Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Տրամաբանութիւն Չկայ Այն Պնդման Մէջ, Թէ Հայաստանը Հակառուսական Գործիք Է. Ռուբինեան

Տրամաբանութիւն Չկայ Այն Պնդման Մէջ, Թէ Հայաստանը Հակառուսական Գործիք Է. Ռուբինեան

by MassisPost

«Ընդհանրապէս տրամաբանութիւն չկայ այն պնդման մէջ, թէ Հայաստանը հակառուսական գործիք է, չկայ որեւէ փաստ դրա մասին վկայող եւ չի կարող լինել որեւէ արժանահաւատ վերլուծութիւն»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերով ըսած է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, Թուրքիոյ հետ բանակցութիւններուն ՀՀ ներկայացուցիչ Ռուբէն Ռուբինեանը:

Ան նկատած է, որ Հայաստանի Հանրապետութիւնը իրեն միշտ դուրս դրած է աշխարհաքաղաքական բախումներէ, այդ եղած է ե՛ւ 2018-էն առաջ, ե՛ւ յետոյ: Հայաստանի Հանրապետութիւնը իր բոլոր դաշնակցային պարտաւորութիւնները միշտ կատարած է:

Ռուբինեան նաեւ ըսած է՝ սխալ պնդում է, թէ Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելութիւնը գերադասած է ՀԱՊԿ առաքելութենէն:

«ԵՄ դիտորդների ժամանելու վերաբերեալ որոշումը կայացուել է 2022-ի Հոկտեմբերին՝ Փրակում քառակողմ հանդիպման ժամանակ, եւ այդ պահի դրութեամբ ՀԱՊԿ խաղաղապահների թեմա գոյութիւն չունէր: Դրանից առաջ կարճաժամկէտ առաքելութիւն եկել եւ գնացել էր: Այսինքն՝ մեր առջեւ երբեք դրուած չի եղել ընտրութիւն՝ ընտրել ԵՄ, կամ ՀԱՊԿ դիտորդների: ՀԱՊԿ դիտորդների թեման բացուել է դրանից յետոյ, եւ ՀԱՊԿ առաքելութիւնը նոյնպէս չի մերժուել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երբ տեղի է ունեցել Հայաստանի վրայ յարձակում, Հայաստանը արդարացիօրէն ակնկալել է 2 բան, որ պիտի հաստատուի, որ ՀՀ ինքնիշխան տարածքի վրայ յարձակում է տեղի ունեցել, երկրորդը՝ դա պիտի դատապարտուի, եւ լաւ կը լինէր, որ աջակցութիւն էլ լինէր. իմ նշած 3 կէտերից ոչ մէկը տեղի չի ունեցել», ընդգծած է ԱԺ փոխխօսնակը:

Անդրադառնալով այն պնդումներուն, թէ փրակեան հանդիպումը պէտք էր չեղարկել՝ Ռուբինեան արձագանգած է. «Փրակեան հանդիպման ընթացքում ի՞նչ է եղել, որ պէտք է չեղարկել: Այդ պնդումը անում է ընդդիմութիւնը, այդ պնդումը արել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ն, թէ իբր Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն արդիւնք է Փրակում տեղի ունեցած պայմանաւորուածութեան, եւ նոյնն էլ ասում է ընդդիմութիւնը: Փրակում այն բանից յետոյ, երբ Սեպտեմբերին տեղի էր ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի վրայ ատրպէյճանական յարձակումը, որը չէր դատապարտուել անգամ ՀԱՊԿ-ի կողմից, դրանից յետոյ Հայաստանի վարչապետը եւ Ատրպէյճանի նախագահը Փրակում արել են ընդամէնը մէկ բան, որը նոր բան չէ, վերահաստատել են, որ կողմերը 1991 թուականի Ալմա-աթայի հռչակագրի հիման վրայ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը»:

Ըստ Ռուբինեանի՝ 2022 թուականի Հոկտեմբերին վերահաստատուած է այն, ինչ տեղի ունեցած է 1991 թուականին, եւ անոր միացած եւ ստորագրած են ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ատրպէյճանը, ե՛ւ Հայաստանը. «Հետեւաբար Հոկտեմբերին վերահաստատուած բանը, որը տեղի էր ունեցել 30 տարի առաջ, չէր կարող լինէր պատրուակ Նոյեմբերի 9-ի յայտարարութեան ամրագրուած պարտականութիւնների չկատարման համար»:

Հարակից Նյութեր

Leave a Comment