ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեան ուղերձ յղած է Արցախի Հանրապետութեան հռչակման 31-ամեակին առթիւ:
«Սիրելի հայրենակիցներ,
1991 թ. Սեպտեմբերի 2-ին ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակագիրը` սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախեւառաջ միտուած էր Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրաւունքների երաշխաւորմանը:
Այս տարեդարձը մենք այսօր դիմաւորում ենք բարդագոյն ժամանակահատուածում` Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծուած դժուարին իրավիճակում, երբ դեռ չեն սպիացել պատերազմի անդառնալի կորուստների վէրքերը, երբ մեր առաջնահերթ հարցերը շարունակում են մնալ արցախահայութեան անվտանգութեան ապահովումն ու խաղաղ ապրելու իրաւունքի անձեռնմխելիութիւնը:
Նոր պատերազմի սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, ընկերատնտեսական ու մարդասիրական հարցերը Հայաստանի եւ Արցախի մշտական օրակարգային առաջնահերթութիւններն են: Դրանք չեն կարող լուծուել առանց քաղաքականապէս եւ տնտեսապէս ուժեղ, զարգացած, Հայաստանի գոյութեան, առանց առկայ ներուժի լիարժէք օգտագործման ու մեր միջազգային գործընկերների հետ արժանապատիւ ու ամբողջական համագործակցութեան, առանց միջազգային իրաւունքների ու մարդասիրական կանոնների երաշխաւորմամբ:
Մեր ժողովուրդն այսօր կրկին կանգնած է նոր մարտահրաւէրների առաջ, որոնք կարող ենք յաղթահարել տոկունութեամբ, միասնական ջանքով, համազգային ներուժի գիտակցմամբ ու համախմբումով:
Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով եւ հէնց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու, արցախցու` իր հայրենիքում ապրելու եւ արարելու գրաւականը:
Այսօր մենք խոնարհւում ենք յանուն Արցախի իրաւունքների ու պաշտպանութեան համար զոհուած մեր հայրենակիցների յիշատակի առաջ եւ յանձնառու ենք կայուն եւ յարատեւ խաղաղութիւն` Հայաստանի, Արցախի ու մեր տարածաշրջանի համար», ըսուած է Խաչատուրեանի ուղերձին մէջ: