Home ՀԱՅԱՍՏԱՆ Կարէն Կարապետեանը Լքած Է ՀՀԿ-ի Նախագահի Առաջին Տեղակալի Պաշտօնը

Կարէն Կարապետեանը Լքած Է ՀՀԿ-ի Նախագահի Առաջին Տեղակալի Պաշտօնը

by MassisPost

Հայաստանի նախկին վարչապետ Կարէն Կարապետեանը պիտի լքէ Հանրապետական կուսակցութեան նախագահի առաջին տեղակալի պաշտօնը: Այդ մասին երէկ լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ ըսած է Հանրապետականի խօսնակ Էտուարտ Շարմազանովը:

Շարմազանովը նշած է, որ նորմալ կը գնահատէ Կարապետեանի այս քայլը:

«Գնահատում եմ շատ նորմալ: Կարէն Կարապետեանն ինքը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինե՞լ առաջին տեղակալ, թէ՞ չլինել: Ես յարգանքով եմ վերաբերւում Կարէն Կարապետեանի այդ որոշմանը», – ըսած է ՀՀԿ խօսնակը:

Իսկ թէ ո՞վ կը փոխարինէ Կարապետեանին այդ պաշտօնին, Շարմազանովը դժուարացած է ըսել: «ՀՀԿ խորհրդի նիստ կը լինի, խորհրդի նիստն է լիազօր, իրաւասու ընտրել կուսակցութեան նախագահի տեղակալներին եւ առաջին տեղակալին: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում», – ըսած է ան:

Հարցին, թէ սա փախո±ւստ չէ Հանրապետական կուսակցութենէն, ՀՀԿ խօսնակը պատասխանած է. – «Փախուստ չի, ո՞վ է ասում, հիմա մարդն էդքան աքթիւ չի, մարդը, որպէս առաջին տեղակալ, գտնում է, որ ինքն այս քաղաքական փրոսեսներում շատ աքթիւ ներգրաւուած չի, եւ գտնում է, որ արդար չի, որ ինքը, չլինելով աքթիւ ներգրաւուած քաղաքական գործընթացների մէջ, մնայ էդ պաշտօնում»:

Ճշտող հարցին, թէ Կարէն Կարապետեանը դուրս կու գա՞յ նաեւ Հանրապետական կուսակցութենէն, Շարմազանովը պատասխանած է. – «Այս պահին նման որոշում չկայ, կուսակցութիւնից դուրս գալու խօսակցութիւն չի եղել»:

Հարակից Նյութեր

Leave a Comment