Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ «Զուարթնոց» Մշակութային Միաւորի Կազմակերութեամբ ՀՀ Նախկին Հիւպատոսª Արմէն Բայբուրթեանի Դասախօսութիւնը

«Զուարթնոց» Մշակութային Միաւորի Կազմակերութեամբ ՀՀ Նախկին Հիւպատոսª Արմէն Բայբուրթեանի Դասախօսութիւնը

by MassisPost

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Կար դասախօսութիւն. «Համաշխարհային հայկական սփիւռքն ու հայրենիքը՝ փոխգործակցութեան համակարգ եւ ուղիներ դէպի խտացուած համագործակցութիւն», 6 Յուլիս 2023-ին։ Դասախօսելու էր ՀՀ նախկին հիւպատոս Արմէն Բայբուրթեանը։

Մեր հայրենիքի քաղաքական խառը անցուդարձերի այս մթնոլորտում պահանջուած եւ հրատապ թեմա էր յիշեալ նիւթը, եւ անշուշտ, պատասխաններ ստանալու նպատակով, կարելի էր փութալ լսելու։

Ինչպէս հայկական աւանդական որեւէ ձեռնարկ, այստեղ կային. հովանաւորութիւն՝ Գերշ. Յովնան արք. Տէրտէրեան, կազմակերպիչ յանձնախումբ՝ «Զուարթնոց» մշակութային միութիւն, բացման խօսք՝ բժիշկ Սիմոն Սիմոնեան, երգիչ՝ Գագիկ Բադալեան, բանախօս՝ Արմէն Բայբուրթեան։ Կային համբերատար ներկաներ՝ փաստաբան, բժիշկ, միութենականներ, կուսակցականներ եւ սովորական ժողովուրդ՝ մենք, որ սպասում էինք նորութիւնների։

Յարգելի դասախօսը յայտարարեց սկզբից. «Նպատակ եմ դրել մեզ համեմատել միւս ժողովրդների հետ, այսինքն ներկայացնել The best practices, եւ ասեմ՝ չկայ ոչ մի բան, որ բոլորին ընդունելի լինի, մենք կարող ենք վերցնել մեզ յարմարող մասերը»։

Նա ցուցադրեց Ս. Էջմիածնում գտնուող մի խաչ, որ մարմնաւորում է քրիստոնէութիւնը։ Դրա վրայ կային յաւերժութիւնը խորհրդանշող երկու նշաններ. այն ունի մի քանի մեկնաբանութիւն՝ հայրենիք-սփիւռք, աշխարհասփիւռ հայութիւն, առանց սփիւռքի չի կարելի պատկերացնել հայրենիքը։

Հետաքրքրական էր հայերի ծագման մասին վարկածների վերլուծումը. աշխարհում վիճելի հարց է, թէ հայը իր ապրած տեղանքում բնիկ է կամ եկուոր։ Դասախօսն ասում էր, թէ այնքան հակասական են եղել կարծիքներն այդ մասին, որ երբ տպագրուել է Հայոց պատմութեան բազմահատորեան, լոյս չի տեսել առաջին հատորը, քանի որ չեն կարողացել համաձայնութեան գալ ընդունելի վարկածի շուրջ։ Գիտական տեսակէտը դուրս է գալիս յաղթական՝ մենք բնիկ Հայկական լեռնաշխարհից ենք։

Այնուհետեւ դասախօսը ներկայացրեց, թէ միշտ էլ եղել են տեղահանումներ, տուեց հայ ժողովրդի սփիւռքացման պատմականը, եւ որ սփիւռքը մեր մշակոյթի կրողն է եղել. «Մխիթարեաններ, Պոլիս, Թիֆլիս, Նոր Ջուղա, Ամստերդամ, Հալէպ, Պէյրութ, սրանք հանդիսացել են կարեւոր օջախներ։ Մենք՝ հայրենիք եւ սփիւռք միաժամանակ ապրող ժողովուրդ ենք, եւ դժուար է դրանք տարանջատել»։ Նա նշեց տեղահանման հետ կապուած հայերին բնորոշ որոշ յատկանիշներ. «Մեզ DNA-ով փոխանցուեց ապրել տարբեր տեղերում, հայերը շատ արագ յարմարւում էին նոր վայրում, քանի որ յարգանք ունէին օտար մշակոյթի հանդէպ, հայերը զէնք չունէին, դաւանափոխ չէին անում ուրիշներին, նաեւ չունէին պետութիւն, որ գաղութատիրութիւն անէին։ Ու այսպէս ապրում էին, եւ ձեւաւորւում էր ազգային ինքնութիւնը պահպանելու մշակոյթը»։

Սփիւռքը կազմաւորւում էր երկու ձեւով՝ կամաւոր հիմունքներով, տնտեսապէս բարգաւաճելու նպատակով, եւ պարտադրուած (induced and forced), ապա դրանք միաձուլւում էին իրար։

Բայբուրթեանը ընդգծեց մի երեւոյթ. «Մենք միշտ կենտրոնանում ենք անհատի վրայ։ Հաւաքական ի՞նչ ջանք ենք գործադրել։ Օրինակ՝ 17-րդ դարում Նոր Ջուղայի հայերը ստեղծել էին համաշխարհային առեւտրի ցանց, նրանք միասնական ձեւով բացել էին դպրոցներ, ուր ուսուցանում էին օտար լեզուներ, թուաբանութիւն, պատրաստում էին վաճառականներ։ 1668 թուին Անգլիան նոյնիսկ առեւտրական պայմանագիր կնքեց հայերի հետ։ Եթէ այդ ժամանակ կարողացել էինք, ինչո՞ւ այսօր չկարենանք»։

Ապա բանախօսը ներկայացրեց տեղեկութիւններ եւ վիճակագրական տուեալներ այլ ժողովուրդների եւ նրանց ստեղծած սփիւռքների մասին՝ հրէական, իռլանդական, իտալական եւ այլք։ Գետոյական կեանքը, իրար մօտ ապրելը անշուշտ որ նպաստում է տուեալ ազգի սփիւռքի ամրապնդմանը, բայց դա չէր հիմնականը։ Օրինակ՝ իտալական սփիւռքի զօրացման գաղտնիքը կայանում էր հետեւեալ նախապայմանների առկայութեամբ.

ա. Ընտանիքը
բ. Կաթողիկէ եկեղեցին
գ. Եղբայրութիւնները։

Դասախօսը նշում էր, որ երկիրները պէտք է տէր կանգնեն իրենց սփիւռքներին՝ տալով իռլանդացիների օրինակը (նրանք աշխարհում 70 միլիոն են)։ 1990-ականներին Իռլանդիայի նախագահ Մերի Ռոբինսոնը կատարեց իր նախանցեալը չունեցող մի  յայտարարութիւն՝ ասելով, որ ինքը նախագահն է բոլոր իռլանդացիների՝ թէ՛ ներսի եւ թէ՛ դրսի, եւ պէտք է փայփայել սփիւռքը։

Դասախօսը բարձրաձայնեց եւս մի ցաւոտ հարց՝ հայրենիքից տեղափոխուողներին դաւաճան համարելը։

Շատ հարազատ էր այդ թեման. յիշում եմ, երբ դեռ ուսանող էի Երեւանում, աւարտական տարում արդէն ամուսնացած էի սփիւռքահայ ուսանողի հետ (1975 թուական)։ Չէի կարողանում ընկերներիս ասել, որ պիտի մեկնեմ Սիրիա, որովհետեւ հայրենադաւութիւն էր հայրենիքից հեռանալը։ Ու եղան որոշ հայրենասէրներ, ովքեր՝ որպէսզի այդ պիտակը չունենան, մինչեւ վերջ ապրեցին Հայաստանում (իմ հօրաքոյր Անժէլ Քիւրքճեանը)։ Սրանք՝ որպէս օրինակ։

Այս կէտի շուրջ եւս Բայբուրթեանը կատարեց լուսաբանումներ. «Այսօր Ամերիկայում ապրում են 23 միլիոն մեքսիկացիներ։ Սկզբում տեղափոխուողներին անուանում էին դաւաճաններ։ Սակայն 2002 թուականին, Մեքսիկայի 62-րդ նախագահ Վինսենթ Կոքսը յայտարարեց, որ երկրից գաղթողները հերոսներ են, որ կարողանում են յաղթահարել դժուարութիւնները եւ յարատեւել մի նոր երկրում»։ Ապա դասախօսը շարունակեց. «1947 թուականին, Իսրայէլից դուրս եկողին կոչում էին դաւաճան, Սակայն 3 տարի յետոյ փոխեցին մօտեցման ձեւը. որդեգրեցին յատուկ քաղաքականութիւն, երկրի առաջընթացի մէջ ներգրաւեցին իրենց սփիւռքը, որ հայրենիքից դուրս պահպանում էր իր ապրելակերպը, ազգային դիմագիծը՝ առանց լեզուի, առանց հողի եւ օգտակար էր լինում իր հայրենիքին»։

