Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ «Հայրիկ» – Իւրատեսակ Շնորհահանդէս

«Հայրիկ» – Իւրատեսակ Շնորհահանդէս

by MassisPost

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Թէքէեան Մշակութային Միութեան Լոս Անճելըսի մասնաճիւղը հրաւիրել էր մշակութասէր հասարակութեանը մասնակցելու հայ տղամարդու ինքնութեան մասին պատմող ազգային ճանաչողական նախագծի շնորհահանդէսին, որի ընթացքում պիտի ցուցադրուէր «Հայրիկ» կինոժապաւէնը։

«Հայրիկ» ֆիլմը առաջնեկն էր մի նախագծի, որ ստեղծել էր Մեդիա ձեռնարկատէր, Yelaket USA տեղեկատուական կենտրոնի հիմնադիր Հայկ Մարկոսեանը։

Թէքէեան Մշակութային Միութիւնը իր վրայ էր վերցրել այս ծրագիրը հանրութեան ծանօթացնելու պարտաւորութիւնն ու հաճոյքը։

Ձեռնարկը տեղի ունեցաւ Միութեան Փասադենայի «Պէշկէօթուրեան» կենտրոնում, 8 Հոկտեմբեր 2026-ին։

Հանդիսութեան բացումը կատարեց միութեան անդամուհիներից Լիլիթ Քէհէեանը։ Թէքէեան Մշակութային Միութեան համառօտ պատմականից յետոյ, նա ներկայացրեց խօսք առնող, իրաւաբան Ռուբէն Աւշարեանին։ Պարոն Աւշարեանը  հանդիսանում է ամերիկահայ համայնքի բազմաբնոյթ ձեռնարկների՝ սկսած իր մասնագիտական մարզից մինչեւ ազգային հրատապ խնդիրները, փնտռուած մտաւորականը՝ իր յաւուր պատշաճի ելոյթներով։

Ռուբէն Աւշարեանն իր հերթին ընթերցեց ցուցադրուող ֆիլմի հերոս, հայ դիւանագէտ, արտակարգ եւ լիազոր դեսպան, միջազգային յարաբերութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արմէն Բայբուրդեանի կենսագրականը։ Այնքան հարուստ է դիւանագէտի հայրենանուէր եւ բեղուն կեանքի պատմութիւնը՝ հասանելի բազմաթիւ աղբիւրներում, որ չփորձեցինք այն համառօտ ձեւով տալ։ Սահմանափակուեցինք երեկոյի հիմնական նպատակին՝ նախագծի ներկայացմանը օժանդակող մանրամասներով։

Պարոն Աւշարեանն իր վրայ էր վերցրել նաեւ ծանօթացնել նախագծի հեղինակ Հայկ Մարկոսեանին։ Մեր հանդիպումը առաջինը լինելով այս ծրագրի հեղինակի հետ՝ հաղորդում ենք որոշ կենսագրական տուեալներ նրա մասին։

Հայկ Մարկոսեանը գործարար, հասարակական գործիչ, ռազմավարական հաղորդակցութեան, մեդիայի եւ տեղեկատուական քաղաքականութեան մասնագէտ է, իր գործունէութիւնն իրականացնում է ԱՄՆ-ում եւ Հայաստանի Հանրապետութիւնում։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի Զինուած ուժերում՝ ստանձնելով տեղեկատուական քաղաքականութեան, միջգերատեսչական համագործակցութեան եւ Հասարակութեան հետ յարաբերութիւնների կառավարմանը վերաբերուող պաշտօններ։

ԱՄՆ-ում հանդիսանում է «Քափիթալ Բիզնես Քոնսալթինգ» ընկերութեան հիմնադիր ղեկավարը՝ հանդէս գալով որպէս Բիզնեսի զարգացման եւ ռազմավարական հաղորդակցութեան խորհրդատու։ Հայկ Մարկոսեանը հանդիսանում է նաեւ Հայաստանում գործող  «Մեդիա Ասոցիացիա» ընկերութեան հիմնադիրն ու խորհրդի նախագահը։ Հենց այս ընկերութեան կազմում էլ ընդգրկուած է Ելակետ տեղեկատուական կենտրոնը Yelaket.com, որի ղեկավար Հայկ Մարկոսեանը ներկայացնում էր մեզ իր նորաստեղծ «Հայրիկ» նախագիծը։ «Ելակետ» տեղեկատուական հարթակի հաղորդաշարի նպատակն է ովկիանոսից այն կողմ գտնուող հիւրերի միջոցով բացայայտել հայ տղամարդու կերպարը երկու հիմնական դերերում՝ որպէս հայր եւ որպէս որդի։

Հայկ Մարկոսեանն ասում է. «Կան մարդիկ, որոնց կեանքը դառնում է պատմութեան մի մասը։ Նրանք իրենց գիտելիքով, նուիրումով եւ անսահման աշխատասիրութեամբ կամուրջներ են կառուցում ժողովուրդների միջեւ՝ թողնելով ժամանակին չպարտուող ժառանգութիւն։ Նրանցից մէկն էր մտաւորական Վահան Բայբուրդեանը»։

Ծրագրի առաջին թողարկումը նուիրուած էր Արմէն Բայբուրդեանի հայրիկին՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Բայբուրդեանին, ով եղել էր Իրանի իսլամական պետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան առաջին դեսպանը։ Իսկ որդի Բայբուրդեանի գլխաւորութեամբ էր, որ Լոս Անջելըսում հիմնուեց Հայաստանի Հանրապետութեան առաջին հիւպատոսութիւնը։

