Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ 2021-էն Հայաստանը Ռուսաստանի Հետ 250 Միլիոնի Պայմանագրեր Կնքած Է, Բայց Անհրաժեշտ Զէնքը Չէ Մատակարարուած. Գրիգորեան

2021-էն Հայաստանը Ռուսաստանի Հետ 250 Միլիոնի Պայմանագրեր Կնքած Է, Բայց Անհրաժեշտ Զէնքը Չէ Մատակարարուած. Գրիգորեան

by MassisPost

Ռուսաստանէն պաշտօնապէս միտք հնչած է՝ եթէ Հայաստանին զէնք վաճառեն, Հայաստանի դիրքորոշումները կը կոշտանան, Հանրային հեռուստաընկերութեան եթերով յայտարարեց Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

Արմէն Գրիգորեանը կը յայտարարէ՝ 2021 թուականէն սկսեալ Հայաստանը Ռուսաստանի հետ 250 միլիոնի պայմանագրեր կնքած է, բայց անհրաժեշտ զէնքը չէ մատակարարուած։

«Ինչպէս է ստացուել, որ մենք պէտք է բազմազանեցնենք անվտանգութիւնը։ Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զէնք գնել Ռուսաստանի Դաշնութիւնից, պայմանագրեր ենք կնքել, նաեւ բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, որպէսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:

Բայց այդ բարեփոխումների փոխարէն Հայաստանի վրայ Մայիսին, Նոյեմբերին յարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զէնքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնուած զէնքը։ Այդ ամբողջ 250 միլիոնը 2021 թուականից սկսած պայմանագրեր են, եւ մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել: Յայտնիներից մէկը Հնդկաստանն էր, վերջերս՝ Ֆրանսան, ԵՄ տարբեր երկրներ, եւ բազմաթիւ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել», նշեց Գրիգորեան:

Արմէն Գրիգորեանի խօսքով՝ 2020 թուականի տուեալներով Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցութեան 96 տոկոսը Ռուսաստանի հետ էր, 2021 թուականի Յունուարէն յետոյ տարբեր երկիրներու հետ քանի մը միլիառ տոլարի պայմանագրեր կնքուած են, որոնց մէջ Ռուսաստանի ծաւալը 10 տոկոսէն ալ ցած է։

«Այսինքն 96 տոկոսից Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցութիւնը հասել է 10 տոկոսից էլ քիչ թուի», նշեց Անվտանգութեան Խորհուրդի քարտուղարը։

Հարակից Նյութեր

Leave a Comment