«Եռաբլուր» զինուորական պանթէոնին մէջ երէկ հաւաքուած էին հասարակական-քաղաքական գործիչ, Սարգիս Հացպանեանի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները:
Փետրուար 12-ին Արցախեան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագէտ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանի ծննդեան օրն է: Ան պիտի դառնար 56 տարեկան:
«Սարգիս Հացպանեանը գնաց ոչ միայն իր ընտանիքի, այլեւ հայ ազգի մէջքից»,- Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է «Արեւմտահայերու ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արագած Ախոյեանը:
«Միշտ չէ, որ հարթ են ընթացել մեր յարաբերութիւնները, որովհետեւ տարբեր կարծիքներ ենք ունեցել ինչ-որ մի հարցի շուրջ,բայց գիտէ՞ք՝ զարմանալիօրէն վերջում իրար կողք ենք նստել եւ փորձել ենք տուեալ հարցին տալ խելամիտ պատասխան. ստացուել է համագործակցութիւնը»,-ըսած է Ախոյեանը:
«Ղարաբաղ» կոմիտէի անդամ Աշոտ Մանուչարեանի խօսքով, ճակատագրի ինչ-որ խոր իմաստ կայ այն բանի մէջ, որ Սարգիս Հացպանեանի ծննդեան օրը կը համընկնի Արցախեան շարժման առաջին ժողովրդական միջոցառման օրուան հետ:
«Հազարաւոր մարդիկ այդ շարժման ընթացքում վերադարձան հայրենիք այնպէս, ինչպէս Սարգիսը վերադարձաւ: Այդ շարժումը չէր ընթանում ինքնըստինքեան եւ ընթանում էր ռազմիկների միջոցով, անկախ նրանից, թէ այդ ռազմիկները որտեղ էին՝ հանրահաւաքների ասպարէզում, ընտրութիւններին, բախումներին, ռազմաճակատի դաշտում: Սարգիսը առանձնայատուկ էր մի բանով. ինքը եղել է բոլոր ռազմաճակատներում միաժամանակ»,- ըսած է Մանուչարեանը: