Յունիս 14-ին, Ազգային Ժողով-Կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Յասմիկ Յակոբեանը անդրադարձաւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աղվան Վարդանեանի հարցազրոյցին, ուր վերջինս խօսած էր 100 քաղաքական մահապարտներու անհրաժեշտութեան մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարումը դադրեցնելու համար:
«Պարոն վարչապետ, սա ոչ միայն յայտարարութիւն է, այլ նաեւ գործողութիւն, որովհետեւ պարոն Վարդանեանը արդէն անուններ ունի այդ 100 մահապարտներից, որոշակի հանդիպումներ է իրականացնում», ըսաւ Յասմիկ Յակոբեանը եւ մեկնաբանութիւն խնդրեց ՀՀ վարչապետէն:
«Կարծում եմ՝ իրականում այդ հարցն ինձ ուղղուած չէ, այդ հարցով պէտք է զբաղուի Գլխաւոր Դատախազութիւնը, որը իրաւասու մարմինն է: Ինչ վերաբերում է մահապարտներին, պէտք է յոյս յայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-յ դասալիքների յատուկ ստորաբաժանում կը լինի այդ խնդիրը լուծելու համար: Կարծում եմ՝ «ընտելանալու» ճիշդ մեթոտ են ընտրել», ըսաւ վարչապետը եւ յաւելեց, որ իրենց քաղաքական ուղեգիծն է օրէնքի գերակայութիւնը եւ օրէնքի բռնատիրութիւնը. «Դա մեր նախընտրական թեզն է: Բոլոր նրանք, ովքեր օրէնքի գիծը կը հատեն, օրէնքով նախատեսուած ուղիներով կը գտնեն իրենց տեղը այս կեանքում», ընդգծեց Նիկոլ Փաշինեանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ ԼՂ հարցի բանակցային գործընթացին վերաբերեալ մանրամասն խոօսակցութիւն պիտի կայանայ նաեւ Քննիչ Յանձնաժողովին մէջ. «Եթէ տենց մահապարտների ջոկատներ կազմող էին… իրենք են ընդունել այն սկզբունքները, որոնցով ԼՂ-ն ճանաչել են Ատրպէյճանի մաս. գնացել դրսում ճանաչել են, ներսում եկել մահապարտների ջոկատներ են կազմել, որոնք նախարարական գրասենեակներում նստած զբաղուած են եղել բոլորովին այլ խնդիրների լուծմամբ»:
Վարչապետը առաջարկեց այդ հարցին քաղաքական մեկնաբանութիւններ շատ չընել. «Այդ հարցին պէտք է արձագանգեն իրաւապահները ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով»:

