Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Այսօր Լուծւում Է Արցախի, Հայաստանի Ապագայի Հարցը․ Ընտրութիւնները Պէտք Է Հիմնուած Լինեն Գաղափարական Տեսլականների Վրայ

Այսօր Լուծւում Է Արցախի, Հայաստանի Ապագայի Հարցը․ Ընտրութիւնները Պէտք Է Հիմնուած Լինեն Գաղափարական Տեսլականների Վրայ

by MassisPost

Yerevanlur.am-ի կայքը հարցազրոյց ունեցած է Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (ՍԴՀԿ) կեդրոնական վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանի հետ՝Հայաստանի մէջ սպսուող խորհրդարանական ընտրութիւններուն շուրջ։

Ստորեւ՝ հարցազրոյցը ամբողջութեամբ.

— Պարոն Սարաֆեան, Հայաստանը պատրաստւում է Յունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, նոր դաշինքներ են ձեւաւորւում, ԿԸՀ-ն երեկ հաստատեց, որ նախընտրական քարոզարշաւը մեկնարկելու է Յունիսի 7-ին։ ինչպիս՞ի նախընտրական պայքար էք կանխատեսում։
— Արդէն, կարծես, ուրուագծուել է երկբեւեռանի պայքարի պատկեր, բայց, անշուշտ, դեռ 2-3 շաբաթուայ  ընթացքում կարելի է տեղաշարժեր ակնկալել, որովհետեւ այն պատկերը, որ այսօր ունենք, չեմ կարծում՝ վերջնական է լինելու։ Հիմնական բոլոր խաղացողներն էլ հասկանում են, որ մի քանի խմբաւորում պայքարում են որոշակի ընտրազանգուածի ձայների համար, իսկ իշխանութեան ընտրազանգուածի հետ նրանք, այսպէս թէ այնպէս, առնչութիւն չունեն։ Պարզ է, որ պէտք է լինեն հաշուարկներ՝ ինչպէս աշխատել ընտրազանգուածի հետ, որպէսզի քուէարկութեան ժամանակ կարողանան նրանից ձայներ ստանալ, իսկ եթէ չկարողանան, ապա ինչպէս են բաժանուելու այդ ընտրազանգուածի ձայները։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարեանի ղեկաւարութեամբ, «Հայրենիք-ՀՀԿ» դաշինքը եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը, յստակ է, հիմնուած են մի ընտրազանգուածի վրայ։ Լուսաւոր Հայաստանը» եւ «ազգային բեւեռը» մի քիչ տարբեր ընտրազանգուածներ ունեն։ Նախընտրական մթնոլորտը, կարծում եմ, հետզհետէ շատ աւելի  կշիկանայ, բայց, անշուշտ, նախընտրելի է, որ ընտրութիւններն իսկապէս լինէին  բովանդակային եւ գաղափարական տեսլականների վրայ հիմնուած՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից, այլ ոչ թէ այն մակարդակով եւ ատելութեան մթնոլորտի մէջ, որ հիմա գոյութիւն ունի։

— Կարծես արդէն երեւում է, որ լինելու է ոչ թէ գաղափարական, այլ՝ փոխադարձ մեղադրանքների, նախկինների ու ներկաների, հնի ու նորի պայքար։
— Դժբախտաբար, այդպէս է ու դա շատ վատ է։ Նախ՝ պէտք է ընդունենք, որ Հայաստանում երբեք, անգամ նախորդ ընտրութիւնների ժամանակ, չի եղել գաղափարի պայքար, չի ձեւաւորուել  ընտրական մշակոյթ։ Այդ երեւոյթը շարունակւում է այսօր՝ շատ աւելի  սուր եւ ընդգծուած։ Դա որեւէ լաւ բանի չի կարող յանգեցնել, որովհետեւ, եթէ չկայ գաղափարական պայքար, մենք դատապարտուած ենք անընդհատ յայտնուելու այսպիսի իրավիճակների մէջ։ Յատկապէս յետպատերազմեան այս շրջանում շատ աւելի  կենսական է, որ գաղափարական դաշտ լինէր։ Այսօր լուծւում է Արցախի, Հայաստանի ապագայի հարցը։ Ինչպիսին լինի ընտրութիւնների որակը, այդպիսին էլ կը լինի ապագան։ Ընտրողների 40 %-ը կողմնորոշուած չէ։ Նրանք պէտք է հնարաւորութիւն ունենան իրենց քուէն տալ այն կուսակցութեանը կամ դաշինքին, որը կը ներկայացնի, թէ Հայաստանի ապագայի ինչ տեսլական է պատկերացնում։

Աւելին՝ հիմա իսկապէս ժամանակն է անկեղծ, ճիշտ ու սթափ մօտեցումներով առաջ գնալու, այլ ոչ թէ այսպէս ամպագորգոռ յայտարարութիւններով կամ անիրատեսական երազներով, ցանկություններով ինչ-որ կոնֆլիկտներ ստեղծելու համար, որովհետեւ մենք չունենք դրա ժամանակը։ Հիմա լուրջ, անկեղծ եւ ճիշտ մօտեցումներով առաջ գնալու ժամանակն է։

— ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը գաղտնազերծեց իր առաջարկները Ռոբերտ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին՝ ընտրութիւններին մասնակցել միասնական դաշինքով։ Երկու տիպի մեկնաբանութիւններ եղան, թէ ինչպէս կարող է առաջին նախագահը միաւորուել, իր իսկ խօսքերով, «նախկին աւազակապետական ռեժիմի ղեկավարների» հետ, եւ որ Տէր-Պետրոսեանի առաջարկի մեխն այն էր, որ նրանք չեն յաւակնելու որեւէ քաղաքական պաշտօնի։ Ձեր դիտարկմամբ՝ որ՞ն էր Տէր-Պետրոսեանի առաջարկի էութիւնը։
— Ինչ որ ասուել է՝ ասուել է, բացատրութիւնն արդէն տրուել  է։ Սակայն, մեր կարծիքով, եթէ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից պիտի լինէր այդ քայլը, դրա յաջորդ տրամաբանական քայլը պէտք է լինի ընտրութեան մասնակցութեան եւ այլընտրանքային ուժ դառնալու յայտը, որովհետեւ այսօրուայ  դրութեամբ շատ յստակ է մեզ համար, որ միակ քաղաքական գործիչը, որը բարոյական իրաւունք ունի եւ տարիների ընթացքում հետեւողականօրէն  նոյն քաղաքական ուղեգիծն է հետապնդել, նա է։ Ինչպէս տեսնում ենք՝ իր բոլոր կանխատեսումները եւ մտահոգություններն իրականութիւն դարձան։ Տրամաբանական կը լինէր, որ նա ոչ միայն մասնակցեր, այլեւ հրապարակային հանդէս գար իր յայտնի բովանդակային յօդուածներով եւ ելոյթներով։ Այսինքն, ինքը սկսեր ձեւաւորել քաղաքական, գաղափարական դիսկուրսը, թէ ինչպիսին ենք տեսնում Հայաստանի ապագան, որովհետեւ մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք այսօրուայ  տարածաշրջանային նոր իրականութեան, հարեւանների հետ յարաբերութիւնների, Արցախի կարգավիճակի եւ Ռուսաստանի ժամանակաւոր ներկայութեան առումով։ Ինչպէ՞ս է օգտագործուելու առաջիկայ 4 տարուայ  ժամանակահատուածը։ Ուզենք , թէ չուզենք՝ ժամանակը գնում է։ Ինչպէ՞ս մենք պէտք է վարուենք այս իրավիճակում, ինչպէ՞ս պէտք է գոնէ ինչ-որ չափով ետ բերենք մեր ինքնիշխանութիւնը, որից այսօր զրկուել ենք, եւ այժմ ոչ թէ Հայաստանն է Արցախի անվտանգութեան երաշխաւորը, այլեւ ՀՀ-ն է ապաւինում Ռուսաստանին, որպէսզի կարողանանք մեր սահմանները պահել, երթեւեկել դէպի Սիւնիք, կամ Արցախ։ Այսինքն՝ իրապէս կան շատ լուրջ գործընթացներ, որոնց մասին պէտք է խօսել եւ սթափ որոշումներ կայացնել։

