Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Քաղաքագէտ՝ ԱՄՆ Նախագահական Ընտրութիւններուն Հայաստանի Համար Նախընտրելի է՝ Դեմոկրատ Թեկնածուի Յաղթանակը

Քաղաքագէտ՝ ԱՄՆ Նախագահական Ընտրութիւններուն Հայաստանի Համար Նախընտրելի է՝ Դեմոկրատ Թեկնածուի Յաղթանակը

by MassisPost

ԱՄՆ նախագահական ընտրութիւններուն Հայաստանի համար նախընտրելի է՝ Դեմոկրատական կուսակցութեան թեկնածուի յաղթանակը, ըսաւ Միջազգային եւ անվտանգութեան հարցերու հայկական կեդրոնի ղեկավար, քաղաքագէտ Ստեփան Սաֆարեանը:

Անոր խօսքով՝ Հայաստանին ձեռնտու չէ ԱՄՆ Հանրապետական կուսակցութեան քաղաքականութիւնը: «Եթէ յիշենք հանրապետական նախագահների կառավարման տարիները, ապա Ճորճ Պուշի պաշտօնավարման շրջանում Հայաստանին, ըստ էութեան, նշանակութիւն չէր տրուում: Կովկասում գոյութիւն ունէր Վրաստան-ԱՄՆ քաղաքական համագործակցութիւնը եւ ոչ աւելին: Այս ժամանակահատուածում Հայաստանն է՛լ աւելի խորասուզուեց «ռուսական ճահճի» մէջ», նշեց Ստեփան Սաֆարեանը՝ շարունակելով, որ հակառակը՝ Պարաք Օպաման եւ դեմոկրատները բացն Հայաստանի «հարաւային դարպասները»:

«Օպաման ընդգծեց Հայաստանի դերը, ԱՄՆ պետքարտուղարը երկու անգամ Հայաստան այցելեց: Այս ենթատեքստում Հայաստանին լուրջ նշանակութիւն տրուեց Իրանի եւ Եւրոպայի հաղորդակցութեան հարցում: Հաշուի առնելով այսպիսի տարբեր բեւեռները՝ երբ հանրապետականները Վրաստանից եւ Թուրքիայից բացի, ոչինչ չեն տեսնում, իսկ միւս կողմից՝ դեմոկրատների եւ Օպամայի քաղաքականութիւնը Հայաստանին աւելի մեծ համայնապատկեր է ապահովում, կարծում եմ, որ մեզ համար, իհարկէ, դեմոկրատների յաղթանակն է ցանկալի»,- ընդգծեց Սաֆարեանը՝ շարունակելով, որ, իհարկէ, մենք հիասթափուել ենք Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչներից այն պատճառով, որ «ցեղասպանութիւն» բառը չեն արտասանել: «Դա վերաբերում է եւ՛ Օպամային, եւ՛ Քլինթընին: Այդուհանդերձ, մենք պէտք է գիտակցենք, որ նրանք Հայաստանին աւելի մեծ նշանակութիւն են տուել»,- նշեց Ստեփան Սաֆարեանը:

Անդրադառնալով Օպամայի նախագահութեան շրջանին Ռուսաստան- Արեւմուտք դիմակայութեան աճին՝ քաղաքագէտը նշեց, որ այդ նոյնպէս ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութեան վարած քաղաքականութեան հետեւանքն է: «Արեւմուտք-Ռուսաստան դիմակայութեան ֆոնին Հայաստանի խնդիրներն, իհարկէ, աւելանում են, միւս կողմից՝ Հայաստանի համար նաեւ հնարաւորութիւններ են բացուում՝ գործառոյթների եւ պահանջվածութեան տեսակէտից Հայաստանի կշիռը մեծանում է: Ես վստահ եմ, որ Քլինթընի ընտրուելուց յետոյ, անկախ որեւէ բանից, Ռուսաստանի հանդէպ նրա քաղաքականութիւնն այդքան խիստ չի լինի, որքան նախընտրական արշաւի ընթացքում նրա հռետորաբանութիւնն էր»,- կը կարծէ Ստեփան Սաֆարեանը:

«Թուում է, թէ Ռուսաստանի հետ դիմակայութիւնը երրորդ համաշխարհային պատերազմի կը հանգեցնի, բայց ես համոզուած եմ, որ այդպիսի բան տեղի չի ունենայ: Այս տեսակէտից նախագահի ընտրութիւնից յետոյ երկխօսութիւնը չի զոհաբերուի դիմակայութեանը: Հետեւաբար՝ կարծում եմ, որ Հայաստանին ձեռնտու է Դեմոկրատական կուսակցութեան թեկնածուի յաղթանակը»,- ամփոփեց Ստեփան Սաֆարեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment