Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Արեգակի Մեծութիւնը Մայրամուտին է Երեւում (Շառլ Ազնաւուր)

Արեգակի Մեծութիւնը Մայրամուտին է Երեւում (Շառլ Ազնաւուր)

by MassisPost

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

… Աշխարհի բոլոր անկիւններում, ի մասնաւորի Ֆրանսիայի եւ Հայաստանի ողջ տարածքում, աներեւակայելի, բայց իրաւ, փոքրամարմին հսկայ Շառլ Ազնաւուրն է տիրել միլիոնաւոր մարդկանց հոգիներին ու սրտերին:

Ինքնաշխատութեամբ, տարիների յամառ աշխատանքով աշխարհի գրեթէ բոլոր բեմերը նուաճած աննման երգիչ-բանաստեղծը մարմնեղէն իմաստով մեզ հետ չէ այլեւս: Անդառնալի կորստի ցաւի զգացումը ահա քանի օր զրկել է շատ երաժշտասէրների, ի մասնաւորի մասնագէտ երգիչների` իրողութեանը սթափ մօտեցումով ընկալելու կարողութիւնից:

Լոս Անջելէսի Հոլիվուդ պողոտայի մայթերին տեղադրուած նշանաւոր մարդ­կանց անուններով դաջուած (հիմնականում Ամերիկայի կինոյի եւ արուեստի ասպարէզի) սալիկների մէջ, վերջապէս, մէկ տարի առաջ տեղ “զբաղեցրեց” նաեւ Շառլ Ազնաւուրի անուամբ սալիկ` ազգային հպարտութեան մի նոր ալիք բարձրացնելով մեր հոգիներում, մանաւանդ, որ արարողութեանը ներկայ էր ինքը` ֆրանսահայ հանճարեղ Շանսոնիէն:

Հիմա նայում եմ հեռուստատեսութեամբ սփռուող մի հաղորդում, որի գլխաւոր հերոսը մեր Յարութն է, 5-6 ամիս առաջ աւելի կամ պակաս չափով որոշ մարդկանց կողմից փոքր-ինչ չարչրկուած, երբէք իր որդեգրած ուղուց չշեղուած հիանալի երգիչը, որը հարազատին կորցրածի պէս տառացիօրէն ողբում էր Հոլիվուդի Աստղերի պողոտայի Ազնաւուրի սալիկի առջեւ. «Նա իմ ուսուցիչն էր, ես նրանից եմ սովորել երգչի համար բաւական պատասխանատու բեմական արուեստն ու երգի բառամթերքը ունկնդրին հասցնելու վարպետութիւնը»: Յարութն իր սրտաճմլիկ, արցունքախառն արտայայտութիւններով, վստահ եմ, արցունքի կաթիլներ առաջ բերեց հաղորդումը դիտող բազմաթիւ հեռուստադիտողների աչքերում:

Յիրաւի` ճիշտ է ասում երգիչը, առարկութիւն չվերցնող հաստատում: Շառլ Ազնաւուրի երգչական-կատարողական արուեստի ազդեցութիւնն են կրում նաեւ մեր սփիւռքի մի քանի շնորհալի երգիչներ եւս, որոնց թւում են Մանուէլ Մենէնկիչեանը, Ատիս Հարմանտեանը, Լեւոն Սեւանը եւ ուրիշներ: Հապա ին՞չ ասել ֆրանսիացի եւ այլ օտար երգիչների մասին, որոնց կատարողական արուեստում կայ միտում նմանուէլ Ազնաւուրին, մանաւանդ` իրենց ասերգային (Rechitative) երգերի կատարման ընթացքում: Դժուար, չՙասելու համար անհնարին է լիարժէքօրէն նմանուէլ Ազնաւուրի կատարողական արուեստին: Այս իմաստով էլ Ազնաւուրը եզակի է, եզակի` իր կատարման ասերգային-պատմողական ոճով: Նա չի երգում, նա պատմում է, մեղեդին օգնում է նրան ասելիքը, պատգամն ու յորդորը տեղ հասցնել ունկնդրի երեւակայութեանը: Նրա բոլոր երգերը ծրագրային են:

Կարդացէք Ազնաւուրի «Ազնաւուրը Ազնաւուրի մասին» հեղինակած գրքի հայերէն թարգմանութիւնը, որը ժամանակին իրականացրել է վաղամեռիկ, Սիբիր տեսած շնորհալի գրող, լրագրող, թարգմանիչ Սուրէն Բուրսալեանը եւ դուք կը տեսնէք թէ ին~չ տառապանքների միջով է անցել հանճարեղ Շառլը մինչեւ որ ոտք է դրել ինքնահաստատման ճանապարհին:

– Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել,- գրում է Ազնաւուրը,- շատ դառնութիւններ եմ ճաշակել այդ ճանապարհին` երեսիս փակուած դռներ, հեգնանքով ու արհամարանքով լի ժպիտներ, կատակի տակ քօղարկուած չարախօսութիւններ, «մի յամառէք, ոչինչ չունենք ձեզ համար», «թողէք ձեր հասցէն, կը գրենք», «ամէն պատահական մարդու վրայ ժամանակ չունենք կորցնելու»…այս եւ նման այլ արտայայտութիւններ: Ես ճաշակել եմ այդ բոլորը:

Շառլ Ազնաւուրը ասպարէզ ելաւ այն տարիներին, երբ ֆրանսիական երգի ոստանում թնդում էին ազգային, ի մասնաւորի քաղաքային երգի հսկաներ Մորիս Շեւալյէի, Ժիլբեր Բեկոյի, Միստինգէտի, ի մասնաւորի Էդիտ Պիաֆի անունները:

… Համեստաբար պիտի նշեմ, որ ես առաջիններց մէկն եմ, որ Հայաստանում դէմ առ դէմ հաղորդակցուել եմ Շառլ Ազնաւուրի հետ, այն էլ աշխատանքիս բերումով:

1964 թուական: Ես վարում եմ Հայաստանի Պետական Ռադիոյի Երաժշտական խմբագրութեան Ֆոնդային (հայերէնում` թէրեւս Մնայուն՞…,- ՀԵՆ. Ա.) ձայնագրութիւնների բաժինը, եւ իմ այլ պարտականութիւնների կողքին պարտաւոր եմ տրանսլեացիաների (հայերէնում` թէրեւս Փոխհաղորդում՞…,- շինծու բառ է, գոնէ հայերէն է) միջոցով ժողովրդին լսելի դարձնել մայրաքաղաքի համերգասրահներում, օպերային թատրոնում իրականացուող նշանակալի համերգներն ու միջոցառումները:

Եւ` խնդրեմ. Շառլ Ազնաւուրն է գալիս Երեւան, եւ այն էլ` միայն մէկ համերգով: Հայաստանի երաժշտասէրները հազիւ 2-3 տարի է, որ հաղորդակցուել են Ազնաւուրի փոքրաթիւ երգերի հետ, այն էլ` շնորհալի լրագրող, տաղանդաշատ թարգմանիչ Արմէն Յօվհաննիսեանի շնորհիւ, որը կարողացել էր բարեկամների միջոցով Փարիզից բերել տալ Ազնաւուրի երգերի ձայնասկաւառակը, որի մէջ եղած երկու երգերի համար (La Boheme, Mama…) երիտասարդութեան, ինչպէս ասում են` խելքը գնում էր:

Գիտեինք, որ Ազնաւուրի երգերի իրական սիրահարները չէին կարողանալու ներկայ լինել նրա համերգին, որովհետեւ, նման արժանայիշատակ համերգների «Տէրն ու Տնօրէնը» Կոմունիստական Կուսակցութեան Կենտրոնն էր լինելու եւ փոքրաթիւ տոմսակներ էին վաճառուելու տոմսարկղում: Ուստի, աւելի քան անհրաժեշտ էր ապահովել թէ համերգի տրանսլեացիան եւ թէ ձայնագրութիւնը:

Համերգի օրը, առաւօտեան կանուխ Ռադիոյի տեխնիկական բաժնի աշխատողները գնացին Հայֆիլհարմոնիայի Համերգային Մեծ դահլիճ խօսափողները (Mikrophone) տեղադրելու` Ազնաւուրի համերգը ռադիոյով սփռելու համար:

Համերգից մի քանի ժամ առաջ երգիչը գալիս է համերգասրահ փորձի եւ խօսափողների ձայնի որակը ճշդելու համար: Տեսնելով, որ մեր Ռադիոյի աշխատողները խօսափողներ են տեղադրում բեմահարթակի տարբեր կողմերում, անակնկալի եկած Ազնաւուրը մի քանի անյարգալից խօսքեր է ասում մեր աշխատողներին եւ դուրս է վռնդում նրանց ու արգելում եթեր սփռել իր համերգը:

Մեր տղաները ներքին հեռախօսով կապւում են ինձ հետ եւ տեղեկացնում իրողութեանը: Ին՞չ է մնում ինձ անել այդ անելանելի վիճակից դուրս գալու համար: Որոշում եմ ինքս գնալ Մեծ Դահլիճ եւ ինչ-որ մի ձեւով «լեզու գտնել» երգչի հետ: Արտիստական մուտքին հնարաւոր չէ մօտենալ:

Հիմնականում երիտասարդներով խճողուած փոքր հրապարակում ասեղ գցելու տեղ չկայ: Հեռուից նկատեցի, որ դրան առջեւում է Գենա անունով արուեստագէտներին ծանօթ KGB-ի գաղտնի գործակալը, որը «կաշուից դուրս գալով» փորձում էր խօսք հասկացնել անզուսպ երիտասարդներին, որոնք առաւօտից հերթ էին կանգնել տոմսակ ձեռք բերելու համար, սակայն տոմսարկղը չէր բացուել:

Գենան լաւ գիտէր ինձ եւ բոլոր կառավարական միջոցառումներին «պահապան հրեշտակի» դէր էր կատարում Օպերային թատրոնի եւ Մեծ դահլիճի արտիստական մուտքերին, որպէսզի ոչ մի անվստահելի եւ անծանօթ անձ չկարողանար սողոսկել դահլիճ:

Նկատելով ինձ, Գենան նշան արեց, որ փորձեմ մօտենալ իրեն: Մի կերպ, սրան-նրան հրմշտելով հասայ դրան մօտ.

– Հեռու գնացէք, հեռո~ւ, թոյլ տուէք մօտենալ Ռադիոյի ներկայացուցչին,- բղաւում էր Գենան:

Մի կերպ, քրտնքի մէջ կորած, ինձ գցեցի միջանցք եւ դէմ դիմաց ելայ Ազնաւուրի քրոջ` Աիդայի հետ:

– Աիդա ջան,- անմիջապէս դիմեցի նրան, ինչպէս ասում են` «հարիւր տարուայ» ծանօթների պէս,- ես Հայաստանի Ռադիօյից եմ…

– Հասկցայ, մի շարունակէր,- խօսքս ընդհատեց Աիդա Ազնաւուրը:

– Լաւ…, եթէ հասկըցաք, ըսելէ թէ գիտէք, թէ ինչ պիտի խնդրեմ:

– Գիտեմ, գիտե~մ, սակայն եղբայրս շատ զայրացած է, հետը խօսիլ չըլլար:

– Ամէն պարագայի, անգամ մը եւս փորձեցէք հետը խօսիլ: Եթէ համերգը ժողովուրդին չփոխանցենք` շատ ամօթ պիտի ըլլայ: Առաջին անգամ Հայաստան կու գայ մեր հայրենակից նշանաւոր երգիչը եւ անոր արուեստին հաղորդակից պիտի ըլլան հազիւ 1400 անձեր, եւ ան ալ…, ան ալ` մարդիկ, որ շատ բան չեն հասկնար Շառլին արուեստէն…, կարծեմ հասկցաք, թէ ինչ ըսել կՙուզեմ: Ազնաւուրին իրական երկրպագուները դուրսն են, որոնց տոմսակ չէ հասած:

Մէկ-երկու վայրկեան լռելուց յետոյ Աիդան ասաց.

– Լաւ, երիտասարդ, երթամ անգամն ալ փորձեմ համոզել եղբօրս,- ու մտաւ ինձ լաւ ծանօթ, նեղլիկ, անհրապոյր արտիստական սենեակը:

Քիչ անց Աիդան դուրս եկաւ Շառլի մօտից ու արագ-արագ ասաց.

– Շու՜տ, շուտ ըրէ երիտասարդ, մտիր Շառլին քովը, քեզի հետ խօսիլ կՙուզէ:

– Կՙարտօնեմ, որ միայն ձայնագրութիւն ընէք,- ասաց նա ու շարունակեց,- ըսեմ, որ աս առաջին անգամ է, որ ձրի արտօնութիւն կու տամ: Հայրենիքիս մէջ եմ` ատոր համար: Միայն պիտի խնդրեմ, որ օրինակ մըն ալ ինծի համար շինէք: Առտու կը մեկնիմ, կրնա՞ք հասցնել: ԴԻՍԿ պիտի շինեմ:

– Այո՜յ, այոյ, կրնանք, ինչո՞ւ չէ,- առանց մտածելու, թէ ինչպէ՞ս եմ իրականացնելու նրա ցանկութիւնըխ, չ՞է որ Ռադիոյի շէնքը գիշերը փակ է: Անմիջապէս կապւում եմ Ռադիոյի հետ. Ամէն ինչ կարգադրուած է. շէնքը յսկող ոստիկանները ինձ եւ հնչիւնային ռեժիսոր Էդուարդին թոյլատրուելու է մուտք գործել շէնք եւ աշխատել Շառլ Ազնաւուրի համերգի ձայնագրութիւնը պատրաստելու համար: Ազնաւուրն էլ թոյլատրում է օգտուել իր առաջնակարգ տեխնիկական սարքերից եւ խօսափողներից:

Ամբողջ գիշեր Ռադիօյում լուսացնելուց յետոյ, առաւօտեան պատրաստ էր ձայնապնակ արտադրելու համար բաւականին յաջող ու բարձր որակ ապահովող Ազնաւուրին տրուելիք ձայնագրութիւնը:

Հէնց Ռադիօյից էլ ինձ գցեցի օդանաւակայեան` Ազնաւուրի թռիչքից մի քանի վայրկեան առաջ միայն:

– Բրաւ~օ տղաս,- բոլորի համար լսելի ձայնով ասաց նա ու` աւելացրեց. Յուսամ ամէն բան կարգին է:

– Այո՜յ, այո՜յ, կրնաք եղածին պէս յանձնել արտադրութեան,- հպարտութեամբ ասացի ես ու ձեռնուելով հանճարեղ երգչի հետ, յաղթանակօրէն շարժուեցի դէպի օդանաւակայեանից դուրս:

Յաջորդ օրուանից սկսեալ Հայաստանի ժողովուրդը օրուայ մէջ մի քանի անգամ ունկնդրում էր Շառլ Ազնաւուրի երգերը: Տարիների ընթացքում շատացան ֆրանսահայ մեծ Շանսոնյէի երգերը մեր Ռադիոյի ձայնադարանում:

