Արցախի մէջ մարդասիրական ճգնաժամը կանխելու համար դատապարտող յայտարարութիւններէն զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառոյցները յստակ պատժամիջոցներ կիրառեն Ատրպէյճանի նկատմամբ: Այս մասին Ֆէյսպուքի իր էջով գրած է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերու նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանը:
«Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրաւէր քաղաքակիրթ աշխարհին: Որովհետեւ մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում: Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները: Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են», գրած է Բաբայեան: