Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստան-Ֆրանսա Երկկողմ Յարաբերութիւնները կը Շարունակեն Զարգանալ

Հայաստան-Ֆրանսա Երկկողմ Յարաբերութիւնները կը Շարունակեն Զարգանալ

by MassisPost

Մարտ 8-ին Էլիզէի պալատէն ներս կայացած է պաշտօնական այցով Ֆրանսայի Հանրապետութեան մէջ գտնուող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլլանտի հանդիպումը: Հայաստանի եւ Ֆրանսայի նախագահները բանակցութիւններու արդիւնքները ամփոփած են ԶԼՄ-ներու առջեւ համատեղ յայտարարութիւններով:

«Ուրախութեամբ եմ արձանագրում, որ բոլոր հարցերի շուրջ մեր մօտեցումները շատ մօտ են միմեանց. դա վերաբերում է ինչպէս մեր երկկողմ յարաբերութիւններին, այնպէս էլ մեր տարածաշրջանում ծաւալուող խնդիրներին, իրադարձութիւններին», – յայտարարած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը:

«Մենք այսօր եւս մի քայլ կատարեցինք մեր յարաբերութիւնների խորացման՝ ստորագրելով փաստաթուղթեր զբօսաշրջութեան, միջբուհական-գիտակրթական համագործակցութեան ոլորտներում», – նշած է Սարգսեան՝ աւելցնելով, որ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը ամուր հիմք է նաեւ արդիւնաւէտ տնտեսական համագործակցութեան համար։

«Եւ որքան էլ որ մեր տնտեսական յարաբերութիւնները դեռ չեն հասել քաղաքական յարաբերութիւնների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղութեամբ: Եւ ինչպէս պարոն Նախագահն ասաց` ես այսօր առաւօտեան ՄԵԴԵՖ-ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան եւ ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականութեամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եւրասիական տնտեսական միութեան անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում եւ իրացնելու Եւրասիական տնտեսական միութեան 170 միլիոնանոց շուկայում: Եւ երկրորդ` ունենալով Իրանի հետ լաւ յարաբերութիւններ, Իրանի դէմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լաւ յարաբերութիւններ, ճանաչելով իրանական շուկան եւ Իրանի ժողովրդին՝ Հայաստանը եւս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերութիւններին օգտակար լինել, եւրոպական ընկերութիւններին հարթակ ծառայելով` ունենալով հնարաւորութիւններ եւ այդ հնարաւորութիւններն ի սպաս դնել մեր այս յարաբերութիւնների զարգացմանը: Եթէ ֆրանսիական պիզնէսը ծաղկի Իրանում, մենք եւս կը լինենք օգտատէրերի թուում», – ընդգծած է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսեանը նաեւ նշած է, որ Ֆրանսայի նախագահին շնորհակալութիւն  յայտնած է 2018 թուականին Ֆրանքոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանի մէջ իրականացնելու որոշման աջակցելու համար եւ խօսած է երկու երկիրները իրար կապող գործօններու մասին․ – «Դրանցից մէկը Ֆրանսիայում ապրող գրեթէ կէս միլիոն ծագումով հայերն են, ովքեր կարողացել են մազապուրծ լինել մեզ պատուհասած աղէտից, հասնել Ֆրանսիա, հաստատուել այստեղ եւ աշխատել Ֆրանսիայի զարգացման համար՝ պահպանելով իրենց ազգային ինքնութիւնը: Նրանք այսօր շատ մեծ բնական կամուրջ են: Երկրորդ հանգամանքը` ֆրանսիական մշակոյթն է, որ Հայաստանը սիրում է, որ Հայաստանում ճանաչում են, որը Հայաստանում տարածուած է: Մենք այս ամէնը մշտապէս պէտք է փայփայենք որպէս մեր բարեկամութեան երաշխիք»:

Եզրափակելով իր յայտարարութիւնը՝ Հայաստանի նախագահը շնորհակալութիւն  յայտնած է Հոլլանտին ջերմ ընդունելութեան համար:

Հարակից Նյութեր

Leave a Comment