Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի Վարչութեան յայտարարութիւնը․
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը խիստ մտահոգուած է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններով: Հնչակեան կուսակցութիւնը, պաշտպանելով քաղաքացիների խաղաղ ցոյցերի անցկացման իրաւունքը, յայտարարումէ.
- Ցույցի դուրս եկած քաղաքացիների ճնշող մեծամասնութիւնը՝ յատկապէս երիտասարդութիւնը, երկրում ցանկանում է տեսնել շօշափելի և արագ բարեփոխումներ ու առկայ մթնոլորտը յաղթահարող համակարգային լուծումներ:
- Հրամայական է երկրում համակարգի կտրուկ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտութիւնը:
- Խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի հնարաւոր կիրառումը ոչ միայն դատապարտելի է իբրև սահմանադրական իրաւունքի կոպիտ խախտում, այլեւ կարող է հանգեցնել առկայ մթնոլորտի էլ աւելի շիկացմանը:
- Ներքաղաքական ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական գործիքակազմ՝ քաղաքական կազմակերպութիւնների համընդհանուր կոնսենսուսի միջոցով:
Հնչակեան կուսակցութիւնը մշտապէս յայտարարել է, որ երկրում սոցիալական անարդարութեան դրսևորումները, բիզնեսի սերտաճումը կառավարման համակարգի հետ, հասարակութեան մէջ հարուստների և աղքատների կաստայական շերտաւորումը հանգեցրել է լարուածութեան , որի դրսևորման ականատեսն ենք այսօր: Վստահ ենք, որ քաղաքացիական իրաւունքների իրացումը և փոփոխութիւնների պահանջը պէտք է կեանքի կոչի աւելի արդար ու պաշտպանուած հասարակութեան ձևաւորումը:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի Վարչութիւն