Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ովքեր Իրականութեան Մէջ Կանգնած Են Բագրատ Սրբազանին Աջ Եւ Ձախ Կողմերը. Ալեքսանեանը Մանրամասնեց

Ովքեր Իրականութեան Մէջ Կանգնած Են Բագրատ Սրբազանին Աջ Եւ Ձախ Կողմերը. Ալեքսանեանը Մանրամասնեց

by MassisPost

«Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեանի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի «գործողութեան» կազմակերպիչները այս պահին կը փորձեն նոյնը իրականացնել Հայաստանի մէջ:

Այս մասին ան յայտարնեց Ազգային Ժողովին մէջ՝ իր ելոյթին ժամանակ՝ նկատելով, որ այդ կազմակերպիչները Հայաստանի մէջ չեն:

«ԼՂ-ի հետ կապուած՝ վարչապետը յայտարարեց, որ եթէ իջեցնենք նշաձողը կարգավիճակի հետ կապուած, կ’ունենանք միջազգային համախմբում: Եւրոպական հարթակում պէտք է կազմակերպուէր ԼՂ-Ատրպէյճան հանդիպում, որի ընթացում պէտք է փորձէին ստանալ խաղաղ կարգաւորում: Այն տէրերը, որոնց ծառայում են տարատեսակ անձնաւորութիւններ ՀՀ-ում, թոյլ չտուեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա, մատ թափ տուեցին»,- նշեց ան:

Ալեքսանեան մանրամասնեց, թէ ինչպէս ձախողեցաւ այդ հանդիպումը. «Այն մարդիկ, ում ծառայում են տարատեսակ անձնաւորութիւններ Հայաստանում, չթողեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա, ասացին՝ ձեռք էք առել ձեզ, ձեզ թւում է՝ կարող էք գնալ Եւրոպա բանակցէք, չէք գնալու։ Այս ժամանակ հայաստանեան դաշտի իրենց կամակատարների հետ որոշակի աշխատանք էին տանում՝ ասելով, թէ «մենք 30 տարի դուրս չենք գալու ԼՂ-ից, գնացէք ասէք՝ «Նիկոլ դաւաճան», «ՔՊ թուրքեր», մարդիկ ասացին արեցին։ ԼՂ Ազգային Ժողովի շէնքը, որ, ցաւօք սրտի, այդ մարդկանց խելքից այսօր քանդուել է, այդ շէնքում հաւաքւում էին, այնպիսի կենացներ էին ասում, լսում էիր, ասում էիր՝ էս ին՞չ է, բայց մենք գիտէինք, թէ ինչ է այնտեղ կատարւում, որ ԼՂ-ում կայ շրջանակ, որ ռուս խաղաղապահների գալով՝ մտածում էր՝ «Նիկոլին հանենք, ու ամէն ինչ ընտիր է»։ Մենք էլ ասում էինք՝ ամենայն հաւանականութեամբ շփոթւում էք, գնացէք Սոֆիա ու բանակցէք»:

Ալեքսանեանի խօսքով՝ անոր յաջորդեց ԼՂ նախագահին հրաժարական տալու պարտադրանքը, այնուհետեւ ընտրեցին մարդ մը, որ, ըստ անոր, ամենաընդունելին էր ռուսական ներկայութեան համար Լեռնային Ղարաբաղի մէջ, ինչին արդիւնքը եղաւ այն, ինչ եղաւ:

Օրէնսդիր Մարմինի ներկայացուցիչին նկատառմամբ՝ անկէ յետոյ ռուս խաղաղապահները կանգնած նայեցան, թէ 120 հազար մարդ ինչպէս բռնի տեղահանուեցաւ, ինչպէս սպաննուեցան:

«Ապացուցուած փաստ է դա: Ու Հայաստանի Հանրապետութիւնը ասաց, որ իր բոլոր հարեւանների հետ, այդ թւում՝ Ատրպէյճանի, պէտք է ունենայ յստակ սահմանագծուած ու սահմանազատուած սահման, որը պէտք է ամփոփի 29,743 քմ քառակուսի ունեցող ՀՀ: Սա շատ ծանր տարան մարդիկ, նաեւ՝ նշածս ուժային կեդրոններում, որովհետեւ խօսքն այն մասին է, որ եթէ Հայաստանը կը յստականայ, կայ յստակ սահմաններով Հայաստանի Հանրապետութիւն, որ եթէ կայ ՀՀ, որը փայլուն յարաբերութիւններ ունի ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, որը ՄԱԿ-ի լիիրաւ անդամ է եւ չի խախտում կանոնադրութիւնը, այդ Հայաստանի վրայ դժուար է յարձակուելը, շատ աւելի դժուար է գորշ գօտի դարձնելը եւ կուլ տալը: Որովհետեւ այս ամբողջ պատմութիւնը, սիրելի քաղաքացիներ, ոչ թէ Շուշին, Հատրութը, ԼՂ-ն կուլ տալու, այլ Հայաստանը կուլ տալու մասին է: Ամբողջ ժամանակ եղել է ոչ թէ ԼՂ հարց, այլ Հայաստանի»,- ընդգծեց Վահագն Ալեքսանեանը:

Անոր խօսքով՝ պատահական չէ, որ այս պահուն Հայաստանի մէջ ընթացող երթի առաջնորդին մէկ կողմը կանգնած է Հայաստանը Միութենական պետութեան կազմ մտցնել փորձողի ներկայացուցիչը, միւս կողմը՝ «Զանգեզուրի միջանցք» տալ բաղձողի:

«Հազար ներողութիւն, սիրելի՛ ներկաներ, ստիպուած եմ փաստել, որ հերթական ռուսական շարժումը Հայաստանում կրկին դատապարտուած է ձախողման մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացին չի կարող ցանկանալ գնալ մարդկանց հետեւից, որոնք չունեն մի պարզ հարցի պատասխան՝ քանի քառակուսի քիլոմեթր է Հայաստանի Հանրապետութիւնը: Դուք դրա համար էք պայքարում, որ Հայաստանը գոյութիւն չունենայ։ Կարեւոր փաստ էլ կայ, որ օտար ուժերի թելադրմամբ Հայաստանում երբեք իշխանափոխութիւն տեղի չի ունենալու: Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը յաւերժ է, եւ ՀՀ-ն յաւերժ է»,- եզրափակեց պատգամաւորը:

Հարակից Նյութեր

Leave a Comment