Home ՀԱՅԱՍՏԱՆ Երեւանի Մէջ Բողոքի Շարժման Մասնակիցները Միջազգային Հանրութեան Կոչ Կ’ընեն Դատապարտելու Ատրպէյճանի Քայլերը

Երեւանի Մէջ Բողոքի Շարժման Մասնակիցները Միջազգային Հանրութեան Կոչ Կ’ընեն Դատապարտելու Ատրպէյճանի Քայլերը

by MassisPost

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակ ըլլալուն պատճառով բազմաթիւ արցախցիներ, անոնց շարքին երեխաներ արդէն երկրորդ օրն է Հայաստանի մէջ են, չեն կրնար վերադառնալ տուն:

«Ես ուզում եմ, որ բոլորի հայրերը գան տուն եւ խաղաղութիւն լինի աշխարհում եւ որ ոչ մի վախ չառաջանայ երեխաների եւ ծնողների մօտ», ըսաւ Ինեսա Գրիգորեանը:

10-ամեայ Ինեսան Երեւան եկած էր մանկական Եւրոտեսիլին համար. ընկերներուն հետ պէտք է Ստեփանակերտ վերադառնար, երբ իմացան` ճանապարհը փակ է: Անհանգստացած է, բայց ոչ այնքան, որ ստիպուած են սպասել:

«Մեր հայրերը հիմա դիրքերում են գտնւում, այնտեղ շատ վտանգաւոր է, մենք դրա համար ենք շատ անհանգստանում ու մեր մայրիկների համար, որովհետեւ նրանք մի քիչ վախ ունեն, որ ինչ-որ բան կը լինի, բայց ես յոյսով եմ, որ Ստեփանակերտին ոչ մի բան չի լինի», նշեց 10-ամեայ Ինեսան:

Փակ ճանապարհի պատճառով Հայաստանի մէջ մնացած խումբ մը արցախցիներ ատրպէյճանական կողմի քայլերը դատապարտելու համար բողոքի շարժում կազմակերպած էին: Միացած էր նաեւ Արցախի պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելեանը: Պաշտօնեան յայտնած է, որ միջազգային հանրութիւնը պէտք է հերթական կոչերու փոխարէն գործուն քայլեր ձեռնարկէ:

«Արցախում ստեղծուած իրավիճակը ոչ թէ ընդամէնը ճանապարհի փակում է կամ հերթական Ատրպէյճանի սադրանքն է, այլ փաստացի արդէն մէկ օրից աւելի Արցախի 120 հազար բնակչութիւնը գտնւում է շրջափակման մէջ եւ մարդասիրական աղէտի շեմին է: Շատ կարեւոր է, որ միջազգային հանրութիւնը իր սովորական կոչերի փոխարէն գործուն քայլեր ձեռնարկի, որովհետեւ մարդու իրաւունքների մարդասիրական խնդիրների մասին է խօսքը եւ ոչ թէ քաղաքական», ըսաւ Առաքելեանը:

Քաղաքացիները քայլերթով շարժեցան դէպի դիւանագիտական ներկայացուցչութիւններ: Կը պահանջէին միջազգային հանրութեան հասցէական արձագանգը, դատապարտումն ու գործուն քայլերը` Ատրպէյճանը զսպելու համար:

Սկիզբը ՄԱԿ-ի գրասենեակին առջեւ հաւաքուեցան: Այդտեղ էին նաեւ Հայաստանի խորհրդարանական ընդդիմութեան ներկայացուցիչները:

«Կոչ ենք անում միջազգային հանրութեանը իրենց ուշադրութիւնը սեւեռել Հայաստանի եւ Արցախի վրայ, որ հնարաւոր չէ 21-րդ դարում ապրել շրջափակման մէջ: Շուրջ 120 հազար արցախահայութիւն այսօր զրկուած է իր հիմնարար իրաւունքից, կեանքի իրաւունքից: Այսօր իմ ծնողները, իմ հարազատները ամբողջ արցախահայութիւնը շրջափակման մէջ է, շուրջ 120 համար մարդ զրկուած է պարէնից, սննդամթերքից, դեղորայքի մատակարարումից», ըսաւ շարժումի մասնակիցներէն մէկը:

Բողոքի շարժման մասնակիցները նամակներ յանձնեցին ՄԱԿ-ի գրասենեակին, Ֆրանսայի, Ռուսիոյ ու Միացեալ Նահանգներու դեսպանատուներուն: Յոյսը չեն կորսնցուցած, որ միջազգային հանրութիւնը պիտի արձագանգէ ու քայլեր ձեռնարկէ:

Հարակից Նյութեր

Leave a Comment