Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Զեկուցում Են Հայ Խմբագիրները Հայ Մամուլի Շուրջ

Զեկուցում Են Հայ Խմբագիրները Հայ Մամուլի Շուրջ

by MassisPost

ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Կիրակի, Օգոստոս 11, կէսօրից յետոյ ժամը 1ին, Քալիֆորնիայի առաջատար հայ թերթերի խմբագիրները պիտի զեկուցեն հայ մամուլի դերակատարութեան մասին Ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահի մէջ (6250 Honolulu Avenue, La Crescenta, CA 91214):

Ձեռնարկը կազմակերպուել է Քրեսենթա Հովիտի Հայց. Առաքելական եկեղեցիի դաստիարակչական յանձնախմբի կողմից եւ պիտի շօշափէ Քալիֆորնիայում գործող հայ մամուլի դիմակայած ընթացիկ խնդիրներն ու մարտահրաւէրները:

Արա Խաչատրեան՝ «Ասպարէզ» օրաթերթից, Յարութ Սասունեան՝ «California Courier» շաբաթաթերթից, Գաբրիէլ Մոլոյեան՝ «Մասիս» շաբաթաթերթից եւ Հրաչ Սեփեթճեան՝ «Նոր Օր» շաբաթաթերթից պիտի մասնակցեն զրոյցին: Փաստաբան եւ թատերագիր Արամ Գույումճեան պիտի հանդիսավարէ ձեռնարկը:

Հայ թերթերի խմբագիրները հակիրճ կերպով պիտի ներկայացնեն իրենց խմբագրած թերթերի պատմութիւնը, թերթերի ընթերցողների տարածման, նիւթական վիճակի եւ ապագայ հեռանկարները: Պիտի լինի հարց ու պատասխան:

Ի գիտութիւն ասեմ, որ վերոյիշեալ ձեռնարկը շարունակութիւնն է համաշխարհային գետնի վրայ յիշատակելու 2019ը որպէս «Հայ մամուլի տարի»՝ համաձայն Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի այդ անուամբ ներկայացուցած ուղերձին:

Յուլիս ամսի սկզբին, թերթերի աւելի քան 100 խմբագիրներ եւ ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից, մասնակից դարձան Արամ վեհափառի հռչակած եւ հրաւիրած համահայկական խորհրդաժողովին, որտեղ Կիլիկիոյ կաթողիկոսը յստակացրեց, թէ հայ մամուլը լոկ տեղեկատուական միջոց չէ այլ նա օժտուած է համահայկական առաքելութեամբ ու կոչումով:

Ara (1)Արա Խաչատրեանը վերջին 27 տարիները ծառայել է որպէս «Ասպարէզ» թերթի անգլերէն բաժնի խմբագիր: Իր պաշտօնավարման ընթացքում, անգլերէնի շաբաթական բաժինը վերափոխուել է եւ թերթը այսօր օժտուած է օրական համացանցային հրատարակումներով, էապէս ստեղծելով մեծ ցանց հայկական լրատուասփռման իրականութեան մէջ: Նա նաեւ 1997 թուականին մեծ դեր է ունեցել «Ասպարէզ» թերթի կայքէջի ստեղծման գործում, դառնալով առաջին հայկական թերթը այդ կարեւոր արհեստագիտութիւնից (technology) օգտուող: Ներկայիս, «Ասպարէզ»ը ամենալայն ընթերցուող հայկական թերթերից մէկն է: Խաչատրեանը, նախքան «Ասպարէզ»ին միանալը, ծառայել է որպէս Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի զանգուածային լրատուամիջոցների հետ կապերի տնօրէն: Արա Խաչատրեանը վերջին 30 տարիներին ներգրաւուած է եղել համայնքային գործունէութեան աշխատանքների մէջ: Վերջերս նա մեծ յաջողութեամբ ղեկավարել է իրարայաջորդ երեք Հայ Դատի համաժողովների կազմակերպումը եւ մասնակցել է զանազան յանձնաժողովների, մասնաւորապէս Ապրիլ 2015 թուականի Արդարադատութեան քայլարշաւին, որտեղ ներքաշուեց աւելի քան 160,000 մարդ Լոս Անճելըսի փողոցներում, պահանջելով արդարութիւն Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առթիւ:

Խաչատրեանը ծնուել է Իրանում եւ 1979 թուականին իր ընտանիքի հետ տեղափոխուել Միացեալ Նահանգներ: Ամերիկայի արեւելեան ափին նա միացել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ եղել է Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան վարիչ մարմնի անդամ, մէկ շրջան՝ որպէս ատենապետ:

HarutՅարութ Սասունեանը հրատարակիչ-խմբագիրն է «California Courier» շաբաթաթերթի: Նա նաեւ հեռուստացուցային մեկնաբան է, մարդկային իրաւունքների պաշտպանութեան գործիչ (activist) եւ նախագահը Հայաստան-Արցախի հիմնադրամին: Իր մարդասիրական ջանքերի շնորհիւ, նա արժանացել է գնահատագրերին Հայաստանի նախագահին եւ վարչապետին, ինչպէս նաեւ Հայ առաքելական եւ կաթողիկէ եկեղեցիների կողմից: Նաեւ «Ellis Island» շքանշանը ստացել է: Սասունեանի շաբաթական մեկնաբանութիւնները «California Courier» շաբաթաթերթում թարգմանուել են ռուսերէնի, ֆրանսերէնի, արաբերէնի եւ հայերէնի եւ արտատպւում են տասնեակ հրապարակումների, տարբեր երկրներում եւ տեղադրւում են անհամար կայքերում, այդ թւում՝ «Huffington Post»ում: Որպէս քաղաքական մեկնաբան՝ նա շարունակաբար յայտնւում է Միացեալ Նահանգների «US Armenia» հեռուստատեսութեամբ ամէն շաբաթ, որի ընթացքում նա վերլուծում է վերջին զարգացումները ամբողջ աշխարհում: Յարութ Սասունեանը ծառայել է նաեւ որպէս իրաւունքների պատուիրակ ՄԱԿում, Ժընեւում (Շվեցարիա), 1978ից մինչեւ 1988 թուականը: Նա առանցքային դեր է ունեցել ՄԱԿի Խտրականութեան կանխարգելման եւ փոքրամասնութիւնների պաշտպանութեան ենթայանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու գործում, 1982 թուականին:

Սասունեանը իր բարձրագոյն կրթութիւնը ստացել է Նիւ Եորքի «Քոլոմպիա» համալսարանից, մասնագիտանալով Միջազգային եւ հանրային յարաբերութիւններ ճիւղում, արժանանալով Մագիստրոսի (Masters) վկայականին: Ապա յաճախել է Լոս Անճելըսի «Pepperdine» համալսարանը եւ Գործարարական կառավարման ճիւղը ամբողջացնելով, արժանացել է MBA վկայականին: Յարութ Սասունեանը հեղինակել է մի շարք գրքեր, որոնց վերջինը՝ «Հայոց Ցեղասպանութիւն. Խօսում Է Աշխարհը» պատմական նշանակութիւն ունեցող գիրքն է, հրատարակուած 2015ին, որը նաեւ թարգմանուել է արաբերէնի: Սոյն վաւերագրական աշխատութիւնը կ՛ընդգրկէ 1915ից մինչեւ 2015 թուականի՝ Հայոց Ցեղասպանութեան առնչուող փաստաթղթերը եւ դաշնագրերը:

GabrielԳաբրիէլ Մոլոյեանը Անթիլիասի մայրավանքը յաճախելուց յետոյ, ուսանել է հայագիտութիւն Լիբանանի «Սեն Ժոզէֆ» համալսարանում: Նա յետագայում նշանակուել է որպէս փոխտնօրէն Բէյրութի Սահակ-Մեսրոպեան վարժարանում եւ ծառայել այդ պաշտօնում 25 տարի շարունակ: 1954 թուականին Բէյրութում հիմնադրւում է «Նոր Սերունդ» մշակութային միութիւնը, ընդգրկելով Գաբրիէլ Մոլոյեանը որպէս հիմնադիր անդամ այս կրթական եւ մշակութային հաստատութեան: Ներգաղթելով Միացեալ Նահանգներ, Գաբրիէլ Մոլոյեանը շարունակում է իր նուիրեալ գործունէութիւնը հայ կրթութեան բնագաւառում, դառնալով Փասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Յովսէփեան դպրոցի հիմնադիրը եւ խորհրդի անդամը: Իր ողջ կեանքի ծաւալուն, ազգանուէր ժամանակաշրջանում Մոլոյեանը աշխատել է որպէս լրագրող եւ խմբագիր «Արարատ» օրաթերթի, «Արարատ» գրական ամսագրի եւ «Մասիս» շաբաթաթերթի: Որպէս անդամ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան, նա ծառայել է որպէս ատենապետ այս կառոյցին Արեւմտեան Ամերիկայի մարմնի։ 2005 թուականին, Մոլոյեանը արժանացել է «Ս. Ներսէս Շնորհալի» պատուանշանին՝ հայրապետական կոնդակով Գարեգին Բ. կոթողիկոսի կողմից, տասնամեակներ շարունակ իր համայնքին կատարած ծառայութիւնների համար:

HratchՀրաչ Սեփեթճեանը Մարտ 2016 թուականից սկսեալ եղել է խմբագիր «Նոր Օր» հայերէն եւ անգլերէն շաբաթաթերթի, որը ծառայում է որպէս պաշտօնական հրապարակումը Ամերիկայի Ռամկավար Ազատական կուսակութեան: 1994-2000 թուականների ընթացքին նա Բէյրութում եղել է օժանդակ խմբագիր «Զարթօնք» օրաթերթի: Հրաչ Սեփեթճեան 2010 թուականից սկսեալ եղել է հայկական հետազօտութիւնների եւ ծրագրի տնօրէն եւ 2002 թուականից դասաւանդում է հայերէն եւ հայոց պատմութիւն ՀԲԸ Միութեան Մանուկեան-Տեմիրճեան վարժարանում: Նա շրջանաւարտ է ՀԲԸՄ Մելգոնեան կրթական հաստատութիւնից եւ ստացել է իր հայ բանասիրութեան եւ մանկավարժութեան Մագիստրոսի վկայականը Երեւանի Պետական համալսարանից:

Օգոստոս 11ին, «Հայ մամլոյ տարի»ի առիթով, հայ խմբագիրների զեկուցման հանդիսավարը՝ փաստաբան, թատերագիր եւ բեմադրիչ Արամ Գույումճեանն է: Նա այժմ պաշտօնավարում է որպէս Լոս Անճելըս քաղաքի անձնակազմի բաժանմունքի (Personal Department) փոխընդհանուր վարիչը: Իր իրաւաբանական վկայականին առընթեր, Գույումճեանը նաեւ տիրացել է գրականութեան ճիւղի Մագիստրոսի վկայականին եւ իր աւարտաճառով ուսումնասիրել է Ուիլեըմ Սարոյեանի չհրատարակուած թատրերգութիւնները:

Գրասէր, մշակութասէր եւ ընդհանրապէս մամուլասէր հասարակութիւնը հրաւիրւում է ներկայ գտնուելու վերոյիշեալ հայ թերթերի խմբագիրների զեկուցմանը, մօտէն ծանօթանալու նրանց եւ ուղղելու հայ մամուլը հետաքրքրող որեւէ հարցում: Մուտքը ազատ է:

Հարակից Նյութեր

Leave a Comment