Վահան Բայբուրդեանի կողմից ժառանգուած գործը շարունակել էր նրա որդին՝ Արմէն Բայբուրդեանը: Մասնագիտական առումով իրար չզիջող հայր եւ որդի Բայբուրդեանների այս փոխանցուող կապն էր ֆիլմի հիմնական գաղափարը։

Որքա՜ ն կարեւոր է մեր օրերում դիւանագիտութեան արուեստը, որն իր ճկունութեամբ կարող է հրաշքներ գործել միջպետական յարաբերութիւններում։

Հայկ Մարկոսեանը ֆիլմից ցուցադրուեց մի քանի հատուածներ՝ դրա գաղափարի մասին, այն, որ մարդիկ դառնում են պատմութեան մաս եւ նախագծի կարեւորութեան մասին ընդհանրապէս։ Մարկոսեանը շարունակեց՝ իր հետ բեմում նստած Արմէն Բայբուրդեանի հետ զրուցելով, կենդանի, համոզիչ եւ հասանելի։

Արմէն Բայբուրդեանը պատմում էր իր կեանքից դրուագներ՝ հօր մասին, մօր մասին, իր սեփական ընտանիքի մասին։ Նա ասում էր. «…հայրս չի միջամտել, այսինքն ինքը միշտ ինձ յիշեցրել է սկզբունքներ, չի ասել սա ճիշդ է, սխալ է, սա մի արա, սա արա… եւ ես յաճախ, երբ երեխաներիս հետ է կապուած, եւ փորձում եմ նոյնը անել, չի ստացւում նոյն ձեւով, հետո, ի վերջոյ, հասկացել եմ, որ դա աւելի հզօր է…»։

Զարմանալիօրէն, երբ կարծում ենք, թէ մեր այս հեւացող աշխարհում բարոյական արժէքներն արդէն իմաստազրկուել են, յանկարծ լսում ենք այսքան խոհուն եւ գեղեցիկ պատգամներ։ Ու շարունակում է պարոն  Բայբուրդեանը. «Հայ տղամարդը պէտք է լինի ուժեղ, խելացի, նուիրուած իր ընտանիքին եւ երկրին, իրատեսական ծրագրերով առաջնորդուող եւ խնդիրներ լուծող, նաեւ՝ միշտ կապի մէջ լինի հայրենիքի հետ»։

Հայկ Մարկոսեանն իր զրուցակցին թելադրում էր տեղում ողջոյններ յղել մայրիկին, տիկնոջը, զաւակներին՝ այսպիսով է՛լ աւելի շեշտելով մեր բարոյական այն բոլոր արժէքները, որոնցով կառուցւում  ու պահպանւում է առողջ ընտանիքը եւ ողջ հասարակութիւնը։

Զրուցակիցները կարողացան բացատրել եւ ցուցադրել «Հայրիկ» նախագիծն  ամբողջութեամբ՝ ներգրաւելով ունկնդիրներին եւ յուսալով  ունենալ նորանոր պատմութիւններ այս ծրագիրը շարունակական դարձնելու համար։  Օրուայ հիւրերը՝ Հայկ Մարկոսեանը եւ դոկտոր Արմէն Բայբուրդեանը շնորհակալութիւն յայտնեցին ձեռնարկը կազմակերպողներին, յատկապէս Արա եւ Սոնիա Պապայեաններին, որոնց հետեւողական ջանքերով եւ միութեան անդամների օժանդակութեամբ կայացաւ սոյն ձեռնարկը։

Երեկոն աւարտուեց միութեան անդամ տոքթ. Գրիգոր Սիմոնեանի ամփոփիչ խօսքերով. «Յաճախ չէ որ բազմավաստակ եւ արդիւնաշատ ազգային գործիչի մը որդին ալ ըլլայ նոյնքան արժանաւոր եւ բեղուն հայրենիքի ծառայող մը: Եւ այդ զաւկին արժանիքներն ու գործունէութիւնը շատ բան կ’աւելցնեն հօր վաստակին վրայ: Որովհետեւ, ազգային ամենամեծ իրագործումը՝դաստիարակել ու հասցնել է զաւակներ եւ զանոնք ուղել հայրենիքի ծառայութեան»։ Ապա՝ շնորհակալական խօսքեր ուղղեց բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին։

Ներկաները նաեւ վայելեցին Թէքէեան Միութեան տիկինների պատրաստած գեղեցիկ հիւրասիրութինը։

Ի վերջոյ, «Հայրիկ» նախագիծը կարող էր իրականցնել միմիայն այնպիսի անձնաւորութիւն, ով ինքը եւս հաւատում եւ իր ապրած կեանքով հետեւում էր մարդկութեան եւ սեփական ազգի բարոյական արժէքներին։ Ահա թէ ինչ է գրում ֆէյսբուքեան էջում Հայկ Մարկոսեանն իր մօր ծննդեան տարեդարձի առթիւ. «Այսօր քո ծննդեան օրն է, եւ ես ուզում եմ, որ իմանաս՝ դու իմ կեանքի ամէն օրուայ շնորհակալութեան ու աղօթքի պատճառներից մէկն ես։ Քո անունը ինձ համար ուժ է, քո ձայնը՝ հանգստութիւն, քո գրկախառնութիւնը՝ տուն»։

Յաջողութիւն Ձեզ, յարգելի Հայկ, նորանոր հայրիկներ եւ որդիներ թող ամբողջացնեն «Հայրիկ» նախագիծը, եւ թող այն բացայայտի հայ տղամարդու կերպարը՝ հիւսելով մեր ժողովրդի այրերի պատմութիւնը։

 

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment