Home ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳՄՍ Նախարարը Անդրադարձաւ Դասագրքերու Շուրջ Ծաւալող Խօսակցութիւններուն

ԿԳՄՍ Նախարարը Անդրադարձաւ Դասագրքերու Շուրջ Ծաւալող Խօսակցութիւններուն

by MassisPost

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սփորթի նախարար՝ Արայիկ Յարութիւնեան կեղծիք համարեց «Հայ գրականութիւն» առարկայի շուրջ ծաւալող բոլոր խօսակցութիւնները:

«Արմէնփրես»-ի հաղորդումով՝ նման կարծիք ան յայտնած է Հանրային «Հարցազրոյց Պետրոս Ղազարեանի հետ» հաղորդաշարի ընթացքին:

«Մեզ մեծ մեղք են վերագրումգ ասում են, թէ «Հայ գրականութիւնից» հանում էք «հայ» բառը. չեմ կարողանում հասկանալ, թէ այսչափ մեծ կեղծիքը որտեղից է գալիս: Ընդ որում, այս սուտն ու կեղծիքը հնչում է կարեւոր բուհական ու հետազօտական կեդրոններից, երբ դու նոյնիսկ հերքում ես, թէ այդպիսի բան չկայ, նրանք շարունակում են դա անել: Դաւիթ Գասպարեանը, ով ամենաշատն է քննադատում, ժամանակին 7-րդ դասարանի գրականութեան դասագիրք է հրապարակել, որի վերնագրում հայ բառը չկայ, նոյնը՝ 8-րդ եւ 9-րդ դասարանների դասագրքերում»,- ըսաւ ԿԳՄՍ նախարարը:

Հարցին, արդեօք մեր մեծերը՝ Նարեկացին, Քուչակը, պիտի ըլլան դասագրքերուն մէջ, թէ ոչ, Արայիկ Յարութիւնեան պատասխանեց, որ բոլորն ալ պիտի ըլլան:

«Մենք հերքել ենք այդ տեղեկութիւնները, թէ նրանք դուրս են գալիս դասագրքերից, բայց կեղծիքները մամուլում շարունակուում են: Ես մեր հասարակութեան եւ հանրութեանն ուզում եմ կոչ անել՝ չտրուել սադրանքներին, քանի որ այդպիսի բան չկայ: Խօսում են, թէ հայրենասիրութիւն բառը չկայ չափորոշիչներում: Մենք թոյլ չենք տալու, որ կեղծ հայրենասիրութեամբ այդպիսի բաներ ասեն, պէտք է այս եզրոյթը քիչ կիրառել, որ չարժեզրկուի, լաւ հայրենասիրութիւնը՝ լաւ քաղաքացի դաստիարակելն է, իր իրաւունքներն ու պարտականութիւններն իմացող քաղաքացի դաստիարակելն է: Եւ այդ հայերնասիրութիւնը աւելի մեծ տեղ կ’ունենայ մեր հասարակութեան մէջ, քան այն կեղծ հայրենասիրութիւնը, որ դաւանել է մարդկանց այդ խումբը»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով դասագրքերով ժամանակակից գրողներուն ներկայացնելու թեմային՝ Արայիկ Յարութիւնեան ընդգծեց, որ սարսափելի է այն ոճը, որմով կը քննարկուի այդ հարցը:

«30-ական թուականներին մարդիկ են եղել, ովքեր իրենց ժամանակակից գրողներին են քննադատել, ինչի արդիւնքում էլ, օրինակ, Չարենցն ու Բակունցը գնդակահարուել են»,- ըսաւ նախարարը:
Եզրափակելով իր խօսքը՝ Յարութիւնեան շեշտեց, որ հայկականութեան դէմ ոչ մէկ դաւադրութիւն կայ, այլ լրիւ հակառակն է:

«Մենք չափորոշիչներով ներմուծում ենք նոր առարկաներ, օրինակ՝ «Ես եւ իմ հայրենիքը» առարկան, որտեղ հասարակագիտական գիտելիքը ամբողջութեամբ անցնում է մեր դիւցազներգութիւնների, մեր հերոսների, մեզ համար շատ թանկ հերոսների կեանքով, նիւթերով: Մենք այս ամէնը ցոյց ենք տալիս մեր հասարակութեան անցած ճանապարհով, նրա լաւ եւ վատ օրինակներով, ապագայի համար էլ նախագծում ենք եւ ներկայացնելու ենք, թէ որ որակներն են մեզ անհրաժեշտ լինելու՝ համակեցութեան կանոններով ապրող հասարակութիւն ունենալու համար»,- ընդգծեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment