Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտնած է, որ Ղարաբաղի հետ կապուած իր շատ ծանր եւ դժուար որոշումներով ինքը Հայաստանը դուրս բերած է չլինելիութեան թակարդէն։
Փաշինեան այդ մասին ըսած է ՀՀ կառավարութեան նիստէն յետոյ լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ։
«Ես համարում եմ, որ Ղարաբաղի հարցի հետ կապուած իմ շատ ծանր, դժուար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից։ Եւ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակէտը, հակառակ դէպքում ես այստեղ կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապուած որոշումներով Հայաստանը դուրս եմ բերել չլինելութեան թակարդից, եւ ես հպարտ եմ դրա համար։ էլի եմ ասում՝ մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին 1 միլիառ տոլար յաւելեալ ֆինանսաւորում ենք տուել, այստեղ թոշակները ցածր են եղել, այնտեղ բարձր եւ այլն եւ այդպէս շարունակ։ Եւ սա դեռ այն հատուածն է, որը երեւում է նաեւ փաստաթղթերով, բայց բաներ կան, որոնց մասին չենք խօսում։ Քարոզարշաւի (խմբ. նկատի ունի Յունիս 7-ին Հայաստանի մէջ կայացած խորհրդարանական ընտրութիւններու նախընտրական քարոզարշաւը) ժամանակ էլ եմ անդրադարձել այս թեմային, այո՛, շատ զգաացկան ձեւերով, բայց բովանդակային առումով՝ ճշգրիտ»,- ըսած է Փաշինեան։
Ան նաեւ յաւելած է, որ Հայաստանի ժողովուրդը երկու անգամ ընտրութիւններու միջոցով հնարաւորութիւն ունեցած է այդ թեմային վերաբերեալ իր դիրքորոշումը յայտնելու։
«Այդ թեման երկու անգամ ընտրութիւնների միջով անցել է։ Հայաստանի ժողովուրդը երկու անգամ այդ թեմայի վերաբերեալ իր դիրքորոշումն արտայայտել է։ Երկու անգամ ընտրութիւններով է արտայայտուել, 5 տարի էլ իր ամէնօրեայ կեանքով։ Որպէս յեղափոխութեամբ իշխանութեան եկած մարդ՝ ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը միշտ էլ կարող է անել յեղափոխութիւն։ Երբ ես ասել եմ, որ մենք դադարեցնում ենք Ղարաբաղի շարժումը, ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես այս որոշումը կայացրել եմ եւ իրականացնելու եմ՝ որպէս ձեր կողմից ընտրուած վարչապետ, եթէ դուք գտնւում էք, որ սա սխալ ճանապարհ է, կարող էք յեղափոխութիւն անել եւ ինձ հեռացնել իշխանութիւնից»,- ըսած է Նիկոլ Փաշինեան։

