Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Լարքի Շրջանաւարտների Համերգ. Հնչեցին Հայդն, Մոցարտ, Բալակիրեւ, Բաբաջանեան…

Լարքի Շրջանաւարտների Համերգ. Հնչեցին Հայդն, Մոցարտ, Բալակիրեւ, Բաբաջանեան…

by MassisPost

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Ինչպէ՞ս կազմուեց երգահանների խմբի այս դասաւորութիւնը։

Այսպիսի համադրում կարող էր ստացուել միայն Լարք երաժշտանոցում, ուր բարձրագոյն ընթացք աւարտողներն իրենց  դիպլոմները ստանալու համար պարտաւոր են ներկայացնելու դաշնամուրային կոնցերտ՝ սիմֆոնիկ նուագախմբի ընկերակցութեամբ։ Միաժամանակ, 10-րդ դասարանի աշակերտները պէտք է վերջացրած լինեն կատարողական եւ երաժշտագիտական պահանջուած առարկաների դասընթացները։

Երաժշտանոցն իր հիմնադրման օրից ի վեր հայ համայնքին պարգեւել է բարձրագոյն երաժշտական վկայականով մօտ 35 ուսանողներ։ 2022-2023 ուսումնական տարեշրջանում այդ պայմանները լրացրել էին 4 ուսանողուհիներ՝ Սինթիա Ղազարեանը, Նաթալի Անթոնոփուլոսը, Մարի Արօն եւ Քաթրին Յարութիւնեանը։

Ուսումնական տարուայ սկզբում, իւրաքանչիւր շրջանաւարտ՝ ուսուցչուհու հետ միասին, որոշել էին իրենց նախընտրած կոնցերտը։ Համատեղ ջանքերից յետոյ, նաեւ՝ առաջնորդութեամբ ընդհանուր հիմնական խորհրդատու Վաչէ Պարսումեանի, աւարտող ուսանողները շաբաթներ առաջ սկսել էին աշխատանքները այդ ելոյթների նուագախմբի ղեկավար, դոկտոր Կարինէ Աւագեանի հետ՝ երկու դաշնամուրների վրայ, իրենց ուսուցիչների նուագակցութեամբ։

Զոյգ դաշնամուրներով փորձերն աւարտուել էին։ Սպասւում էր միայն մէկ փորձ սիմֆոնիկ նուագախմբով, եւ յաջորդ օրը՝ Կիրակի, 18 Յունիս 2023, կ.ե. ժամը 3-ին, Լարք համալիրի թեւաշէնքում գտնուող «Էօժէնի եւ Գէորգ Քէշիշեան» համերգասրահում կայանալու էր մեծ ելոյթը։

Բարձրագոյն ընթացքի աւարտողները ձախից աջ՝ Նաթալի Անթոնոփուլոս, Մարի Արօ, Սինթիա Ղազարեան, Քաթրին Յովհաննիսեան

Աւարտական համերգի ընթացքում լսելու էինք իւրայատուկ ծրագիր, որ հետեւեալն էր.

-Joseph Haydn: Piano Concerto #2 in G Major, mov.1- Սինթիա Ղազարեան  (դասատու՝ Նունէ Բաղդասարեան)

-W. A. Mozart: Piano Concerto #21 in C Major, II and III mov.- Նաթալի Անթոնոփուլոս (դասատուներ՝ Հռիփսիմէ Յովսէփեան/Վիկտորիա Սիմոնեան)

-Mily Balakirev: Piano Concerto in F-sharp minor- Մարի Արօ (դասատու՝ Կարինէ Տէր-Գէորգեան)

-Arno Babajanian: Heroic Ballad for Piano and Orcestra-Քաթրին Յովհաննիսեան (դասատու՝ Սուսաննա Աթասունց)։

Նոյնիսկ արհեստավարժ կատարողների համար մեծ պատասխանատուութիւն է նուագախմբի հետ նման կարճ ժամանակ աշխատելով բեմ բարձրանալը, սակայն մեր անուշիկ օրիորդները՝ կատարեալ տիրապետելով իրենց ընտրած գործի երաժշտական տեքստին, դրա ստեղծման պատմութեանը, պատրաստ զինուորների նման միացան նուագախմբին եւ իրենց խմբավար Կարինէ Աւագեանի հետ պատուով դուրս եկան բեմական պայքարից, կարողացան արժեւորել իրենց յանձնուած վկայականները։

Երբ Վաչէ Պարսումեանը պատրաստում էր կոնցերտների օրկեստրային բաժինները, հարց էր ռուս կոմպոզիտոր Մ. Բալակիրեւի (1836-1910) գործի պարագան՝ այն երբեւէ չէր նուագուած այստեղ։ Ընդհանուր պարտիտուրը գտնելուց յետոյ, երբ երաժշտանոցի բաժինները, այնտեղ կցուած էր մի երկտող. «Ահա պարտիտուրայի 66 էջերը։ Պատկառանք այն երաժիշտների հանդէպ, ովքեր պիտի կատարեն այս գործը. Ձեր խոնարհ ծառան՝ Վլադիմիր»։

Բարձրագոյն եւ Միջնակարգ վկայականներ ստացողները բեմի վրայ

Ունենք շատ ու շատ աշխատանքային այլ հետաքրքրական մանրամասնութիւններ՝ ոգեւորող եւ ուրախացնող, խիզախող եւ սքանչացնող, միայն թեւեր են պէտք ճախրելու համար։ Մեծ հաճոյք էր նաեւ համագործակցել  Լարքի շրջանաւարտ աշխատակիցների հետ, ովքեր եւս անցել էին այդ ճանապարհը եւ ամէն գնով թեւ ու թիկունք էին կանգնում իրենց կրտսեր ընկերներին։

Ի՞նչ է նշանակում կատարել Հայդնի եւ Մոցարտի նրբագոյն կոնցերտները՝ զգալով դրանց ստեղծման ժամանակի շունչը, նուագել Բալակիրեւի շոպենեան ազդեցութեամբ ռուսական երաժշտութիւնը ու կարողանալ ունկնդրին փոխադրել այդ ժամանակաշրջանը եւ վերջապէս՝ ձեռք առնել ներկայացնելու Բաբաջանեանի «Հերոսական բալլադը» եւ հերոսաբար կատարել ազգային այդ երաժշտութիւնը։

Ու այս ամէնը կատարւում էր Լարք երաժշտանոցում։

Նոյն օրը նոյնպէս ելոյթ էին ունենում եւ միջնակարգ ծրագրի (7րդ դասարանի) իրենց վկակայականներն էին ստանում Ալեքսանդր Յարութիւնեանը (թաւջութակ, դասատու՝ Մադլեն Սարգիսեան), Լէօ Գասպարեանը (դաշնամուր, դասատու՝ Սուսաննա Աթասունց), Սոֆիա Գէորգեանը (դաշնամուր, դասատու՝ Նունէ Քարթալեան) եւ Ալեքսանդրա Նեմիրովսկայան (դաշնամուր, դասատու՝ Կարինէ Տէր Գէորգեան), որոնցից մի քանին շարունակելու են իրենց ուսումը՝ հասնելու բարձրագոյն վկայականին։

Ինչպէս միշտ, համերգի ընթացքը հմտօրէն վարում էր փոխտնօրէնուհի Թագուհի Արզումանեանը, ում եւ երաժշտանոցի տնօրէնուհի Նարինէ Թադեւոսեանի ձեռամբ էլ յանձնուեցին բոլոր վկայականները, նաեւ՝ գերազանցիկ աշակերտների պատուոգրերը։

Մի տարի եւս յաւելուեց Լարք երաժշտական ընկերակցութեան երաժշտանոցի ստեղծման պատմութեանը՝ աւելացնելով նոր շրջանաւարտների անուններ, ովքեր միշտ վառ պիտի պահեն հայ մշակոյթի անմար ջահը։

Հարակից Նյութեր

Leave a Comment