Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փաշինեան Մանրամասնած Է, Թէ Ինչու Չէ Ստորագրած ՀԱՊԿ Ամփոփիչ Հռչակագիրը

Փաշինեան Մանրամասնած Է, Թէ Ինչու Չէ Ստորագրած ՀԱՊԿ Ամփոփիչ Հռչակագիրը

by MassisPost

Ազգային Ժողով-Կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեան անդրադարձաւ ՀԱՊԿ վեհաժողովին մէջ տեղի ունեցած իրադարձութիւններուն: «Ես ուզում եմ, որ մենք յստակ լինենք, ի՞նչ է եղել մեր ակնկալիքը: Երկու բան, առաջինը` ճշդել, թէ Հայաստանի Հանրապետութիւնում որն է ՀԱՊԿ պատասխանատուութեան գօտին: Սա սկզբունքային հարց է` ճիշդ յարաբերութիւններ կառուցելու համար: Երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին յստակ քաղաքական գնահատական տալը: Սա ինչո՞ւ է կարեւոր, որովհետեւ երբ Սոթք-Խոզնավար հատուածում դա տեղի ունեցաւ, եւ այնտեղ մարտական գործողութիւններ տեղի չունեցան, այդ թւում` ընդդիմութեան գործիչներն ասում էին` Հայաստանի բանակը չի կռւում, դուք ՀԱՊԿ-ից էք ակնկալո՞ւմ: Յետոյ եկաւ Նոյեմբերը, երբ Հայաստանի բանակը կռուեց, յետոյ եկաւ Սեպտեմբերի 13-ը, երբ Հայաստանի բանակը կռուեց, եւ այդ խնդիրը դուրս եկաւ: Մենք ակնկալում ենք, որ գնահատական տրուի, թէ ինչ է տեղի ունեցել: Հիմա այս ծիրին մէջ շեշտւում է, որ օգնութեան առաջարկ է եղել, եւ մենք հրաժարուել ենք ինչ-որ օգնութիւնից: Սա շատ կարեւոր է պարզաբանել, որովհետեւ այնտեղ կայ մի տող` Հայաստանի Հանրապետութեանը ցուցաբերել օգնութիւն, այդ թւում` ռազմատեխնիկական: Նախ պարզ չէ, թէ ինչ օգնութիւն է յստակ առաջարկւում: Երկրորդ` այդ օգնութեան ընդունումն այս առանց յստակ գնահատականների կը նշանակի անուղղակի եւ նոյնիսկ ուղղակի ընդունում այն սթաթուս քօ-ի, որը հաստատուած է մեր սահմաններում: Առանց յստակ քաղաքական գնահատականի ընդունել վերահսկողութեան առաքելութիւն ՀԱՊԿ-ից այդ տարածքում կը նշանակի ուղղակի ճշդել եւ համակերպուել սթաթուս քօ-ի հետ», ըսաւ Փաշինեան:

Ըստ անոր` Փրակի կողմերը յստակ արձանագրեցին միմեանց տարածքային ամբողջականութիւնը` Ալմաթիի հռչակագրին հիման վրայ, որմէ յետոյ հնարաւոր եղաւ դիտորդական առաքելութեան գործուղում Հայաստան: «Եթէ մենք դիտորդին չենք տալիս յստակ ուղղորդում, թէ որտե՞ղ է սահմանն անցնում, ինքը գալիս է ի՞նչը դիտարկի: Այսինքն` ԵՄ դիտորդներն այսօր գիտեն, որ կողմերն իրենք ասել են, որ Ալմաթիի  հռչակագրով ընդունուած սահմանները մեր պետական սահմաններն են: Եւ նրանք գիտեն, թէ ինչի հետ են յարաբերւում: Եթէ ՀԱՊԿ ձեւաչափով սա չի հաստատուի, վերահսկողութեան առաքելութիւնը գալիս է ի՞նչը վերահսկողութիւն անի: Գալիս է արձանագրի էն, ինչ տեղի է ունեցել, իսկ էն, ինչ տեղի է ունեցել, այդքան էլ պարզ չէ, որովհետեւ պարզ չէ, թէ որտեղով է անցնում սահմանը, հետեւաբար պարզ չէ, թէ որտեղ է ՀԱՊԿ պատասխանատուութեան գօտին: Այս ամէնով արդեօք անվտանգային մարտահրաւէրները քչացե՞լ են ՀՀ շուրջը: Ոչ, չեն քչացել: Արդեօք աւելացե՞լ են: Հնարաւոր է նոյնիսկ աւելացել են, բայց մեր գնահատականն այն է, որ այս փաստաթղթերը եղած ձեւով ընդունելու պարագայում դրանք չէին նուազելու, ընդհակառակը, շարունակելու էին աճել», յաւելեց Փաշինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment