Հայաստանի Հանրապետութիւնը պաշտօնապէս միացաւ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան (IUCN)՝ դառնալով պեական մակարդակով անդամ։ Այս մասին տեղեկացուցած է շրջակայ միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսեանը:
«Այս ամէնը վկայում է մեր երկրի յանձնառութեան մասին՝ զարգացնելու կենսաբազմազանութեան պահպանութիւնը եւ բարձրացնելու մեր յաւակնութիւնները բնութեան նկատմամբ։
«IUCN-ին անդամակցութեան միջոցով մենք հնարաւորութիւն ենք ստանում օգտուելու համաշխարհային փորձից, նորարարական գործիքներից եւ միջազգային գործընկերութիւններից, որոնք կ’օգնեն մեզ արագացնել մեր պահպանութեան նպատակների իրագործումը։ Այս անդամակցութիւնը նաեւ աջակցում է մեզ 2026 թուականին Կենսաբազմազանութեան մասին պայմանադրութեան կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական (COP17) աշխատանքներին։ COP17-ը դառնալու է նշանակալի պահ Հայաստանի համար՝ ցուցադրելու մեր դերը կենսաբազմազանութեան եւ կայունութեան առաջխաղացման գործում։
«Վերջին տարիներին մենք էական առաջընթաց ենք գրանցել կենսաբազմազանությեան ոլորտում՝ ընդունելով Կենսաբազմազանութեան ազգային ռազմավարութիւնն ու գործողութիւնների ծրագիրը, ինչպէս նաեւ թարմացնելով Հայաստանի Կարմիր գիրքը։ Այնուամենայնիւ, դեռեւս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ՝ իրաւական դաշտի հզօրացում, ազգային կենսաբազմազանութեան վերահսկողական համակարգի զարգացում եւ երկարաժամկէտ բնապահպանական նպատակների համար կայուն ֆինանսաւորման ապահովում։
«Մեծ պատիւ է մեզ համար, որ IUCN-ը պաշտօնապէս ողջունում է Հայաստանի պետական մակարդակով անդամակցութիւնը։
«Այս որոշումը կայացւում է այն պահին, երբ մենք աշխուժօրէն ընդլայնում ենք մեր պահպանուող տարածքները, իրականացնում անտառների վերականգնման ծրագրեր եւ մեր օրէնսդրութիւնը համահունչ դարձնում միջազգային չափանիշներին։
«Մեր կանաչ անցման գործընթացում մենք պարտաւորուել ենք մինչեւ 2030 թուականը վերականգնել մեր անտառապատ տարածքները մինչեւ 12.9%, ամրապնդել վտանգուած տեսակների պաշտպանութիւնը եւ նուազեցնել ճնշումները քաղցրահամ ջրային բնապահպանական համակարգերի վրայ, մասնաւորապէս՝ Սեւանայ լճի։ Միջազգային գործընկերների եւ IUCN-ի աջակցութեամբ մենք նաեւ աշխուժօրէն շարժւում ենք դէպի կանաչ անցում, համահունչ ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին՝ ընդլայնելով Էմերալտ ցանցը եւ ներառելով բնութեան վրայ հիմնուած լուծումներ մեր ազգային զարգացման ռազմավարություններում։
«IUCN-ին անդամակցելով՝ մենք միանում ենք համաշխարհային հարթակի, որտեղ համագործակցութիւնը, փորձի փոխանակումն ու նորարարութիւնը դառնում են զարգացման հիմք։
«Այս անդամակցութիւնը մեզ նաեւ հնարաւորութիւն է տալիս ներգրաւուելու միջազգային ֆինանսաւորման մեխանիզմներում, ինչպիսիք են Համաշխարհային Բնապահպանական Հիմնադրամը (GEF) եւ Համաշխարհային Կենսաբազմազանութեան Շրջանակային Հիմնադրամը (GBFF)՝ մեր ազգային առաջնահերթութիւնները առաջ մղելու եւ համաշխարհային կլիմայական ու կենսաբազմազանությեան նպատակներին մեր ներդրումն ունենալու համար»,- գրած է նախարարը։

