Նոր տեսակի «Քորոնա» ժահրի տարածումը կանխելու նպատակով Հայաստանին օգնութիւն պիտի տրամադրուի Ամերիկայի Միացեալ Նահանգներու, Չինաստանի եւ Եւրոպական միութեան կողմէ, մամուլի ասուլիսին ժամանակ ըսաւ Արտաքին գործոց նախարարի տեղակալ Աւետ Ատոնց։
«ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է 1.1 մլն ԱՄՆ տոլարի օգնութիւն։ ԵՄ-ն 140 մլն եւրօ գումար է տրամադրելու արեւելեան 6 գործընկերներին, որոնք բաշխուելու են երկրների միջեւ։ Այդ 140 միլիոնից 30 միլիոնն ԱՀԿ-ի (Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւն) միջոցով ուղղուելու է համապատասխան առողջապահական սարքաւորումներ ձեռք բերելուն, 100 միլիոնն ուղղուելու է ՓՄՁ-ներին (Փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան) աջակցելուն, եւ 10 միլիոնը՝ ՀԿ-ներին՝ (հասարակական կազմակերպութիւններ) COVID-19-ի դէմ պայքարի համար։ Օրեր առաջ Զոհրապ Մնացականեանը նամակ է ստացել Չինաստանի իր գործընկերոջից, որտեղ Չինաստանի կառավարութիւնն իր պատրաստակամութիւնն է յայտնել միջոցների եւ հնարաւորութիւնների սահմաններում ՀՀ-ին աջակցութիւն ցուցաբերելու առումով»,- յայտնեց Ատոնցը։