«Իրազեկ քաղաքացիներու միաւորում» հասարակական կազմակերպութեան համակարգող Դանիէլ Իոաննիսեան Ֆէյսպուքի իր էջով գրառում կատարած է՝ նկատելով, որ, երբ ցոյցերը մարին, կ’արժէ 2 հարց քննարկել:
«1. Քաղաքական գործունէութեան եւ լրատուամիջոցների ֆինանսաւորման թափանցիկութիւնը։ Այս ոլորտում կան որոշակի կարգաւորումներ, բայց դրանք շատ թերի են ու շրջանցման հազար ու մի ձեւ ունեն։
«Օրինակ՝ ինձ հետաքրքիր է, թէ ո՞վ էր վճարել Հանրապետութեան հրապարակի ահռելի բեմահարթակի համար։ 2018-ին Նիկոլ Փաշինեանը դրամահաւաք էր արել, դրա մասով մանրամասն հաշուետուութիւն էր հրապարակուել։
«Նաեւ հարց է առաջանում, թէ արդեօք ֆինանսաւորման թափանցիկութեան կանոնները չյարգող լրատուամիջոցների ներկայացուցիչները պէ՞տք է օգտուեն լրագրողների պաշտպանութեան բոլոր մեխանիզմներից։
«2. երկրորդը՝ դա Հայ առաքելական Սուրբ եկեղեցու տնտեսա-ֆինանսական գործունէութեան թափանցիկութիւնն է։ Արդեօք պետութիւնը՝ մաքսային եւ հարկային մարմինները, հետեւո՞ւմ են, որ եկեղեցու բարեգործական գործունէութեան անուան տակ (կամ դրան զուգահեռ) չկայ որոշ անձանց քօղարկուած առեւտրային գործունէութիւն։
«Առհասարակ որքանո՞վ է հիմնաւոր եկեղեցու ու քահանաների կողմից հարկեր չվճարելը։ Արդեօք իրենցից ոմանք պէտ՞ք է «Պենթլի» կամ «LX570» վարելով հանդերձ՝ զերծ մնան պետութեան (բոլորիս) կարիքների համար հաւաքագրուող հարկերի վճարումից»,- գրած է ան:

