Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Կառավարման Նոր Համակարգը Ոչ Թէ Խորհրդարանական է, Այլ՝ Սուփըր-Վարչապետական». Էտմոն Մարուքեան

«Կառավարման Նոր Համակարգը Ոչ Թէ Խորհրդարանական է, Այլ՝ Սուփըր-Վարչապետական». Էտմոն Մարուքեան

by MassisPost

Կառավարման նոր համակարգով այն դերակատարումը, որ պէտք է ունենայ խորհրդարանը, պիտի չունենայ, «Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդման ժամանակ նման համոզմունք յայտնած է «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Էտմոն Մարուքեանը՝ նշելով, որ այն ոչ թէ խորհրդարանական համակարգ է, այլ՝ սուփըր-վարչապետական։

Մարուքեանի համոզմամբ, ամէն ինչ կը կեդրոնանայ վարչապետի ձեռքը։

«Գործադիր իշխանութիւնն ամբողջութեամբ ղեկավարւում է վարչապետի կողմից։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ «այդ իշխանութիւնն ամբողջութեամբ հակակշռուած եւ փոխզսպուած չէ, որովհետեւ խորհրդարանը չունի համապատասխան լծակներ եւ մեխանիզմներ»։ Դրան է գումարւում խորհրդարանի նաեւ այս վերջին շրջանի եղած դերակատարման թուլացումը, դրան է գումարւում այն նոր օրէնքները, որոնք գալիս են, որոնք, օրինակ, վերաբերում են կառավարութեան նիստերի փակ լինելուն, որոնք վերաբերում են վարչապետին եւ կառավարութեանն առընթեր մարմիններին։ Գիտէք՝ Ոստիկանութիւնը վարչապետին ենթակայ մարմին է այլեւս դառնում, հիմա կառավարութեանն առընթեր մարմին է, ԱԱԾ-ն՝ վարչապետին ենթակայ, վարչապետի վերահսկողական ծառայութիւնը՝ նորից վարչապետին ենթակայ, եւ վերջինը՝ Պետական պահպանութեան ծառայութիւնը, որը նոյնպէս վարչապետին ենթակայ ծառայութիւն է։ Այսինքն՝ անգամ դրանք կառավարութեանն էլ հաշուետու չեն, եթէ նայենք խորհրդարանական կառավարման համաթեքստում, օրինակ՝ հարցուպատասխան խորհրդարանում, ոստիկանապետը գայ խորհրդարան, չի լինելու նման բաներ, ինչպէս որ չի եղել հիմա, բայց որ հիմա չի եղել, դա ունէր արդարացում, օրինակ՝ դէ կիսանախագահական երկիր է, նախագահին է միանգամից ենթարկւում եւ այլն, բայց հիմա գործող Սահմանադրութեամբ, որ մենք իբր թէ անցնում ենք նոր համակարգով խորհրդարանականի, մենք արձանագրում ենք, որ դա խորհրդարանական չի, դա սուփըր-վարչապետական է, եւ խորհրդարանը մեծ հաշուով այն դերակատարումը, որը պէտք է ունենար, չունի», – ըսած է Մարուքեանը։

Անոր խօսքով, այնքան ուժ կուտակուած է գործադիր իշխանութեան մօտ, որ նախագահի իրաւունքը հնարաւոր է «պատրանքային իրաւունք» դառնայ։

«Նախագահը հսկելու է օրէնքների սահմանադրականութեան հարցը, եւ եթէ, իր կարծիքով, ինչ-որ օրէնք է ընդունուել, որը սահմանադրական չէ, նա կարող է դիմել Սահմանադրական դատարան եւ չստորագրել, բայց այնքան ուժ է կուտակուած գործադիր իշխանութիւնում, որ դա հնարաւոր է դառնայ պատրանքային իրաւունք», – ըսած է ընդդիմադիր պատգամաւորը։

Հարակից Նյութեր

Leave a Comment