Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Զարուհի Փոսթանճեան կը Դադարեցնէ «Ժառանգութիւն» Կուսակցութեան իր Անդամակցութիւնը

Զարուհի Փոսթանճեան կը Դադարեցնէ «Ժառանգութիւն» Կուսակցութեան իր Անդամակցութիւնը

by MassisPost

Ազգային ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Զարուհի Փոսթանճեան Երկուշաբթի առաւօտեան Ֆէյսպուքի էջին գրած է, որ կը դադրեցնէ անդամակցութիւնը «Ժառանգութիւն» կուսակցութեան: Այս առիթով «Ազատութիւն»ը զրուցած է պատգամաւորին հետ: Ստորեւ կը ներկայացնենք զրոյցէն հատուած մը:

«Ազատութիւն»․ – Քանի որ Դուք, մինչեւ կուսակցութիւնից դուրս գալու որոշում կայացնելը պարբերաբար յայտարարել էք, որ Դուք չէ, որ պէտք է լքէք «Ժառանգութիւնը», այլ բոլոր նրանք, ովքեր շեղուել են «Ժառանգութեան» սկզբունքներից, ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք: Ի վերջոյ, Դուք «Ժառանգութեան» կուսակցութեան առանցքային ներկայացուցիչներից էիք եւ արդէն 10 տարի է՝ կուսակցութեան հետ էք:
Փոսթանճեան․ – Կարծում եմ, որ ժամանակն էր, որովհետեւ ես սպասեցի, փորձեցի կանխել այդ որոշման առաջ մղելը, սակայն բոլոր նրանք, ովքեր այդ որոշումը կայացրեցին եւ գնացին այդ քայլին, իրենք հեռացան «Ժառանգութիւնից», հետեւաբար՝ այն գաղափարախօսութիւնը, որը ունէր «Ժառանգութիւնը», նրանք դադարեցին կրել այդ արժէքային համակարգը: Այդ իսկ պատճառով ես յայտարարեցի, որ անհամատեղելի է իմ մասնակցութիւնը եւ իմ արժէքային համակարգը «Ժառանգութեան» հետ

«Ազատութիւն»․ – Միայնակ ի՞նչ էիք կարողանալու անել՝ «Ժառանգութիւնը» նկատի ունեմ, քանի որ հենց Ձեր կուսակիցները հակադարձում են, որ եթէ «Ժառանգութիւնը» միայնակ գնար, ապա հինգ տեղ էր ստանալու խորհրդարանում եւ կրկին որեւէ բան փոխելու հնարաւորութիւն չէր լինելու, իսկ այս տարբերակով՝ Օհանեանի հետ, Օսկանեանի հետ, հնարաւորութիւն է ստեղծւում գնալ եւ փորձել իշխանափոխութեան հասնել: Այսինքն՝ մեծամասնութիւն կազմել խորհրդարանում:
Փոսթանճեան․ – Նախեւառաջ Ձեր թուարկած դաշինքը, ես կարծում եմ, խորհրդարան նոյնիսկ չի էլ մտնելու, որովհետեւ մեր հանրութիւնը ամնէզիայով չի տառապում եւ շատ լաւ պատկերացում ունի ով ինչպիսի վարքագիծ է ունեցել 1 տարի առաջ, 10 տարի առաջ եւ պետք չէ խեղաթիւրել եւ ասել, որ տգիտութիւնը ուժ է՝ այդպէս չէ: Հետեւաբար, ասել եւ հիմնաւորել, որ դրանով մենք կարող ենք արձանագրել առաջընթաց՝ այդպէս չէ:

Երկրորդը, եթէ ասում ենք, որ նոյնիսկ եթէ «Ժառանգութիւնը» մի քանի պատգամաւոր ունենար Ազգային ժողովում, չէր կարող ունենալ արդիւնաւէտ աշխատանք՝ ես դրա հետ համամիտ եմ: Բայց այն գաղափարախօսութիւնը, այն արժէքները, որը ունէր «Ժառանգութիւն»ը, կարող էր լինել հանրութեան սեփականութիւն: Իսկ տուեալ պարագայում հանրութիւնը զրկուելու է այդ սեփականութիւնից: Նոյնիսկ ես համամիտ էի՝ մենք ընդհանրապէս չմասնակցէինք, բայց պահէինք «Ժառանգութեան» գաղափարախօսութիւնը:

«Ազատութիւն»․ – Այսինքն, Դուք կարծում էք՝ «Ժառանգութիւնը» աւելի մրցունակ կը լինէր, քան այս Օհանեան, Օսկանեան, Ռաֆֆի Յովհաննիսեան դաշի՞նքը:
Փոսթանճեան․ – Դա իմ կարծիքը չէ, դա հանրութեան կարծիքն է: Ես չպէտք է դրան գնահատական տամ: Նախապէս պէտք էր անցկացնել համապատասխան հանդիպումներ, քննարկումներ: Ես դրանք արել էի․ նախապէս ամբողջ աշնան ընթացքում ես հանդիպումներ եմ ունեցել, քննարկումներ եմ անցկացրել եւ այս ամէնի պատկերը ներկայացրել եմ նաեւ իմ գործընկերներին: Այսինքն, մեր հանրութեան ընկալումը շատ ադեկվատ էր․ իրենք շատ լաւ հասկանում են, թէ ինչ է տեղի ունենում եւ հենց իրենց դիրքորոշումը եւ մտահոգութիւնը յայտնում են: Հետեւաբար պէտք էր լսել, ոչ թէ այսպիսի որոշում կայացնել այսպիսի հապճեպ եւ ոչ թափանցիկ պայմաններում, այլ լսել հանրութեանը:

«Ազատութիւն»․ – Իսկ Ձեր կարծիքով ինչո՞ւ Սէյրան Օհանեանը անցաւ ընդդիմադիր դաշտ: Անցած շաբաթ հրաւիրած ասուլիսում նա յայտարարում էր, որ դէմ է այս իշխանութիւններին: Աւելին, նա վստահեցրեց, որ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ բացառւում է Հանրապետականի հետ կոալիցիա կազմելը: Ի վերջոյ, Ձեզ համար համոզի՞չ են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխուելու դրդապատճառները:
Փոսթանճեան․ – Ես չեմ ցանկանում հիմա քննարկել պարոն Օհանեանի դրդապատճառները: Չեմ էլ ցանկանում մերժել, որ մի օր կարող է մարդը իրօք փոխուի, որովհետեւ դա մարդուն բնորոշ է: Բայց, բացի այն, որ նոյնիսկ վերջին սրիկան կարող է փոխուել մի օր եւ ցանկանալ ճիշդ վարքագիծ դրսեւորել, բայց դա դեռ չի նշանակում, որ ճիշդ վարքագիծ դրսեւորելով նա կարող է լինել արդարութեան առաջամարտիկ:

Ցանկացած մարդ, ով եղել է այս արատաւոր իշխանութեան մասը, ով այս ավտորիտար համակարգի որոշումների կայացմանն է մասնակից եղել, իսկ մասնակիցը միայն նա չէ, ով հրաման է տալիս, այլ այն է, ով լռել է: Տուեալ անձինք, ես կարծում եմ, կարող է իրենց մէջ գտնեն ոգեւորութիւն եւ ասեն՝ այսպէս չի կարելի ապրել․ ես դրա հետ համամիտ եմ: Բայց որ նրանք լինել առաջատարը եւ առաջամարտիկը եւ նրանց անունով եւ նրանց անուան տակ մեր հանրութիւնը համախմբուի եւ գնայ առաջ՝ ես դրան չեմ հաւատում:

«Ազատութիւն»․ – Արդէն դիմումը գրե՞լ էք:
Փոսթանճեան․ – Այո, յայտարարութիւնը ներկայացրել եմ:

«Ազատութիւն»․ – Իսկ Ռաֆֆի Յովհաննիսեանի հետ քննարկե՞լ էք կուսակցութիւնից դուրս գալու որոշումը, նրա հետ հանդիպում ունեցե՞լ էք:
Փոսթանճեան․ – Իհարկէ, նրա հետ հանդիպում ունեցել եմ յունուարի 15-ին: Արդէն պարզ էր, եւ իրեն էլ ես յայտնեցի, որ եթէ այսպիսի որոշում կայացուի, այն «Ժառանգութիւնը», որին ես անդամակցում եմ, այլեւս գոյութիւն չի ունենայ ինձ համար:

«Ազատութիւն»․ – Նա չփորձե՞ց Ձեզ համոզել, ետ պահել: Այսինքն՝ գիտէ՞ր, որ Դուք լքելու էք կուսակցութիւնը, նա Ձեզ կորցնելու է:
Փոսթանճեան․ – Այո, գիտէր:

«Ազատութիւն»․ – Եւ ի՞նչ ասաց:
Փոսթանճեան․ – Կորցրեց:

«Ազատութիւն»․ – Առանց ափսոսանքի՞:
Փոսթանճեան․ – Չգիտեմ, երեւի իրեն կը դիմէք, նա Ձեզ կը պատասխանի: Կարծում եմ՝ այո:

Հարակից Նյութեր

Leave a Comment