Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ալեն Սիմոնեան` Քոչարեանին. ԱԺ-ն Ընտրուած Է 5 Տարիով, Այլ Կանխատեսում Ընելը Սխալ Է

Ալեն Սիմոնեան` Քոչարեանին. ԱԺ-ն Ընտրուած Է 5 Տարիով, Այլ Կանխատեսում Ընելը Սխալ Է

by MassisPost

«Այս խորհրդարանն ընտրուած է Սահմանադրութեամբ նախատեսուած 5 տարի ժամկէտով, եւ այլ կանխատեսումների հիմքեր չկան», գործող Ազգային ժողովի փոխնախագահ՝ Ալեն Սիմոնեան այսպէս արձագանգեց Ռոպերթ Քոչարեանի երէկուայ յայտարարութեան, թէ այս խորհրդարանը 1.5 տարուայ կեանք ունի։

«Խորհրդարանն ընտրուած է 5 տարի ժամկէտով, եւ որեւիցէ այլ կանխատեսում անելը, կարծում եմ, սխալ է: Ինչ վերաբերում է` ճգնաժամը լուծուած է, թէ չէ, կարծում եմ` իր մասով ՀՀ քաղաքացին իր ճգնաժամը լուծել է, եւ իր գնահատականները զուտ հիմնուած են իր ցանկութիւնների եւ պատկերացումների վրայ», – ըսաւ Սիմոնեան:

Ռոպերթ Քոչարեան «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ յայտարարեց, թէ այս խորհրդարանական ընտրութիւններով ներքաղաքական ճգնաժամը Հայաստանի մէջ չէ յաղթահարուած, եւ իրենք պիտի պայքարին զայն յաղթահարելու համար: «Կրկնում եմ` այս նոյն իշխանական թիմը մնացել է իշխանութեան գլխին, ուրեմն ճգնաժամի պատճառը չի յաղթահարուել»:

Քոչարեանի միւս յայտարարութիւնները Ալեն Սիմոնեան հակասական որակած է, Հադրութի ու Շուշիի կորուստին վերաբերող Քոչարեանի մեկնաբանութիւններուն հակադարձած է` ժամանակին Մեղրիի շուրջ ունեցած Քոչարեանի պայմանաւորուածութիւններով. «Խոհանոցային մակարդակի զրոյցները մի մարդու կողմից, ով Մեղրին էր պատրաստւում յանձնել Ատրպէյճանին եւ այլն, ով 5 հազար զոհ է ասում` հաշուի չառնելով մարդկանց յոյզերը, ով որ մարդկանց վիրաւորում եւ մեղադրում է այն բանի մէջ, որ իրեն չեն ընտրել, տարբեր ձեւակերպումներով փորձում է նուաստացնել այն 700 հազար մարդկանց, ովքեր գնացել եւ քուէարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը, միեւնոյն ժամանակ ինքը բացատրում է, թէ ինչի են քուէարկել, իր մեկնաբանութեամբ, եւ միեւնոյն ժամանակ իրենք դիմում են Սահմանադրական դատարան` անվաւեր ճանաչելու»,-շեշտեց Ալեն Սիմոնեան:

«Ազատութիւն» – Տեսէք, պարո՛ն Սիմոնեան, ինքն ասում է Հադրութ, դուք յիշեցնում էք Մեղրիի պայմանաւորուածութիւնը: Միւս ընդդիմադիր գործիչներն ասում են` Քոչարեանը ձեզ համար ամենայարմար ընդդիմութիւնն է, անընդհատ կը յիշեցնէք նախկիններին, նրա պայմանաւորուածութիւնները, յանցագործութիւններ, Մարտի 1, Հոկտեմբերի 27, եւ սա ձեզ համար ամենահանգիստ ընդդիմութիւնն էր, որ կարող էր լինել: Հենց այդ պատճառով էլ դուք Քոչարեանին աճեցրիք, բերեցիք այս փուլին: Այդ ընդդիմադիրներին ինչպէ՞ս կը պատասխանէք:

Ալեն Սիմոնեան – Գիտէք` ի՞նչ, բոլոր այդ մեղադրանքներին` թէ ձեր նշած, թէ՛ Հադրութի, թէ՛ մնացածի հետ կապուած Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները ամսի 20-ին իրենց պատասխանը տուեցին:

«Ազատութիւն» – Իրենց արձագանգը տուեցին քաղաքացիները, բայց ձեզ համար աւելի յարմա՞ր է, օրինակ, Ռոպերթ Քոչարեանին ունենալ` որպէս խորհրդարանում ամենամեծ ընդդիմութիւն:

Ալեն Սիմոնեան – Չէ, տենց յարմարութեան հարց չկայ: Յետոյ մենք չենք որոշում` ով լինի մեր ընդդիմութիւնը, եթէ տենց նախասիրութեան մասով էք ասում, բնական է` շատ աւելի լաւ կը լինի, որ ընդդիմութիւնը լինի կառուցողական:

Քոչարեանը երէկ անդրադաձած էր ոչ միայն գործող իշխանութեան, այլ նաեւ խորհրդարանական ընդդիմութեան։

«Լուսաւոր Հայաստանէն» Անի Սամսոնեան անլուրջ որակած է Քոչարեանի այս մեղադրանքը. ««Հայաստան» դաշինքին ձեռնտու չէր գալ իշխանութեան, որովհետեւ սրանք այնքան սուտ խոստումներ են եղել, դրանք անիրականանալի խոստումներ են եղել, պարզապէս մտադրութիւն են ունեցել խաղալ հասարակութեան, մարդկանց յոյզերի հետ եւ դրա դիմաց ստանալ քուէ, ձայն եւ մանդատ: Չէր խանգարում իրենց անձեռնմխելիութեան մանտաթը, որպէսզի կարողանան գոնէ ինչ-որ ժամանակով խուսափել քրէական հետապնդումներից»:

Գործող խորհրդարանի մեծութեամբ երկրորդ խմբակցութենէն՝ «Բարգաւաճ Հայաստան»էն որեւէ կերպ չարձագանգեցին իշխանութիւններու հետ գործարք կնքելու վերաբերեալ իրենց ուղղուած մեղադրանքներուն։

Հարակից Նյութեր

Leave a Comment