Երեւանի քաղաքապետ Տիգրան Աւինեան լրագրողներու հարցումին ի պատասխան բացառեց այսօր վարչապետին հետ վիճած կնոջ այդ պատճառով աշխատանքէն ազատելը:
«Բացառւում է, որ ոեւէ մարդ իր քաղաքական հայեացքների համար ազատուի աշխատանքից։ Մանաւանդ որ խօսքը գնում է կնոջ մասին, ով եղբօրն է կորցրել եւ իր զգացումը կարող է արտայայտել այսկերպ կամ այնկերպ»,- ըսաւ Աւինեան:
«Բայց դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց դա նաեւ չի նշանակում, որ մարդը աշխատանքից ազատուելու է կամ նման վտանգ կայ։ Ես երաշխաւորում եմ, որ նման բան հնարաւոր չի», – յայտնեց քաղաքապետը:
Երեւանի Արաբկիր վարչական շրջանին մէջ քարոզարշաւի ժամանակ Նիկոլ Փաշինեանին մօտեցած կինը ըսաւ. «Դուք գողացել էք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ էք ոչնչացրել, Դուք գողացել էք իմ եղբօրը, իմ ուրախութիւնը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել….»:
Մթնոլորտը լարուեցաւ, վարչապետը մասնաւորապէս յայտնեց. «եթէ Դուք Ռոպն էք, Ռոպին կզացնելու եմ, Ռոպը նստելու է, Ռոպին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոպը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»:
«Հրապարակ»-ը գրեց, որ այդ կինը Երեւանի թիւ 16 դարմանատան 20 տարուայ աշխատակից է, եւ իրենց տեղեկութիւններով՝ դարմանատանտնօրէնը զանգահարած եւ անոր ըսած է, որ աշխատանքէն ազատման դիմում գրէ, կինն ալ մերժած է։

