Ռուբէն Ռուբինեանը այլեւս պիտի չըլլայ Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացին մէջ Հայաստանի յատուկ ներկայացուցիչ, եթէ Ազգային Ժողովի նախագահ ընտրուի. լրագրողներուն այս մասին յայտնած է Ռուբինեանը, Յուլիս 3-ին ԱԺ-ի մէջ ճեպազրոյցի ժամանակ։
«Քանի որ ես ԱԺ նախագահի թեկնածու եմ ընտրուել, ընտրուելու դէպքում ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցութիւններում Հայաստանի յատուկ ներկայացուցիչ լինել»,- ըսած է Ռուբինեան։
Ռուբէն Ռուբինեան Ազգային Ժողովի նախագահի թեկնածու ընտրուած է Յունիս 25-ին «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան վարչութեան նիստին փակ գաղտնի քուէարկութեան արդիւնքով:
Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացը մեկնարկած է 2022-ի սկիզբը, երբ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբէն Ռուբինեանն ու Թուրքիոյ ներկայացուցիչ Սերտար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցան Մոսկուայի մէջ։ 2022-ի Յուլիսին անոնք պայմանաւորուած էին սահմանը բանալ երրորդ երկիրներու քաղաքացիներու եւ դիւանագիտական անցագիր ունեցող անձերուն համար, սակայն այդ պայմանաւորուածութիւնը մինչ օրս կեանքի չէ կոչուած։
«Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական վկայական չունեմ, չկայ մի մարդ, որ ինձ այնտեղ դաս է տուել»:
Ճեպազրոյցի ժամանակ այս մասին ըսած է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբէն Ռուբինեանը:
«Լսել եմ բազմաթիւ տխմարութիւններ, որոնց անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, յետոյ 5 տարի առաջ: Ասում են, որ ես սովորել եմ Թուրքիայում եւ իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում:
«Նրանք ստում են, ես իմ ուսանողական տարիները սկզբից անցկացրել եմ Հայաստանում ԵՊՀ-ում սովորելու տարիներին, յետոյ Լոնտոնում, երբ մագիստրոսականն էի աւարտում, յետոյ Լեհաստանում: Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, թուրքական վկայական չունեմ, չկայ ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տուել Թուրքիայում»,- նշած է ան:
Ռուբինեան յաւելած է՝ ինք ընդամէնը 2016-2017թթ. մասնակցած է «Հրանդ Տինք հիմնադրամ»-ի կողմէ իրականացուող ծրագրին:

