Home ՀԱՅԱՍՏԱՆ Որեւէ Դրական Բան՝ Ըլլայ Համերգ, Նոր Դպրոց, Թէ Միջոցառում, Զանոնք Կը ԶրկԷ Քունէն. Թունեանը՝ Ընդդիմութեան Մասին

Որեւէ Դրական Բան՝ Ըլլայ Համերգ, Նոր Դպրոց, Թէ Միջոցառում, Զանոնք Կը ԶրկԷ Քունէն. Թունեանը՝ Ընդդիմութեան Մասին

by MassisPost

Ազգային Ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Բաբկէն Թունեան Ֆէյսպուքի իր էջով յիշեցուցած է, որ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը կը վերանորոգուի, կը փոխուին մաշուած եւ շարքէ դուրս եկած բազալտէ քարերը: Պատգամաւորը անդրադարձած է այս ամէնուն վերաբերեալ աղմուկ բարձրացնող ընդդիմադիրներուն:

«Լաւ բան է չէ՞ արւում: Կարող է թուալ՝ յատուկ տաղանդ է պէտք, որ անգամ արմատական ընդդիմադիրը կարողանայ այդտեղ «կեղտ գտնել»: Բայց մեր գերտաղանդաւոր ընդդիմադիրներին երբեք չի կարելի թերագնահատել. նրանք արդէն հասցրել են դաւադրապաշտական թեզեր կառուցել, որակել «կասկածելի» շինարարութիւն, որոշներն էլ աւելի հեռուն են գնացել՝ յայտարարելով, որ դաւաճան իշխանութիւնները Ալիեւի պահանջով վերացնում են Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրը:

«Սա ինձ յիշեցրեց 3 տարի առաջ տեղի ունեցածը, երբ Ազգային Ժողովի շէնքի ճակատային հատուածում տեղադրուած ՀՀ պետական զինանշանը մի քանի օրով հանուել էր արտաքին տեսքի թարմացման ու վերանորոգման նպատակով, եւ որոշ մարդիկ վայնասուն էին բարձրացրել, թէ բա՝ զինանշանը յաւերժ հեռացնում են:

«Յիշեցրեց նաեւ, թէ ինչպէս էին ոմանք լուրջ դէմքով յայտարարում, որ Դիլիջանի փապուղին փակուել է ոչ թէ վերանորոգման համար, այլ այն պատճառով, որ դաւաճան իշխանութիւնները պատրաստւում են տարածքներ զիջել թշնամուն, փապուղին էլ փակում են, որ մեր զինուած ուժերը չկարողանան հասնել այդ տարածքներ:

«Երբ ԱԺ շէնքի ճակատին կրկին յայտնուեց նոր, թարմացուած զինանշանը, յիմար յայտարարութիւններ տարածողներից ոչ մէկը ներողութիւն չխնդրեց:

«Երբ Դիլիջանի փապուղին բացուեց վերանորոգուած, ոչ ոք ներողութիւն չխնդրեց:

«Էլի օրինակներ կարող եմ բերել, բայց երկուսն էլ բաւական են:

«Եւ երբ ամիսներ անց՝ մինչեւ յաջորդ Ապրիլի 24-ը, Ծիծեռնակաբերդի վերանորոգուած յուշահամալիրը կը բացուի այցելուների առաջ, կրկին ոչ ոք ներողութիւն չի խնդրի, որովհետեւ զբաղուած կը լինեն հերթական դրական երեւոյթը սեւացնել փորձելով:

«Այս մարդկանցից ուրիշ բան չի էլ կարելի սպասել, որովհետեւ նրանց նպատակն ամէն ինչ սեւացնելն է, ամէն գնով յուսալքութիւն, վատատեսութիւն ու բացասականութիւն տարածելն է: Ցանկացած դրական կամ ուրախ բան (լինի համերգ, նոր դպրոց, թէ լուրջ միջոցառում) նրանց տուայտանքների մէջ է գցում ու զրկում քնից:

«Վատն այն է, որ սեփական ժողովրդի յոյզերի վրայ խաղացող, ժողովրդին չյարգող, մոլորեցնող, սեփական երկիրը թալանած, գաղջ տարածող ու սուգը տօնող այս մարդկանց ժամանակին բարձր պետական պաշտօններ են վստահուած եղել, ու մենք մօտ 30 թանկ տարիներ ենք կորցրել նորմալ երկիր կառուցելու ճանապարհին:

«Լաւն այն է, որ մեր ժողովուրդն արդէն դիմադրողականութիւն ունի այս տեսակ բաների նկատմամբ եւ յիշողութիւն, որը չպէտք է թոյլ տայ, որ այս մարդիկ կրկին որոշեն իր ճակատագիրը:

«Բոլորիս համբերութիւն եւ ամուր ջիղեր»,- գրած է Թունեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment