Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Կը Հրապարակեմ Այն Բարձրաստիճան Պաշտօնեայի Անունը, Ով Օգնել Է Իւրացնել Իմ Գումարները. ՍԴՀԿ ԿՎ Անդամ

Կը Հրապարակեմ Այն Բարձրաստիճան Պաշտօնեայի Անունը, Ով Օգնել Է Իւրացնել Իմ Գումարները. ՍԴՀԿ ԿՎ Անդամ

by MassisPost

Սոցիալ  Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական վարչութեան անդամ, Համահայկական խաղերի կազմկոմիտէի անդամ, Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմեանը, ով 2008 թ-ից մշտական բնակութիւն է հաստատել  Երեւանում, արդէն շուրջ 7 տարի է պայքարում է՝ փորձելով հետ բերել 830.000 ԱՄՆ դոլարի հասնող գումարը, որը, ըստ Շխրտմեանի, իւրացուել է իր նախկին գործընկերների կողմից, ովքեր, գումարը ստանալուց անմիջապէս յետոյ, գնացել են արհեստական սնանկացման:

-Պարոն  Շխրտմեան, ինչպէ՞ս եղաւ, որ նման  մեծ քանակութեամբ գումարը ձեզ մինչեւ այսօր այդպէս էլ չի վերադարձուել:

-Այս պատմութիւնն իսկապէս աչքի է ընկնում իր տհաճութեամբ եւ մարդկային ու իրաւական հնարաւոր բոլոր նորմերի խախտմամբ: Ես 1988 թ-ից մինչեւ այսօր օրգանապէս կապուած եմ մեր երկրի հետ, երկրաշարժից օրերից մինչեւ այսօր իմ ուժերի ներածին չափով փորձել եմ ամէն ինչ անել, որպէսզի թէ՛ ինքս ներդրումներ անեմ մեր երկրում, թէ հնարաւոր օգնութիւններ ուղարկեմ եւ  թիրախային խմբերին օգտակար լինեմ, եւ թէ՛ դրսի իմ արտասահմանեան  գործընկերներին միշտ համոզել եմ մեր երկրում ներդրումներ անել՝ չնայած առկայ բարդոյթներին, թէ Հայաստանում սփիւռքահայ գործարարներին «գցում են»։

Ինչպէս ասում են, ցաւ ի սիրտ, այդ ուղտը մի օր իմ դռանն էլ  չոքեց: Հիմա,  բուն պատմութեան մասին. 2011 թ-ին Հրաչեայ Քոչար 23 հասցէում ես մեծ խանութ ունէի, որտեղ զբաղուած էի Մեծ Բրիտանիայից ներկրուած ներկերի եւ այլ շինտեխնիկայի առուվաճառքով: «Եունի Թելլ» ընկերութեան այդ ժամանակուայ տնօրէն Վարդան Մինասեանը առաջարկեց ինձնից գնել խանութի տարածքը, որի համար պէտք էր վճարեր 340.000 ԱՄՆ դոլար: Վաճառքը կայացաւ եւ, ըստ մեր ունեցած պայմանաւորուածութեան, գումարի կէսը ստացայ անմիջապէս, իսկ միւս կէսը պէտք է ստանայի երկու տարի յետոյ, որը, բնականաբար, ոչ միայն չստացայ, այլ  նաեւ այդ գումարին աւելացան շատ աւելի մեծ գումարներ: Դրանից յետոյ Վարդանն ու իր հայրը՝ Արթուր Մինասեանը, ով ի դէպ, արդէն  մօտ երկու տարի է՝ մահացել է, ինձ համոզեցին Բաղրամեան փողոցի վրայ իմ կողմից  կառուցուած նորակառոյցի առաջին հարկի տարածքն իմ գարանտով ֆինանսական ընկերութիւններից մէկում գրաւ դնել եւ դրա դիմաց 290 000 ԱՄՆ դոլար գումար վարկ վերցնել եւ վերանորոգել  նախկին «Հայբիզնես» հիւրանոցը:

Ես այստեղ ուզում եմ շեշտել, որ այդ քայլին գնացի զուտ ընկերական զգացողութիւններից ելնելով եւ վստահելով իմ գործընկերներին: Քանի որ հիւրանոցի  վերանորոգման համար, ըստ իրենց, գումարները չէր հերիքում, ինձնից խնդրեցին, որպէսզի ես իմ տունն էլ դնեմ իբրեւ գրաւ, որի դիմաց իրենք ստացան 230 000 ԱՄՆ դոլար: Աւելացնեմ, որ  այդ  ընթացքում ես նաեւ իրենց տուեցի իմ խնայողութիւնները, եւ, այսպիսով, հայր եւ որդի Մինասեանները ինձ պարտք մնացին 830 000 ԱՄՆ դոլար, որից ոչ մէկ սենթ անգամ ես մինչեւ այսօր չեմ ստացել: Բոլոր գործարքների փաստաթղթերը կան, սակայն Արթուր Մինասեանը մահանալուց առաջ ամբողջ պարտաւորութիւնները գրաւոր վերցրել էր իր վրայ՝ որդուն փորձելով ձերբազատել հետագայ խնդիրներից: Բայց այս բոլոր գործարքները կատարուել է որդու ընկերութիւնների  միջոցով՝ «Եունի Թել», «Արմենիան Հոսփիթալիթի Հոլդինգ» եւ այլն:

-Չէ՞ք փորձել դիմել իրաւապահ մարմիններին:

-Այո՛, փորձել եմ, դիմել եմ դատախազութիւն, վերջիններս էլ գործը վերահասցէագրել են Կենտրոնի ոստիկանութեանը: Հիմա, շուրջ երկու շաբաթ է՝ սպասում եմ տեղեկատուութեան: Մտահոգութիւնս այն է, որ Մինասեանները  մշտապէս պարծեցել  են, որ ունեն ընկերական եւ բիզնես յարաբերութիւններ պետական բարձրաստիճան որոշ պաշտօնեաների հետ, որոնց հովանաւորութիւնն էլ վայելում են: Ես, բնականաբար, կը հրապարակեմ առաջիկայում այն բարձրաստիճան պաշտօնեայի անունը, ով, ըստ Մինասեանների, հովանաւորում էր իրենց եւ, նաեւ, կը խօսեմ այն համատեղ հայաստանեան  եւ արտասահմանեան բիզնեսների մասին, որոնցում կայ եւ Մինասեանը, եւ  այդ բարձրաստիճան պաշտօնեան, ով, ըստ մամուլի տեղեկութիւնների, շուտով ստանալու է նոր եւ շատ աւելի բարձր պաշտօն:

Հիմա, հարցը շատ յստակ է: Ես իմ ամբողջ կեանքում ոչ մէկից ոչ մէկ փեննի չեմ վերցրել, այո°, սխալուել եւ հաւատացել եմ Մինասեան ընտանիքին, սակայն չեմ պատրաստւում թոյլ տալ, որ իմ քրտինքով վաստակած գումարները նրանք վայելեն: Այս խնդիրը, խոստանում եմ, շատ ջուր է քաշելու եւ, բնականաբար, օգտագործելու եմ իմ ունեցած բոլոր հնարաւորութիւնները՝ հարցին մեծ հնչեղութիւն տալու համար:

-Պարոն Շխրտմեան, դուք նաեւ ՍԴՀԿ Կենտրոնական վարչութեան անդամ էք, արդեօ՞ք հարցը կը հնչեցուի նաեւ քաղաքական հարթութիւնում:

-Տեսէ՛ք,  մինչեւ օրս ես փորձել  եմ  Կուսակցութեանը հեռու պահել նման խնդիրներից, սակայն, հարցն իսկապէս պէտք է դիտարկել Հայրենիք-Սփիւռք փոխադարձ վստահութեան պայմանների ներքոյ: Բնականաբար, ես  չեմ ասում, որ ինձ «գցելու»  մէջ մեղաւոր է պետութիւնը, ո՛չ, մեղաւոր են անհատները, սակայն արդարադատութիւնը իրականացւում  եւ  իրականացուելու է պետական մարմինների կողմից: Երբ որ դու՝  իբրեւ սփիւռքահայ, հաւատալով Հայրենիքի տարբեր պաշտօնեաների կոչին, գալիս ես Հայաստան, տեղափոխում այստեղ ամէն  ինչ, ինչ որ արտասահմանում ձեռք ես բերել տարիների աշխատանքի արդիւնքում, բնական է, որ նաեւ ունես պաշտպանութեան եւ գոյքի անձեռնմխելիութեան կարիք:

Այս տարիների ընթացքում ես լռելեայն, առանց աւելորդ գովազդի միլիոնաւոր դոլարների օգնութիւն եմ բերել Հայաստան: Սրա  մասին չեմ խօսել, պարտքս եմ համարել, սակայն, թերեւս, այս զոռբայութեան պայմաններում պէտք է նաեւ մի քիչ անհամեստ լինել:

Երկրաշարժի տարիներին  «Օգնի՛ր Հայաստան»  հիմնադրամին տոննաներով Մանչեսթրից օգնութիւն եմ ուղարկել, Արցախեան ազատամարտին հսկայական քանակութեամբ դեղորայք, ուտելիք, զինուորական շարժական փռեր եմ ուղարկել, դրանից յետոյ այստեղի զանազան կազմակերպութիւններին, հիւանդանոցներին, դպրոցներին, մանկապարտէզներին մեծ քանակութեամբ օգնութիւններ եմ յատկացրել:

Այս ամէնը վկայող բոլոր թղթերը գտնւում են իմ արխիւում, որի մասին, անկեղծ ասած, չէի էլ մտածում, որ պէտք կը լինի երբեւէ բարձրաձայնել: Իմ ակնկալիքը մէկն է՝ արդարադատութիւն: Չի կարելի մարդուց գումար կորզել, յետոյ սնանկացած յայտարարել եւ, այս կերպ, հարցը փակել:

Զրոյցը՝ըստ «Առաւօտի»

Հարակից Նյութեր

Leave a Comment