Արտագաղթի հոսքը Հայաստանից սկսուեց 1975-ից, սակայն, ըստ դասախօսի, մեղաւորի այդ բարդոյթը մնաց հայերի մօտ։ Պրն. Բայբուրթեանը բացատրում էր հայկական սփիւռքի եւ հայրենիքի ունեցած փոխյարաբերութիւնը. «Պէտք է ճանաչել սփիւռքը, պէտք է ճանաչել հայրենիքը։ Մեր ուժը տարբեր կարծիքներ ունենալու մէջ է, իսկ տարբեր կարծիքները շահում են փոխադարձ վստահութիւն, երբ գործակցում են իրար հետ։ Գալով կառոյցներին, օրինակ, եկեղեցին Հայաստանում աղօթելու տեղ է, իսկ սփիւռքում այն խոշոր կազմակերպութիւն է, որն ընդգրկում է համայնքը, դպրոցը, լեզուն, մշակոյթը։ Հայաստանում բոլոր ժամանակներում զգուշանում են քաղաքական հետեւանքներից, մեծ պահանջներից (ներդնողը երբեմն ցանկանում է դառնալ նախարար), եւ սփիւռքում միշտ չէ, որ հասկանում են Հայաստանի քայլերը։ Եւ բուն պատճառը դարձեալ իրար չիմանալն է։ Հայաստանից եկողը պէտք է լսի սփիւռքահային, սփիւռքահայը՝ հայաստանցուն։ Հայաստանում  պէտք է բացել սփիւռքի ամբիոններ, քանի որ առաջին քայլը գալիս է հայրենիքից։ Մենք չենք կարողացել բարձրացնել սփիւռքի հետ մեր գործակցութեան մակարդակը, որով կարող էինք կառուցել հայրենիքը։ Երկակի քաղաքացիութիւնը այդ ուղղութեամբ նպաստաւոր շարժում էր։ Ի դէպ, շարժումները ինչքան ապաքաղականացած են, այնքան յաջողւում են ծրագրերը»։

Սփիւռքեան մի բնորոշ էջ է նաեւ աւանդական կուսակցութիւնների եւ կազմակերպութիւնների խնդիրը՝ արդեօք դրանք ապրե՞լ են իրենց ժամանակը, դասախօսը հարցը տալիս էր ինքն իրեն եւ բոլորին։ Ըստ Բայբուրթեանի անձնական կարծիքի՝ պէտք չէ դրանք հակադրել մէկը միւսին, դա շատ վնասակար է։ Դրսում ապրող հայերի 80 տոկոսը դուրս է այդ կառոյցներից, կարեւոր է դուրս մնացած զանգուածներին ներգրաւել որքան հնարաւոր է։ Պէտք չէ լինի ղեկավար լինելու հարց, գործը պէտք է ընթանայ համագործակցութեամբ»։

Ինչպէս բժ. Սիմոնեանը իր խօսքում ասում էր՝ «Հայաստանը կայսրութիւնների բախման դաշտ էր», մինչ օրս էլ այն նոյն կարգավիճակում է թէ՛ աշխարհագրականօրէն եւ թէ իր տնտեսական վիճակով։

Երկար էր դասախօսութիւնը, ուսուցողական ուսումնասիրութիւն, իսկ մենք՝ լինելով անհամբեր եւ միշտ սպասելով արագ եզրակացութիւնների եւ որոշումների, ուզում էինք լսել աւելի յստակ բանաձեւումներ մե՛ր հայրենիքի եւ մե՛ր սփիւռքի անելիքների մասին։ Յուսանք յարգելի բանախօսի հետ կարելի է հանդիպել այլ առիթներով եւս, ստանալու համար նոր ուղղորդումներ՝ կապուած մեր ազգային գործելակերպի հետ։

Հարակից Նյութեր

Leave a Comment