Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սորոսը Սերժի եւ Քոչարեանի Ժամանակ

Սորոսը Սերժի եւ Քոչարեանի Ժամանակ

by MassisPost

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի գործող իշխանութիւններին, որոնք ընտրուել են ազատ եւ արդար ընտրութիւնների արդիւնքում եւ ստացել ժողովրդի 70 տոկոս քուէն 2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրութիւններում, նախկին իշխանութիւններին պաշտպանող փոքր խմբերը մեղադրում են նաեւ սորոսական լինելու մէջ:

Վարչապետ Փաշինեանին ու նրա թիմին մեղադրում էին Արցախում հողերը ծախելու, Ստամպուլեան կոնվենցիայով (ստորագրել են ՀՀԿ-ականները. Դաւիթ Յարութիւնեանը հարցը ներկայացրել է վարչապետ Կարէն Կարապետեանի կառավարութեան քննարկմանը, եւ այն ընդունուել է առանց քննարկման) հայ աւանդական ընտանիքը քայքայելու, բանակն ու հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու եւ բազում այլ մեղքերի մէջ:

Սորոսականութեան թեման «երկիր Մեդիայ»-ի յայտնի հարցազրոյցում շրջանառութեան մէջ դրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը անմիջապէս այն ժամանակ, երբ նրան մեղադրանք առաջադրուեց Մարտի 1-ի գործով: Հեգնական է, որ Սորոսի Երեւանի գրասենեակից, այսինքն՝ Բաց հասարակութեան հիմնադրամներից, ժամանակին աւելի քան 150 հազար դոլար դրամաշնորհ ստացել է «երկիր Մեդիայ»-ն:

Ընդհանրապէս, 1997-ից ի վեր, երբ Հայաստանում հաստատուեց Սորոսի գրասենեակը՝ Բաց հասարակութեան հիմնադրամները, հայկական տասնեակ լրատուամիջոցներ ու հասարակական կազմակերպութիւններ ստացել են աւելի քան 53 միլիոն դոլարի դրամաշնորհ: Այդ լրատուամիջոցներն ու ՀԿ-ները հրաշալի աշխատանք են կատարել: Առաջին դրամաշնորհները Բաց հասարակութեան հիմնադրամները տուել է 1998-ից, երբ պալատական յեղաշրջման եւ ապա կազմակերպուած ընտրութիւնների արդիւնքում Հայաստանի նախագահի պաշտօնը զբաղեցրեց Ռոբերտ Քոչարեանը:

Քոչարեանի, ապա եւ նոյնքան վիճելի ընտրութիւնների ճանապարհով իշխանութեան եկած Սերժ Սարգսեանի նախագահութեան 20 տարիներին է, որ հայկական լրատուամիջոցներին ու տարբեր կազմակերպութիւնների տրուել է նշուած 53 միլիոն դոլարի մեծագոյն մասը:

Սորոսական լինելու թեման, սակայն, Քոչարեանի ու Սարգսեանի նախագահութեան տարիներին ակտուալ չէր: Այն շրջանառութեան մէջ դրեցին հէնց Քոչարեանն ու նրան աջակցող փոքր խմբերը: Քոչարեանը խոստովանեց, որ ինքը անգամ ցանկութիւն է ունեցել կասեցնել Սորոսի հիմնադրամի գործունէութիւնը Հայաստանում:

Ի դէպ, Սորոսի գրասենեակները փակուել են Հայաստանի հարեւան մի շարք ոչ ժողովրդավարական երկրներում: Վիկիլիքսի բազմաթիւ փաստաթղթերում խօսւում է այն մասին, որ Քոչարեանը եւ Մարտի 1-ի գործով անցնող Արմէն Գեւորգեանը Հայաստանում ԱՄՆ դեսպանութեան աշխատակիցների հետ փակ զրոյցներում խօսել են ամերիկեան ոչ կառավարական այլ կազմակերպութիւնների գործունէութիւնը Հայաստանում արգելելու անհրաժեշտութեան մասին, քանի որ նրանք միջամտում են երկրի ներքին գործերին, յատկապէս ընտրական գործընթացներում: Դրանցից մէկը ամերիկեան NDI-ն էր:

Ընդհանրապէս, Քոչարեանի ժամանակ պետութեան թշնամի էին որակւում ոչ միայն օտարերկրեայ, այլ նաեւ տեղական կազմակերպութիւնները: Քոչարեանի ուղղակի միջամտութեամբ փակուեց «Ա1 պլյուս» հեռուստաընկերութիւնը՝ ժամանակի ընդդիմադիր եւ իշխանութիւնների կողմից չվերահսկուող ալիքը:

Մարտի 1-ի գործով անցնող Քոչարեանը Հայաստանի գործող իշխանութիւնների որոշ ներկայացուցիչների համարում է «սորոսի սաներ»: Ճիշտ է, ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ կառավարական շրջանակներում այսօր կան անհատներ, որոնց կազմակերպութիւնները դրամաշնորհներ են ստացել Սորոսի գրասենեակից: Սակայն արդեօք միայն նրան՞ք են ստացել: Եւ ամենակարեւորը՝ այդ ո՞վ է որոշում, թէ որ կառոյցն է յանուն հայրենիքի աշխատում եւ որ կառոյցը՝ ընդդէմ: Եւ դա պէտք է Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը կամ նրանց աջակցող փոքր խմբեր՞ը որոշեն:

Պարոնայ՛ք, դու Ձեր լացը լացէք: Դուք եւ Ձեր ընտանիքի անդամները ներգրաւուած են կոռուպցիոն բազմապիսի գործարքների մէջ:

Սորոսի գրասենեակից դրամաշնորհներ ստացել են Մարտի 1-ի գործով անցնող Քոչարեանի պաշտպաններից Հայկ Ալումեանը, Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյեանը, նախկին գլխաւոր դատախազ Գէորգ Կոստանեանը, ՀՀԿ-ական պատգամաւոր Կարէն Բեքլարեանը, Սորոսի դէմ անհաշտ պայքար մղող Հայկ Բաբուխանեանը եւ բազմաթիւ այլ քաղաքական, հասարակական գործիչներ:

Կրկնենք, որ մենք անուններ տալիս ենք ոչ թէ մարդկանց ամօթանք տալու, թէ ինչու են Սորոսի գրասենեակից դրամաշնորհ ստացել, այլ ցոյց տալու իրականութիւնը: Իսկ իրականութիւնն այն է, որ Սորոսի դրամաշնորհները տրւում են շատ թափանցիկ կերպով, կոռուպցիայի ռիսկը նուազագոյն է, իսկ ստացուած դրամաշնորհներով օգտակար ծրագրեր են իրականացուել Հայաստանում: Օրինակ, «Հետք» օնլայն հարթակը, որը հետեւողականօրէն բացայայտում է բարձրագոյն իշխանութիւնների կոռուպցիոն գործունէութիւնը, դրամաշնորհներ ստացել է Սորոսի գրասենեակից: Կամ Փաստերի ստուգման օնլայն հարթակը, որը նոյնպէս դրամաշնորհներ է ստանում Սորոսի գրասենեակից, այսօր լաւ հետաքննութիւններ է իրականացնում:

Ընդհանրապէս, կոռումպացուած, ընտրութիւններ կեղծող, բռնի ուժով իշխանութիւն պահող կառավարութիւնների (ինչպիսին եղել են Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի կառավարութիւնները) թիւ մէկ թշնամին բաց հասարակութիւնն է: Բաց հասարակութեան պայմաններում են ջրի երես գալիս այդ կառավարութիւնների մութ գործերը: Ահա այդ պատճառով է նաեւ, որ Ռոբերտ Քոչարեանին ու Սերժ Սարգսեանին աջակցող փոքր խմբերը կռիւ են տալիս կեանքի մայրամուտին մօտեցած Սորոսի դէմ:

Եւս մէկ ուշագրաւ հանգամանք. Հայաստանին տասնեակ եւ հարիւր միլիոնաւոր դոլարների դրամաշնորհներ տրամադրել են ամերիկեան, եւրոպական, ասիական տարբեր կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպութիւններ, ընդ որում, ինչպէս Սորոսի հիմնադրամի դէպքում, տրուել են այն տարիներին, երբ իշխանութեան էին Քոչարեանն ու Սերժը:

Ինչո՞ւ են նախկին իշխանութիւնները շրջանառում Սորոսի եւ դրամաշնորհների թեման: Երկու հիմնական պատճառ կայ մեր կարծիքով:

Առաջին, Սորոսի եւ դրամաշնորհների թեման շրջանառում են, որպէսզի վարկաբեկեն մաքուր, զտարիւն, Հայաստանում եւ հայկական միջավայրում ձեւաւորուած Թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութիւնը: Հայ ժողովուրդն է մերժել Սերժին եւ քոչարյանասերժական անցեալը, եւ այդ գործում որեւէ դերակատարութիւն չեն ունեցել ո՛չ Սորոսը եւ ո՛չ էլ դրսի որեւէ ուժ: Եթէ, իրաւամբ, Քոչարեանը, Սերժը եւ նրանց աջակցող փոքր խմբերը համոզուած են, որ դրսի ուժերն են տապալել իրենց, ապա շարունակում են չհասկանալ, թէ ինչ է կատարուել Հայաստանում 2018-ի Ապրիլին:

Երկրորդ, Սորոսի թեման շրջանառելով՝ նախկինները փորձում են գրաւել ռուսների ուշադրութիւնը: Ռուսաստանում Սորոսը եւ նրա հիմնադրամը անցանկալի են, իսկ մեր հայրենակիցներին թւում է, թէ հակասորոսկան աղմուկով Պուտինը պէտք է գայ եւ օգնի իրենց:

Ո՛չ Քոչարեանը, ո՛չ Սերժը Պուտինի ընկերը չեն եւ ոչ էլ՝ բարեկամը: Ռուսաստանը ունի շահ, եւ որքան էլ Քոչարեանն ու շրջապատը փորձի իրենով կապել հայ-ռուսական յարաբերութիւնները, դա չի ստացուելու: Դա չի ստացուելու առնուազն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հասարակութիւնը աջակցում է Փաշինեանին եւ նրա իշխանութեանը: Այն պահին, երբ այդ աջակցութիւնը նուազի կամ լինի շատ փոքր, գուցէ Պուտինը օգտագործի Քոչարեանին կամ այլ ուժի: Բայց ոչ հիմա:

Հիմա հանգիստ նստէք տեղերում:

«Սիվիլնեթ»

Հարակից Նյութեր

Leave a Comment