Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հանրապետութեան Նախագահ Վահագն Խաչատուրեանի Յայտարարութիւնը

Հանրապետութեան Նախագահ Վահագն Խաչատուրեանի Յայտարարութիւնը

by MassisPost

Յարգելի հայրենակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Սեպտեմբերի 13-ին ատրպէյճանական զինուած ուժերը լայնածաւալ ռազմական գործողութիւններ են սանձազերծել հայ-ատրպէյճանական սահմանի երկայնքով` հրետանու, ԱԹՍ-ների եւ խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ` գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցուածքները, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի տասնեակ զոհեր եւ վիրաւորներ, հասցուել է զգալի վնաս շինութիւններին եւ կառոյցներին:

Իմ խորին ցաւակցութիւններն եմ յայտնում մեր զոհուած զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրաւորներին` շուտափոյթ ապաքինում:

Դիմում եմ Հայաստանի միջազգային գործընկերներին` դատապարտել ատրպէյճանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգութիւններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրաւունքի կանոններին համաձայն հարկադրել Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը հրաժարուել ուժի կիրառման սպառնալիքի եւ բռնութեան սանձազերծման գործելաոճից:

Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառոյցները ու միջազգային հանրութիւնը միասնական` համարժէք եւ հասցէական գնահատականներ կը հնչեցնեն Ատրպէյճանի կողմից միջազգային իրաւունքի հիմնարար` տարածքային ամբողջականութեան սկզբունքի կոպտագոյն խախտման, խաղաղութեան օրակարգի խաթարմանն ուղղուած յարձակման վերաբերեալ:

Յորդորում եմ մեր քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցութիւններին եւ հասարակական կառոյցներին գիտակցելով պահի լրջութիւնն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնութիւններն ու հակասութիւններն ու միահամուռ կերպով, անվերապահօրէն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետութեան Զինուած Ուժերին ու հանրային միասնութեանը:

Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանութեան կարիք ունի եւ ստեղծուած իրավիճակում մեզ բոլորիս պէտք է միաւորի մեր երկրի պաշտպանութեան, սահմանների անխաթարելիութեան, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան ապահովման նուիրական գործը:

Հարակից Նյութեր

Leave a Comment