Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փետրուարին Արտերկրէն Հայաստան Փոխանցումները Մրցանշային Աճ Արձանագրած Են

Փետրուարին Արտերկրէն Հայաստան Փոխանցումները Մրցանշային Աճ Արձանագրած Են

by MassisPost

ՀՀ դրամատուներու միջոցով ֆիզիքական անձերու կողմէ արտերկրէն Հայաստան փոխանցուած գումարներուն ծաւալը կը շարունակէ աճիլ: Այս տարուան Փետրուարին փոխանցումները մրցանշային աճ արձանագրած են` կազմելով 713 միլիոն 946 հազար տոլար: Սա նախորդ տարուան ամսական ցուցանիշերուն համեմատ ամենամեծն է: Այդ շարքին` 600 միլիոն 941 հազար տոլարը փոխանցուած է Ռուսիայէն: Նախորդ տարի ամենամեծ փոխանցումը եղած էր Հոկտեմբեր ամսուն` 618 միլիոն 051 հազար տոլար:

Այս տարուան Յունուարին դրամատուներու միջոցով արտերկրէն Հայաստան փոխանցուած է 386 միլիոն 085 հազար տոլար, որմէ 281 միլիոն 209 հազար տոլարը Ռուսիայէն: 2022 թուականի Մարտէն, ռուսերու հոսքին զուգահեռ, շարունակաբար աճած են ՀՀ դրամատուներու միջոցով ֆիզիքական անձերու կողմէ արտերկրէն Հայաստան դրամական փոխանցումները: Ընդհանուր առմամբ, 2022 թուականին Հայաստան փոխանցուած է 5 միլիառ 190 միլիոն տոլար, որմէ 3 միլիառ 598 միլիոն տոլարը` Ռուսիայէն:

Տնտեսագէտ Արմէն Քթոյեանը Lragir.am-ի հետ զրուցին անդրադարձաւ հարցին, որ Ռուսիայէն Հայաստան փոխանցումները կը շարունակեն աճիլ: «Նախկինում մենք գործ ունէինք կարճաժամկէտ հոլովոյթների հետ, այսինքն` մարդիկ Ռուսաստանից գալիս էին Հայաստան ու դա համարում էին կարճաժամկէտ, իրենց ծախսերի մասին որոշումներն էլ վերաբերում էին կարճաժամկէտ հատուածին: Քանի որ այս իրավիճակն աւելի երկար տեւեց, քան իրենք սպասում էին, բնականաբար արդէն երկարաժամկէտ ծախսերի վերաբերեալ որոշումներ էլ են կայացւում, օրինակ, Հայաստանում անշարժ գոյք գնելը կամ այլ տիպի երկարաժամկէտ գոյք ձեռք բերելը: Ռուսաստանում երկարաժամկէտ ներդրումները, օրինակ, աւանդները նախորդ տարուայ ընթացքում զգալի կրճատուել են, ռուպլին արժեզրկւում է: Հետեւաբար, ովքեր այնտեղ երկարաժամկէտ աւանդ ունեն, կորուստներից խուսափելու համար գումարը հանում ու բերում են Հայաստան, փորձում այստեղ ինչ-որ գոյք ձեռք բերել կամ ներդրում անել` խուսափելով հնարաւոր կորուստներից», ըսաւ տնտեսագէտը:

Արմէն Քթոյեանի խօսքով` դժուար է կանխատեսել, որ այս միտումը 2023 թուականի ընթացքին կը պահպանուի, թէ ոչ: «Ամէն ինչ կախուած է նրանից, թէ պատերազմը երբ կ’աւարտուի, եւ դրա վերաբերեալ ինչ են մտածում Հայաստանում գտնուող ռուսաստանցիները: Եթէ իրենք ենթադրում են, որ պատերազմը մինչեւ 2023 թուականի աւարտը կը շարունակուի, ապա երկարաժամկէտ գոյքերի ձեռքբերման միտումները կը շարունակուեն: Եթէ ռուսաստանցիներն սկսել են այստեղ նաեւ ներդրումներ անել, դրամագլուխ ձեռք բերել, դա նշանակում է, որ իրենք յոյս չունեն, որ այս ամէնն արագ կ’աւարտուի եւ փորձում են իրենց ապահովագրել: Հետեւաբար, ես կարծում եմ, այս միտումը գնալով կը խորանայ կամ գոնէ այս մակարդակի վրայ կը պահպանուի», յաւելեց ան:

Անդրադառնալով հարցին, թէ որքանո՞վ երկարաժամկէտ հատուածի համար Հայաստանի տնտեսութեան զարգացման կը ծառայէ այս ներհոսքը` տնտեսագէտը ըսաւ, որ եթէ Հայաստանի մէջ այս պայմաններուն մէջ հնարաւոր եղաւ երկնիշ տնտեսական աճ ապահովել, այդ արդէն դրական է: «Մենք ունեցանք ոլորտներ, որոնք 30-50 տոկոս աճ են արձանագրում այս գործօնի շնորհիւ, դա արդէն իսկ դրական է: Իսկ թէ հետագայում մենք այդ ամէնն ինչպէս կ’օգտագործենք, դա բոլորովին այլ հոլովոյթ է: Մենք չպէտք է սպասենք, որ եթէ հիմա փող է գալիս Հայաստան, դա պէտք է նպաստի մեր զարգացմանը 5-10 տարուայ կտրուածքով: Բոլոր ոլորտները, որոնք կապուած են սպասարկման հետ, յաւելեալ եկամուտ ձեւաւորելու հնարաւորութիւն ունեն: Թէ այդ փոքր եկամուտները հետագայում ինչ կը դառնան, կախուած է մեր ներդրումային միջավայրից: Այսինքն` մենք չպէտք է առաւելագոյն ակնկալիքներ ունենանք: Ընդամէնը փող է եկել Հայաստան, տասնեակ հազարաւոր մարդիկ այստեղ փող են ծախսում եւ ուրիշ տասնեակ հազարաւոր մարդիկ դրանից օգտւում են, պետութիւնն էլ է դրանից օգտւում: Եթէ ընդհանուր տնտեսական աշխուժութիւնը յաջողւում է պահպանել բարձր մակարդակի վրայ, դա արդէն իսկ բոլորիս համար լաւ է: Մեր խնդիրը պէտք է լինի սա դարձնել աւելի շարունակական ու տեւական: Եւ այն վտանգները, որոնք այս չակերտաւոր հեշտ փողն է ստեղծում, մենք պէտք է կարողանանք ապագայում այդ վտանգները նուազեցնելու մեխանիզմ մշակել», ըսաւ տնտեսագէտը:

Հարակից Նյութեր

Leave a Comment