Անցեալ դարի 70-ականներից սկսեալ Շառլ Ազնաւուրը գրաւեց աշխարհը իր պատմա-փիլիսոփայական երգերով: Նա չի երգում, նա պատմում է մարդու ցաւի, վշտի, երջանկութեան մասին եւ, իւրաքանչիւր պատմութեան հիմքում ընկած է սէրը, սէրը` մարդու, պետութեան, պատմութեան, բնութեան նկատմամբ:

– Պէտք է սիրել մարդուն, ինչ ազգի էլ նա պատկանելիս լինի,- ս՜ա էր նրա Հաւատամքը` Կրեդօն: Նա տենչում էր լինել իր նախնիների ծննդավայրում, այնտեղ էր իր հայրենի տունը, սակայն`

Ես չեմ կարող տունս մտնել
Քանզի այնտեղ անցեալն է իմ,
Որ կանգնում է աչքերիս դէմ`
Եւ քայլ առ քայլ ինձ հետեւում…

… Շառլ Ազնաւուրի հետ իմ երկրորդ առերես հանդիպումը կայացաւ մէկ տարի առաջ այստեղ` Լոս Անջելէսում, 2017 թ. Օգոստոսի 24-ին: Նա հրաւիրուած էր ներկայ լինելու իր պատուին Հոլիվուդի նշանաւոր աստղերի մայթին իր անունով սալիկի տեղադրման արարողութեանը: Այդ պատմական արարողութիւնից յետոյ, Տաղլեան շքեղ կենտրոնում տրուած փառահեղ ճաշկերոյթի ընթացքին հնարաւորութիւն եղաւ առանձինն զրուցել նրա հետ: Ես նրան յիշեցրի 1964 թուականի երեւանում կայացած համերգի մանրամասնութիւնները եւ Դիսկի պատմութիւնը:

– Այո~յ, կարծեմ թէ ատանկ բան մը եղաւ…, շատ ժամանակ անցած է, ամբողջ կեանք մը, մանրամասնութիւնները չեմ յիշեր…,- ասաց նա:

– Այոյ, Պարոն Ազնաւուր, 53 տարի առաջ էր, դժուար է մտաբերել: Ռադիոյի այն օրուան երիտասարդը ես եմ: Չեմ գիտէր, գիտէք թէ ոչ, պարզապէս յիշելու համար ըսեմ, որ 1990 թուականին ես էի, որ առաջին անգամ գրեթէ 40 տարուայ ՍԻՓԱՆ երգչախումբովս Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբին հետ կատարեցի Ձեր` Հայաստանի երկրաշարժի զոհերուն նուիրուած «քեզ, Հայաստան» երգը:

– Ին՞չ կ’ըսես, չէի գիտեր…

– Մեծն Պարոն Ազնաւուր, խնդրեմ թոյլ տաք իմ եւ տղայիս հետ պատկեր մը քաշուիլ Ձեզ հետ…

Լռութիւնը համաձայնութեան նշան էր: Այսպիսով, ես եւ Արամս նրա շուքի տակ մտանք մեր ընտանեկան ալպոմի մէջ:

Լաւ էլ գրել ես սիրելի Շառլ.
Տառապեցի, սակայն ին~չ փոյթ,
Երբ վշտերս մեռան ամէն,
Գիտեմ, ինձ քո դուռն է տանում
Ճանապարհը յաւերժութեան:

… Դու` սիրելի Շառլ, նոր չէ, որ բռնել ես եաւերժութեան ուղին: Դու այդ ուղու վրայ ես եղել ի սկզբանէ, նոյնիսկ` տառապանքներիդ ոլորանում, որովհետեւ սիրել ես իմացել, սիրել ես մարդուն, սիրել ես կեանքը: Սիրոյ քաղցր երջանկութեամբ պարուր­ուած, ճաշակել ես նաեւ սիրոյ դառնութիւնը եւ`

Պէտք էր, որ մի օր
Ցաւն ինձ այցելեր,
Ցաւն անակնկալ,
Որ կոչւում է ՍԷՐ:

Հարակից Նյութեր

Leave a Comment