Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութիւնը Արձագանգած է Թուրքիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան Յայտարարութեան

ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութիւնը Արձագանգած է Թուրքիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան Յայտարարութեան

by MassisPost

Հայաաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը արձագանգած է Արցախի մէջ տեղի ունեցող ընտրութիւններու վերաբերեալ Թուրքիոյ արտաքին գերատեսչութեան յայտարարութեան․

«Թուրքիայի արտգործնախարարութեան յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղում անցկացուող ընտրութիւնների վերաբերեալ հայ ժողովրդի հանդէպ այդ երկրի թշնամական քաղաքականութեան հերթական արտայայտութիւնն է:

Հաւատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանութեան իր աւանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի բանաձեւերը, միւս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականօրէն տարածաշրջանի երկրներին ուղղուած կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղեան  հակամարտութեան համաթեքսթում որեւէ թշնամական գործողութիւններից։ Մինչդեռ հենց նոյն Թուրքիան է տասնամեակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետութեանը եւ աջակցում է Արցախի ժողովրդի դէմ սանձազերծուող թշնամական եւ վայրագ գործողութիւններին՝ այդ թուում 2016 թ. ապրիլին:

Նոյնքան անհիմն է Թուրքիայի արտգործնախարարութեան կողմից ԵԱՀԿ (Եւրոպայի Անվտանգութեան եւ Համագործակցութեան Կազմակերպութիւն) սկզբունքների եւ Մինսքի գործընթացի վկայակոչումը: Յիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ (Եւրոպայի Անվտանգութեան եւ Համագործակցութեան խորհրդաժողով) այն որոշումը, որով հիմք է դրուել Մինսքի գործընթացին, յղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրեալ ներկայացուցիչներին` որպէս այդ գործընթացի մասնակից: Ընտրեալ ներկայացուցիչներ ունենալու համար պէտք է ունենալ ընտրութիւններ, եւ այդ տեսակէտից Արցախում անցկացուելիք ընտրութիւնները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգաւորման տրամաբանութիւնից եւ դրա հիմքում դրուած փաստաթղթերից:

Թուրքիայի փորձերը հանդէս գալու միջազգային իրաւունքի պաշտպանի դերում եւ նրա կոչերը միջազգային համայնքին առաւել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրաւունքների եւ հարեւան երկրների տարածքային ամբողջականութեան նկատմամբ շարունակական ոտնձգութիւնների եւ միջազգային իրաւունքի ու ժողովրդավարութեան նորմերը ոտնահարող թշնամական քաղաքականութեան իրականացման լոյսի ներքոյ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment