Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութեան Յայտարարութիւնը՝ Կապուած Հայ-Թուրքական Արձանագրութիւնների Չեղարկման Որոշման Հետ

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութեան Յայտարարութիւնը՝ Կապուած Հայ-Թուրքական Արձանագրութիւնների Չեղարկման Որոշման Հետ

by MassisPost

Յայտարարութիւնն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական Վարչութիւնն իր գոհունակութիւնն է յայտնում հայ-թուրքական յարաբերութիւնների «կարգաւորման» մասին արձանագրութիւնը  չեղարկելու՝ Հայաստանի  Հանրապետութեան իշխանութիւնների որոշման կապակցութեամբ:

Հնչակեան կուսակցութիւնն առաջին իսկ օրից վճռական դէմ է արտայայտել նման արձանագրութիւնների վաւերացմանը՝ հաշուի առնելով Թուրքիայի պետական-քաղաքական շրջանակների վերաբերմունքը  Հայոց ցեղասպանութեան և Արցախի խնդրի կարգաւորման հարցերում:

Մենք համոզուած ենք, որ Հայաստանի Հանրապետութեան կենսական շահերից է բխում բաց սահմաններն ու կանխատեսելի հարևանները, սակայն պաշտօնական Անկարայի ժխտողական պահուածքն ու տարիների հակահայ գործունէութիւնը ևս մէկ անգամ ապացուցում է այն առանց այդ էլ ակնառու փաստը, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման բանալին այդ երկրի քաղաքական վերնախաւի՝ Հայաստանի և հայութեան նկատմամբ իրենց ունեցած ատելութեան աստիճանի հասնող վերաբերմունքի արմատական փոփոխութիւնն է:

Այս փաստաթղթի՝ Թուրքիայի կողմից անտեսելու և այն հետագայում Արցախի խնդրում Հայաստանի վրայ իբրև ճնշում գործադրելու փորձերը  դրա վառ ապացոյցն են:   Վստահ ենք, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ցանկացած փաստաթուղթ պէտք է դրուի աւելի լայն քննարկման՝ հաշուի առնելով թէ՛ Հայաստանի, և թէ՛ Սփիւռքի կազմակերպուած կառոյցների մօտեցումներն ու դիրքորոշումները:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնը նաև համոզմունք է յայտնում, որ մենք կանխատեսելի հարևան կարող ենք ունենալ միայն և միայն այն պարագայում, երբ Թուրքիան պաշտօնապէս կճանաչի Հայոց ցեղասպանութեան փաստը, կառերեսուի պատմութեան հետ և կդադարի Արցախի հիմնախնդրի հարցում հանդէս գալ պաշտօնական Բաքվի փաստաբանի դիրքերից:

Հնչակեան կուսակցութիւնը շարունակելու է իր աշխատանքը Թուրքիայի առաջադէմ շրջանակների հետ՝ Հայկական Հարցին հնչեղութիւն տալու, ինչպէս նաև թուրքական հանրութեանն իրենց իսկ պատմութեան հետ ծանօթացնելու համար:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչութիւն
02.03.2018
Ք. Երևան

Հարակից Նյութեր

Leave a Comment