— Պատերազմից յետոյ շատ են խօսակցութիւնները, թէ Սփիւռքը դէմ է գործող իշխանութիւններին։ Իրօ՞ք այդպէս է, եւ որքանո՞վ է Սփիւռքի ձայնը լսելի Հայաստանում։
— Իրականութիւնը բոլորովին այդպէս չէ, որովհետեւ այստեղ կայ մի քանի գործօն եւ այն, ինչ այսօր կատարւում է Հայաստանում, մօտաւորապէս նոյն պատկերը Սփիւռքում է։ Այստեղ անհատական կամ անհատականացուած պատասխանատուութեան խնդիր չէ։ Խնդիրը մեղաւորներ փնտրելու մէջ է, դաւաճան եւ հայրենասէրի պիտակաւորումների մէջ է, թէ ում պատճառով է պատերազմը տեղի ունեցել։ Նոյեմբերի 9-ից յետոյ մէջտեղ նետուած կարգախօսը շատ բան աղաւաղեց  իրականութիւնից եւ նպաստեց հասարակութեան ոչ միայն բեւեռացմանը, այլեւ, իմ կարծիքով, սխալ օրակարգի արմատաւորմանը եւ դրանից բխող անիմաստ ու անհեթեթ բոլոր մեղադրանքներին, փողոցային, բամբասանքի մակարդակի խօսակցութիւններին, ապատեղեկատութեան, ինչու ոչ՝ տեղեկատուական տեռորին, ժողովրդին բարոյալքելու բոլոր ջանքերին, որ նպատակ ունի սուտ, նենգ լրատուութիւն հրապարակելով, մարդկանց՝ արդէն վիրաւոր հոգիները ցաւեցնելու։ Հիմա նոյն իրավիճակը Սփիւռքում է, բայց մենք յստակ տեսնում ենք, որ պարտուեց գաղափարը։ Այսօրվայ իշխանութիւնը կրում է պատասխանատուութիւն, եւ վարչապետը եւս ասում է՝ մենք պատասխանատու ենք։ Այո՛, բայց, միանշանակ, պատասխանատուութիւնը միայն այսօրուայ  իշխանութեան վրայ չէ։ Այսինքն, այն գաղափարը, թէ «մենք կարող էինք դիմադրել, նոր յաջողութիւնների հասնել, ոչ մի թիզ հող, ոչ մի զիջում, մենք ի վիճակի ենք Արցախի սահմանները պաշտպանել, նոր պատերազմ, նոր տարածքներ», որ վերջին 20 տարուայ  ընթացքում արմատաւորուել էր ժողովրդի մէջ, պարտուեց։ Այդ պարտուած գաղափարի կրողներն են ե՛ւ նախկին իշխանութիւնները, ե՛ւ, դժբախտաբար, այսօրուայ իշխանութիւնները։ Ուղղակի հիմա, այդ պատրանքի շղարշը պատռուելուց յետոյ, երբ իրականութեանը դէմ յանդիման ենք, պարզ է՝ թ՛է մեր հնարաւորութիւնների եւ թ՛է կարողութիւնների սահմանը, եւ բոլորը հասկանում են ինչ վիճակի մէջ ենք յայտնուել։ Դրանից է բխում Սփիւռքի վերաբերմունքը։ Այստեղ, դժբախտաբար, նկատի չի առնւում մի գործօն, այն, որ Արցախի պարտութիւնը կամ պատերազմն ընդհանուր պատկերի միայն մի մասն է, իսկ երկրորդ մասը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է, թէ ինչու տեղի ունեցաւ յեղափոխութիւնը։ Պարզ է, որ այդ երկուսն իրարից զանազանելու անհրաժեշտութիւն կայ, ինչը Սփիւռքում աւելի  հեշտ է անել, որովհետեւ նաեւ հեռու ենք այդտեղի թէժ իրավիճակից։ Դրանից հետեւութիւններ  են արւում, թէ ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում՝ յաւէրժական թշնամակա՞ն յարաբերութիւններ ունեցող հարեւանների հետ, Ռուսաստանի ուժի աջակցութեանը ապաւինո՞ղ, թ՞է սկսելու ենք հարցերին մօտենալ բոլորովին այլ տեսանկիւնից, այսինքն՝ ունենալ կանխատեսելի, կարգաւորուած յարաբերութիւններ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ։ Պարզ է, որ դժուար է հիմա դա պատկերացնելը, բայց, ուզենք  թէ չուզենք , դա պիտի անենք, որովհետեւ դրանից է կախուած երկրի ինքնիշխանութիւն ունենալու հնարաւորութիւնը։ Եթէ մենք չկարողանանք ստեղծել այդ յարաբերութիւնները, չսկսենք այդ գործընթացը, ուրեմն յաւէրժ մնալու ենք այս իրավիճակի մէջ։ Պարզ է՝ դաշնակիցն իր շահերն ունի։ Երբ մեր շահերը համընկնում են, շատ լաւ է, բայց երբ շահերը չեն համընկնում, շատ վատ է լինում, ինչին մենք ականատես ենք եղել պատմութեան մէջ եւ ականատեսն ենք այս անգամ։

— Պարոն Սարաֆեան, Դուք դեռ մէկ տարի առաջ հարցազրոյցներից մէկում համախմբման կոչ էիք անում, բայց պատերազմն աւելի  խորացրեց ջրբաժանը, հասարակութիւնն է՛լ աւելի  է բեւեռացել։ Ինչպէ՞ս էք այս խնդրի լուծումը տեսնում, Սփիւռքի ներուժը ինչպէ՞ս կարող է օգտագործուել, զանգուածային հայրենադարձութիւն հնարաւո՞ր է։ Դա կը փոխէ՞ր մթնոլորտը, ինչպէս, օրինակ, սիրիահայերի, թէկուզեւ, պարտադրուած հայրենադարձումը այստեղ բիզնես մթնոլորտ փոխեց։
— Նախ՝ մենք միշտ համոզուած ենք եղել, որ մեր շատ ցանկութիւններ, իղձեր իրականութեան ենք վերածելու, բայց երբեմն գերագնահատւում  է կամ վերնագրային բառերի մէջ է մնում Սփիւռքի ներուժը, Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները, օժանդակութեան խնդիրը, կամ Սփիւռքի մասնակցութիւնը հայրենիքի զարգացմանը եւ բարգաւաճմանը։ Ինչո՞ւ եմ դա ասում։ Որպէսզի հայրենադարձութիւնն իրական լինի, բնական է, որեւէ մէկն իր հանգիստ կեանքը թողած չի գնալու եւ աւելի  վատ ու անապահով պայմաններում ապրելու։ Սա չի լինելու։ Եթէ մենք վերցնենք Իսրայէլի օրինակը, այստեղ մի քանի գործօններ կան։ Առաջինը՝ հայրենիքի պահպանման կամ հզօրացման գործօնը, որի պատճառով հայրենադարձութիւնը տեղի է ունենում։ Երկրորդը՝ կեանքը շատ աւելի  բարեկեցիկ է այնտեղ, օրինակ, երբ Ռուսաստանից հսկայական արտագաղթ եղաւ  դէպի Իսրայէլ, այդ մարդիկ շատ աւելի  լաւ պայմաններում սկսեցին ապրել։ Հայաստանի դէպքում 2 շատ կարեւոր գործօն կայ։ Առաջինը՝ համերաշխութեան մթնոլորտ պէտք է լինի։ Այսինքն, նոյեմբերի վերջին արուած մեր՝ պետականութեան շուրջ համախմբուելու կոչն այդ ելակէտն ունէր, որ պէտք է զանազանել պետականութիւնն իշխանութիւններից, կուսակցութիւններից եւ ամէն ինչից։ Պէտք է լինի Հայաստանի ազգային տեսլական, եւ կարող են լինել քաղաքական տարբերութիւններ։ Առանց այդ գաղափարի ես չեմ տեսնում ներգաղթի հաւանականութիւն։ Անշուշտ, ներգաղթը կը նշանակի նաեւ մտաւորական ներուժի ներհոսք, դրսում ձեռք բերուած հսկայական, բազմաթիւ տասնեակ տարիների շատ մասնագէտների փորձ, որը կարելի կը լինի օգտագործել Հայաստանի զարգացման համար։ Դա իսկապէս շատ բան կը փոխի բոլոր ոլորտներում, ոչ միայն քաղաքական առումով։ Բայց դա անելու համար, առաջին հերթին, սփիւռքահայը պէտք է կարողանայ հասկանալ, որ չի ընկնելու վատ իրավիճակի մէջ, իսկ դրա ամենակարեւոր ցուցանիշը յարաբերութիւններն են եւ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտւը։ Այսպիսի մթնոլորտում, ինչպիսին այսօր մենք ունենք, ի հարկէ, պատկերացնել չենք կարող, որ որեւէ մէկը կցանկանայ նման քայլի դիմել, եթէ դա պարտադրուած չի անում, ինչպէս սիրիահայերի պարագայում պատերազմի պատճառով էր։

Գայիանէ Խաչատրեան
Մարիամ Ասատրեան

Հարակից Նյութեր

Leave a Comment