Հայաստանը բոլոր ոլորտներուն մէջ պիտի հետեւի բազմազանեցման քաղաքականութեան՝ անկախ կազի գնային հնարաւոր տատանումներէն, պետականութիւնն ու անկախութիւնն ամրապնդելու նպատակով, կառավարութեան մէջ ճեպազրոյցի ժամանակ յայտնած է վարչապետ Նիկոլ Փաշինեան։
«Ընդհանրապէս, բոլոր ոլորտներում չկայ մի ոլորտ, որտեղ մենք չենք գնալու բազմազանեցման։ Մեր քաղաքական որոշումն այն է, որ զարգացնելու ենք մեր անկախութիւնն ու պետականութիւնը։ Ընդհանուր առմամբ, մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր բնագրերում»,- ըսած է վարչապետը։
Ան ընդգծած է, որ եթէ կայ հնարաւորութիւն կազ ներկրել երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղբիւրէ, կամ, եթէ կազամուղ անցնի Հայաստանով, որմէ երկիրը նաեւ փոխադրութեան վճարներ պիտի ստանայ, կառավարութիւնը պիտի երթայ այդ ճանապարհով։
Անդրադառնալով ներկայիս գնագոյացման՝ Փաշինեան նշած է, որ Հայաստանի մէջ կազը աժան չէ, եւ սահմանէն մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկիրներու հետ, տեղի կ’ունենայ գինի գոյացման ամենամեծ յավելաճը։
«Հայաստանում կազը էժան չէ։ Սահմանից մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ յաւելաճն է տեղի ունենում։ «Գազպրոմ Արմէնիա» ընկերութիւնը շահութաբեր ընկերութիւն է եւ մեծ շահոյթներ է ստանում. սա փաստ է, որը պէտք է արձանագրենք»,- ըսած է վարչապետը։
Խօսելով կազի մատակարարման շղթայի եւ հնարաւոր գնային փոփոխութիւններու մասին՝ վարչապետը պարզաբանած է, որ եթէ նման անհրաժեշտութիւն կամ թանկացումներ ըլլան, կառավարութիւնը պիտի դիտարկէ նախապէս անվճար կամ արտօնեալ եղած դրոյթները՝ համամասնօրէն գին սահմանելու համար, ինչ որ հնարաւոր է քննարկել հանգիստ աշխատանքային մթնոլորտի մէջ։
«Եթէ կազը մինչեւ բակ կամ շքամուտք ձրի լինի, բայց սպառողն այն ստանայ թանկ գնով, նրա համար մխիթարութիւն չէ։ Եթէ լինեն թանկացումներ, մենք կը նայենք, թէ ինչն է մինչեւ հիմա եղել անվճար, որից յետոյ կարող է համամասնօրէն գին առաջանալ։ Սրան մենք բնական ենք վերաբերւում եւ կարող ենք հանգիստ աշխատանքային մթնոլորտում քննարկել»,- ըսած է վարչապետը։
Կազի գինի հնարաւոր վերանայման թեման սկսաւ աշխուժօրէն քննարկուիլ 2026թ. Ապրիլ 1-ին Մոսկուայի մէջ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինի հանդիպումէն յետոյ։
ՌԴ նախագահը, խօսելով Հայաստանի՝ Եւրոմիութեան հետ յարաբերութիւններու զարգացման մասին եւ անդրադառնալով ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի տնտեսական համակարգերի անհամատեղելիութեանը, յիշատակեց նաեւ կազի գինի տարբերութիւնը։
«… Դուք գիտէք, ուժանիւթակիրների գները, օրինակ՝ կազի գինը Եւրոպայում անցնում է 600 տոլարը 1000 խորանարդ մեթրի դիմաց, իսկ Ռուսաստանը կազ է վաճառում Հայաստանին 177,5 տոլարով 1000 խորանարդ մեթրի դիմաց։ Տարբերութիւնը մեծ է։ Տարբերութիւնը էական է։ Մենք այս հարցում էլ յաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում էք ուժանիւթակիրների գնի որոշման այլ եղանակների վրայ, բայց սրանք, այնուամենայնիւ, այլ իրավիճակ է՝ 600 եւ 177,5»,- ըսած էր Փութին։

