TRIPP նախագիծի շրջանակին մէջ Հայաստանը կը պահպանէ իր բոլոր մաքսային գործառոյթները, ի պատասխան «Ազատութեան» հարցումին՝ յայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Յակոբեան՝ նշելով, որ վտանգները պիտի վերլուծէ հայկական կողմը, ինչպէս նաեւ պիտի իրականացնէ զննումները:
«Այստեղ խօսքը գնում է այնպիսի պարզ գործողութիւնների մասին, որտեղ մարդը հնարաւոր է շփում ունենայ, օրինակ, ինչ-որ վճարում անի, փաստաթղթի ներկայացման կարիք լինի, պարզ գործողութիւնների մասին է, որոնք որեւէ կերպ չեն ազդում մաքսային վարչարարութեան վրայ: Հիմա ես որ նայում եմ՝ մենք ինչ բարեկարգմումներ ենք իրականացնում, այդ բոլորը խօսում են նրա մասին, որ մեր մօտ անհպում մաքսային սպասրակման, վարչարարութեան ենք գնում, ընդ որում, դա կապ չունի TRIPP-ի կամ դրա հետ փոխկապակցուած կէտերի մասին է, թէ բոլոր կէտերով: Մենք հիմա թուային նոր հարթակ ենք ստեղծում մաքսային ծառայողների համար, մենք առաւելագոյն անհպում աշխատող կէտեր ենք ունենալու»,- ըսաւ Յակոբեան:
Անոր խօսքով՝ եթէ յառաջանայ վտանգային իրավիճակ կամ բեռի զննման անհրաժեշտութիւն, որոշումը պիտի կայացնէ մաքսային ծառայողը, չի կրնար միջազգային գործվարարի գրասենեակը այդպիսի որոշում կայացնել։
«Ինչ վերաբերում է յստակ այն գործառոյթներին, թէ ինչ պէտք է անի, դա քննարկման փուլում է, կը հաստտուի համապատասխան պայմանագրով: Ես վստահեցնում եմ՝ մաքսային գործառոյթներն ամբողջութեամբ պետական ինքնիշխանութեան տիրոյթում են»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Անդրադառնալով հարցումին, թէ թուայնացման պայմաններուն մէջ ինչո՞ւ անհրաժեշտ է միջազգային գործավարի ներգրաւումը, Յակոբեան նշեց, որ սահմաններու բացման պարագային, այդ շարքին՝ երկաթուղային հաղորդակցութեան վերականգնման պարագային, անհրաժեշտութիւն պիտի յառաջանայ իրականացնել նաեւ որոշակի գործողութիւններ։
«Ցանկացած սահման ինչ-որ նուազագոյն գործառոյթներ ունի, որովհետեւ տարբեր արտահանողներ, ներմուծողներ, այդ շարքին ՝ ֆիզիքական անձինք, սահմանն անցնելիս միշտ չի, որ լինում է համապատասխան փաստաթուղթը, կարող է ինչ-որ մի բան մոռանում են փաթեթին կցեն, նուազագոյն գործառոյթներ միշտ կան՝ անկախ թուայնացումից»,- մանրամասնեց Յակոբեան:
Իսկ թէ ինո՞ւ Հայաստանի մաքսային աշխատողը այդ չ’ըներ, ՊԵԿ նախագահը ըսաւ. «Դա իրականում բաւական համարկուած աշխատանք է լինելու: Ինչ վերաբերում է ձեւաչափին, այդ բաւականին վաղուց հաստատուած ձեւաչափ է: Հաստատուել է, որ ճակատային գործառոյթի անհրաժեշտութիւնը կայ, քանի որ խօսում ենք մի հատուածի երկաթուղու ու սահմանների բացման մասին, որոնք երկար տարիներ փակուած են եղել, բնական է, որ ինչ-որ երրորդ գործառոյթի անհրաժեշտութիւն կայ, որը նաեւ վստահութեան հարց կը լուծի»:
Հայ-ամերիկեան TRIPP նախագիծի իրականացման համար կը նախատեսուի մասնաւոր գործավարի ներգրաւում։ Միաժամանակ Հայաստանի իշխանութիւնները բազմիցս յայտարարած են, որ երկրի ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ պետական մարմիններու իրաւասութիւնները պիտի պահպանուին։

