Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Յայտարարութիւնն Հայաստանի Ներքաղաքական Իրավիճակի Վերաբերեալ

Յայտարարութիւնն Հայաստանի Ներքաղաքական Իրավիճակի Վերաբերեալ

by MassisPost

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը խոր մտահոգութեամբ է հետևում Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցող վերջին իրադարձութիւններին ու ցնցող բացայայտումներին: Քննչական մարմինների հրապարակած իրեղէն ապացոյցներն ու ձայնագրութիւնները փաստում են, որ կանխուել է բծախնդրօրէն մշակուած ահաբեկչական ծրագիր, որի վերջնական նպատակը բռնի իշխանազաւթումն էր:

Դեռ մի տարի առաջ հրապարակած յայտարարութեամբ, մենք անընդունելի էինք համարել «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման մէջ Հայոց Առաքելական Եկեղեցու ստանձնած առաջնորդող դերը, մտահոգութիւն յայտնելով, որ եկեղեցու քաղաքական գործընթացներում ներքաշուելը յղի է լուրջ հետևանքներով: Իսկ այսօր, ականատես ենք լինում աւելի ծանրակշիռ երևոյթի, երբ այլ քաղաքական անձնաւորութիւնների կողքին, մի շարք հոգևորականներ ևս մեղադրւում են ահաբեկչական գործողութիւնների կազմակերպման մէջ: Համոզուած ենք, որ եթէ օրին Մայր Աթոռը ազդու միջոցներ ձեռք առներ, մի գուցէ հնարաւոր կլիներ խուսափել նման անբաղձալի իրավիճակից:

Մենք ևս մէկ անգամ ուզում ենք շեշտել, որ հաւատարիմ ու զօրաւիգ ենք Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու խօսքի, մտքի ու գումարման ազատութեան ժողովրդավարական հիմնարար իրաւունքներին: Սակայն վերջին բացայայտումները բացարձակապէս չեն տեղաւորւում այդ իրաւունքների սահմաններում ու եթէ յաջողուեր գործադրութեան դնել այդ դիւային ծրագիրը, երկիրը կարող էր յայտնուել խոր ճգնաժամում` համազօր հոկտեմբեր 27-ի սպանդին։

Հնչակեան Կուսակցութեան անունից խստիւ դատապարտում ենք բռնի իշխանափոխութեան ու առհասարակ բռնութեան իւրաքանչիւր արտայայտութիւն, հրապարակային կոչ, առաւել ևս ծրագիր։ Ժողովրդավար Հայաստանում իշխանափոխութեան մէկ ճանապարհ կա, միայն ազատ ու արդար ընտրութիւնների միջոցով։ Իշխանութիւն թէ ընդդիմութիւն բոլորն էլ պարտաւոր են գործելու այդ սկզբունքների հիման վրայ, հայրենիքը հեռու պահելու համար անհարկի ցնցումներից։

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութիւն
Յուլիս 4, 2025

Հարակից Նյութեր

Leave a Comment