Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ «Պիտի Գործէ Մէկ Ճանապարհ Եւ Այդ Լաչինի Ճանապարհն Է, Ուրիշ Ճանապարհ Չկայ»․ Արցախի Նախագահ

«Պիտի Գործէ Մէկ Ճանապարհ Եւ Այդ Լաչինի Ճանապարհն Է, Ուրիշ Ճանապարհ Չկայ»․ Արցախի Նախագահ

by MassisPost

Արցախի մէջ ամէն երրորդ մահուան պատճառը արդէն թերսնումն է: Անդրադառնալով երկրին մէջ ստեղծուած իրավիճակին՝ Արցախի Ազգային Ժողովի շէնքին առջեւ հաւաքուած հանրութեան հետ հանդիպման ընթացքին յայտնեց Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը:

«Սով, ամէն ինչի պակաս, յղիները ստեղծուած իրավիճակի հետեւանքով կորցնում են երեխաներին: Հասել ենք այս վիճակին, որովհետեւ հաւատացել ենք բոլորին՝ գերտէրութիւններին, ՄԱԿ-ին», նշեց Յարութիւնեան:

Արցախի նախագահը ընդգծեց, որ Օգոստոս 28-ի երեկոյեան Արցախի քաղաքական ուժերը Ազգային Ժողովին մէջ շուրջ 6 ժամ հրատապ քննարկում ունեցած են, սակայն միասնական որոշում չեն կայացուցած: Որպէս երկրի նախագահ՝ ինք այս պահուն պարտավոր է որոշում կայացնել, այլ հարց է, որ այն կրնայ չընդունուիլ ժողովուրդին կողմէ.

«Շատ կարճ ժամանակահատուածում՝ մի քանի օրուայ ընթացքում, պէտք է լուծենք մեր հացի խնդիրը, մարդասիրական խնդիրը»:

Հանրութեան վրդովմունքին, որ իրենց պայքարը հացի խնդիր չէ, այլ` հայրենի հողին վրայ ապրելու եւ ապագան կառուցելու խնդիր, Արայիկ Յարութիւնեանը արձագանգեց.

«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ եւ աջակցութիւն չունենք։ Բոլոր հարցերը ձեզ հետ միասին կը լուծենք»:

Երկրին ղեկավարը հաւաստիացուց, որ կը քննարկուի միայն մէկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը։

«Անկախ ամէն ինչից՝ ճանապարհի հարցը պիտի լուծուի: Մինչեւ այսօր սպասել ենք, հաւատացել ենք՝ Փութինին էլ ենք հաւատացել, Պայտընին էլ ենք հաւատացել, Մաքրոնին ու Հայաստանի իշխանութեանն էլ ենք հաւատացել… Բայց մեզ թողել են պատանդի կարգավիճակում», ըսաւ ան՝ եւս մէկ անգամ վստահեցնելով, որ Արցախի մէջ ստեղծուած մարդասիրական խնդիրը շուտով կը կարգաւորուի:

Հարակից Նյութեր

Leave a Comment