասնութիւնում ընտրութեան օրուայ ընթացքը գնահատուել է չափազանց դրական։
«Զեկոյցում արձանագրւում է, որ ընտրութիւններն անցկացուել են աշխարհաքաղաքական չափազանց կարեւոր վերադասաւորումների պայմաններում:
«Ընտրութիւններն ուղեկցուած էին Հայաստանի հանդէպ արտաքին միջամտութեամբ, որի տարողութիւնները դիտորդները բնորոշել են որպէս «աննախադէպ եւ մտահոգիչ»։
«Զեկոյցը շեշտում է Հայաստանի հանդէպ կիրառուած տնտեսական պատժամիջոցները եւ դիւանագիտական կոշտ հռետորաբանութիւնը՝ ընտրութիւնների արդիւնքներն ուղղորդելու դէպի ընդդիմադիր կամ հակակառավարական կուսակցութիւններ։
«Համաձայն ԵԽԽՎ դիտորդական առաքելութեան՝ ընտրութիւնների օրն անցել է լաւ կազմակերպուած եւ հանգիստ մթնոլորտում:
«Դիտարկուած ընտրական տեղամասերի ճնշող մեծամասնութիւնում ընտրական գործընթացն արժանացել է դրական գնահատականի, այդ թւում՝ կանանց լաւ ներկայացուածութեամբ ընտրական տեղամասային յանձնաժողովների կազմում:
«Քարոզարշաւի ընթացքում արտերկրից դիտարկուել են առեւտրային սահմանափակումների եւ անվտանգութեան սպառնալիքների ուղղակի ճնշումներ, որոնց նպատակը, ըստ զեկոյցի, ազդելն էր ընտրողների վրայ ընդդիմադիր ուժերի օգտին:
«Օտարերկրեայ միջամտութիւնն ու արտաքին տեղեկատուական գործողութիւնները հասել էին աննախադէպ տարողութիւնների Եւրոպայի Խորհրդի անդամ պետութիւնում:
«Ըստ զեկոյցի՝ ընտրութիւնների արդիւնքները վկայում են, որ հասարակութիւնը դրսեւորել է իր ժողովրդավարական կայունութիւնը՝ չնայած աննախադէպ մասշտաբի արտաքին ճնշումներին եւ արձանագրուած թերութիւններին։
«ԵԽԽՎ զեկոյցը արձանագրում է՝ նորընտիր իշխանութիւնները ժողովրդի կողմից ստացել են յստակ մանտաթ, որը պէտք է այժմ պատուով իրագործեն»,- նշած է ան։

