Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Հանրապետութեան Մէջ Աշխատավարձը Շարունակական Կը Բարձրանայ

Հայաստանի Հանրապետութեան Մէջ Աշխատավարձը Շարունակական Կը Բարձրանայ

by MassisPost

Հայաստանի մէջ աշխատավարձի ֆոնտի շօշափելի աճ արձանագրուած է։ Կառավարութեան Յունիս 22-ի նիստին ժամանակ այս մասին ըսաւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ ներկայացնելով վիճակագրական վերջին տուեալները։

«2018 թուականի Մայիսի համեմատ 2023 թուականի Մայիսին Հայաստանի Հանրապետութիւնում աշխատանքային ֆոնտը կրկնապատկուել է՝ աւելանալով 106,6 տոկոս կամ 103 միլիառ 40 միլիոն դրամով։ Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետութիւնում աշխատող մարդիկ 103 միլիառ 40 միլիոն դրամով աւել աշխատավարձ են ստանում, քան 2018 թուականի Մայիսին։

Շատ կարեւոր է նաեւ միջին աշխատավարձի ցուցանիշը։ Հայաստանի Հանրապետութիւնում մէկ մարդու միջին աշխատավարձը 2018 թուականի Մայիսի համեմատ աւելացել է 101 հազար 629 դրամով կամ 57,6 տոկոսով, իսկ նախորդ տարուայ Մայիսի համեմատ 40 հազար 323 դրամ կամ 17 տոկոսով։ Հայաստանի Հանրապետութիւնում աշխատավարձը շարունակական բարձրանում է։

2022 տուեալներով սղաճի ազդեցութիւնը հանած՝ 6,3 տոկոսով Հայաստանում աշխատավարձը բարձրացել է», ընդգծեց վարչապետը։

Վարչապետը աշխատավարձի ֆոնտի բարձրացումը կը համարէ կառավարութեան կողմէ իրականացուած բարեփոխումներու արդիւնքը։

Հայաստանի մէջ 2023 թուականի Յուլիս 1-էն կրկին պիտի բարձրացուին կենսաթոշակները   յայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինեան։

«Մենք ասում ենք, որ նախորդ տարի Հանրապետութիւնում կենսաթոշակները բարձրացրել ենք  երկու անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք երեք անգամ՝ գումարած նաեւ  անկանխիկ գործարքների դէպքում կենսաթոշակի յետվճարի ծրագիրը։ Յոյս ունեմ, որ չենք  մոռացել, եւ եւս մէկ անգամ կենսաթոշակները Յուլիսի 1-ից պէտք է բարձրացնել», ըսաւ Փաշինեան։

Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Նարեկ Մկրտչեան իր հերթին նշեց, որ յաջորդ նիստին մանրամասն պիտի ներկայացնեն նախագիծը։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment