Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Շիրաք» Մրցանակ՝ «Հրանդ Տինք» Հիմնարկին․ Մրցանակը Ռաքէլ Տինքին Յանձնած է Էմանուէլ Մաքրոնը

«Շիրաք» Մրցանակ՝ «Հրանդ Տինք» Հիմնարկին․ Մրցանակը Ռաքէլ Տինքին Յանձնած է Էմանուէլ Մաքրոնը

by MassisPost

«Շիրաք» հիմնադրամը «Հրանդ Տինք» հիմնադրամին շնորհած է 2017 թուականի Հակամարտութիւններու կանխարգելման «Շիրաք» մրցանակը: Հեղինակաւոր մրցանակը «Հրանդ Տինք» հիմնադրամի նախագահ Ռաքէլ Տինքին յանձնած է Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնը:

Մրցանակի շնորհման արարողութեան ներկայ եղած են ընտրող յանձնաժողովի անդամներ, միջազգային լրատուամիջոցներու ներկայացուցիչներն ու մարդու իրաւունքներու հեղինակաւոր պաշտպաններ:

Մրցանակի շնորհման իններորդ տարին մրցանակակիրներու անունները յայտարարուած են «Շիրաք» հիմնադրամի ընտրող յանձնաժողովի հանդիպումէն ետք՝ 27 սեպտեմբերին:

«Շիրաք» հիմնադրամի մէկ այլ՝ «Մշակոյթ յանուն խաղաղութեան» մրցանակը շնորհուած է «Զուքաք» թատերական ընկերութեան, որ թատրոնի միջոցաւ կը նպաստէ Լիբանանի ճամբարներուն մէջ ապրող փախստականներուն վերականգնողական ջանքերուն:

«Շիրաք» հիմնադրամը ստեղծուած է 2008 թուականին Ֆրանսայի նախկին նախագահ Ժաք Շիրաքի կողմէ՝ նպատակ ունենալով «աջակցիլ հակամարտութիւններու կանխարգելման, մշակութային երկխօսութեան հաստատման եւ առողջապահութեան որակի բարելաւման ուղղուած ջանքերուն»:

Rakel Dink-Chirac Prize

Ռաքէլ Տինքի շնորհակալութեան ելոյթը

Ձերդ գերազանցութիւն Նախագահ Մակրոն, յարգարժան Շիրակ ընտանիք, մեծարգոյ հիւրեր,

Երբ 2007թ. մեր ընտանիքի վերապրած ողբերգութիւնից յետոյ մեր ընկերների հետ միասին որոշեցինք հիմնել այս հիմնադրամը, միայն մէկ մտադրութիւն ունէինք՝ շարունակել Հրանտի ջանքերը այս կառոյցի միջոցով, ու մարդու իրաւունքների համար պայքարելով փորձել լրացնել մեր կյանգում ստեղծուած մեծ դատարկութիւնը: Ռասիստական մտածողութիւնը, որ նրան թիրախ եւ թշնամի դարձրեց, եւ որը սպանեց նրան, այսօր ոչ միայն ջանում է իշխանութիւն ձեռք բերել Թուրքիայում, այլեւ տարածւում է ամբողջ աշխարհում՝ ստեղծելով նոր «ուրիշներ» եւ «թշնամիներ», վեր խոյացնելով նոր պատեր: Այս աշխարհն այնքան ցաւ է ապրել. արդեօ՞ք սա բաւական չէ: Այսքան արիւն եւ արցունք է թափուել, հերի՞ք չէ: Ցաւ ու տառապանք քարոզելու փոխարէն՝ չպիտի արդեօ՞ք ուղիներ գտնենք ամոքելու ցաւը: Պետութիւնների նպատակը չպիտի լինի սպանելը, այլ կենդանի պահելը․ «Որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան:» (Աստուածաշունչ, Տիմոթեոս 2 1:7):

Որպէս հայ, ով գիտի թէ ինչ է նշանակում լինել տեղահանուած, ես ցաւ եմ ապրում՝ տեսնելով տեղահան եղած ու աշխարհով մէկ ցրուած միլիոնաւոր փախստականներին: Յատկապէս ապշեցուցիչ է հետեւել այս իրավիճակի վերաբերեալ պետութիւնների արձագանքին: Ատելութեան խօսքը թափ է առնում ողջ աշխարհում եւ ստիպում մարդկանց էլ աւելի մեկուսանալ իրենց սեփական կրօնական եւ ազգային համայնքներում:

Միայն ատելութեան խօսքը չէ, սակայն, որ թափ է առնում: Մարդու իրաւունքների պաշտպանների ձայները ևս բարձրանում են: Մեր հիմնադրամի նպատակն է պայքարել խտրականութեան դէմ՝ սկսած մեր սեփական տնից՝ Թուրքիայից, ստեղծել երկխօսութեան եւ խաղաղութեան լեզու, տարբեր ինքնութեան մարդկանց մերձեցնել, պահպանել մշակութային ժառանգութիւնը, բարելաւել Թուրքիա-ԵՄ յարաբերութիւնները, բացել սահմանները մի ժամանակաշրջանում, երբ պատեր են կառուցւում, նպաստել Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններին, եւ ամենակարեւորը, յաղթահարել մարդկանց մտքում գոյութիւն ունեցող սահմանները: Այս ամենին հասնելու համար Թուրքիայում մենք գործում ենք միասնաբար՝ հայերով, թուրքերով, քրդերով, մահմեդականներով եւ քրիստոնեաներով: Մենք հպարտ ենք լինել մասը այդ մեծ ընտանիքը, որը կռիւ է տալիս նոյն գաղափարների համար եւ ողջ աշխարհում պայքարում է մարդու իրաւունքների համար: Չնայած երբեմն մեզ թւում է, թէ մենք պայքարում ենք մեծ ալիքների դէմ, մեզ անչափ հոյս է տալիս այն գիտակցումը, որ մենք միայնակ չենք՝ լինի Թուրքիայում, թէ աշխարհում: Այս մրցանակն ստանալով ոգեշնչող «Զուկակ» թատերական ընկերութեան հետ միասին եւ այսօր լինելով այստեղ ձեզ հետ՝ մենք աւելի ուժեղ ենք դառնում: Իմ եւ մեր հիմնադրամի անունից՝ սրտանց ցանկանում եմ երախտագիտութիւն յայտնել մրցանակի համար, որը, յուսով ենք, էլ աւելի կզօրացնի բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում պայքարում են ժողովրդավարութեան համար եւ դժուարին ժամանակներ են ապրում:

Հարակից Նյութեր

Leave a Comment