Ինչո՞ւ պարտուած ենք պատերազմը:
Հարցումին «Եռաբլուր» զինուորական պանթէոնին մէջ լրագրողներու հետ զրոյցին ընթացքին անդրադարձաւ գլխաւոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանկիրեանը:
Վերջինս ընդգծեց՝ երբ պատերազմին կը պարտուին, շատ բաներ յետոյ այլ կերպ կը լուծուի։
«Մենք էլ յաղթող կողմ ենք եղել 30 տարի, պէտք է յիշէք, թէ հակառակորդը մեզ հետ ոնց էր շփւում, ու ով էր թելադրում իրավիճակը: Յաղթող կողմը թելադրում է: Ինչո՞ւ ենք պարտուել, որովհետեւ մենք 30 տարի մեր բանակի վրայ համապատասխան ներդրումներ չարեցինք, չզինեցինք ժամանակակից զէնքով, տեխնիկայով, հակաօդային պաշտպանութեան միջոցները հին էին, անօդաչուների վրայ ուշադրութիւն չդարձրեցինք: Մեզ թւում էր, թէ մեզ ինչ-որ մէկը պէտք է պաշտպանի, եւ Ատրպէյճանը մեզ պատերազմ չի յայտարարի:
«Պարզուեց, որ այդ բոլոր երաշխիքները, որ կային, սուտ էին: Եւ մեր բանակի՝ Կովկասում ամենաուժեղ բանակ լինելու մասին գնահատականները, որոնք ճիշդ էին մինչեւ 1994-1997 թուականները, հետագայում երկրի ղեկավարութիւնը այդ բանակի վրայ համապատասխան ուշադրութիւն չի դարձրել, բանակը ժամանակակից զէնքով, տեխնիկայով չի զինել: Միայն զէնքը չի, մեր մարտավարութիւնը հին է եղել, սովետական, ռուսական բանակի մարտավարութիւն: Այդ մարտավարութեամբ ռուսական բանակը Ուքրանիայում պարտուեց, հիմա նոր անցել են արեւմտեան չափանիշերին, փոքր խմբերով են գրոհում, այլ ձեւով են կազմակերպում յարձակումն ու պաշտպանութիւնը», ըսաւ ան:
Հարցումին, թէ այդ պարագային Ատրպէյճանը ի՞նչ զէնքեր մեզմէ վերցուցած է, Ջհանգիրեանը պատասխանեց. «Այնտեղ հրասայլեր են եղել, հրանօթային համակարգեր, որոնց մի մասը ժամանակին Հայաստանն է մատակարարել, մի մասը առաջին ազատագրական պատերազմի ժամանակ հէնց ատրպէյճանցիներից էինք վերցրել, յետոյ ժամանակակից սարքաւորումներ վերցրել: Ատրպէյճանը յաղթել է, դրա համար էլ վերցրել է: Եթէ քո պաշտպանութեան բանակը պարտուել է, Հայաստանի զինուժն էլ հետը, այդտեղ ինչ-որ բաներ պէտք է փոխուեն, չէր կարող չփոխուել»: