Home ՀԱՅԱՍՏԱՆ Անդրանիկ Քոչարեան Անիրատեսական Կը Համարէ Տէր Պետրոսեանի Առաջարկը

Անդրանիկ Քոչարեան Անիրատեսական Կը Համարէ Տէր Պետրոսեանի Առաջարկը

by MassisPost

Հայաստանի առաջին նախագահ՝ Լեւոն Տէր Պետրոսեան առաջարկած է վարչապետ Փաշինեանին հրաժարական տալ եւ անձեռնմխելիութեան երաշխիքներու ապահովմամբ ապաստանիլ արտերկիր։ Ըստ Լեւոն Տէր Պետրոսեանի՝ ասիկա պետութեան, ժողովրդի ու Փաշինեանի շահերէն բխող միակ ելքն է։

Ազգային ժողովի պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարեան Հայ ազգային քոնկրէսի ղեկավարի առաջարկութիւնը անիրատեսական կը համարէ. «Իրատեսական չէ նախ այն առումով, որ մեր առաջին նախագահը երեւի շարժւում է այն դրդապատճառով, որ յայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տուեց: Այսօր կարծում եմ՝ յայտնի ուժերի դերում հնարային ընկալման մէջ Նիկոլ Փաշինեանն ունի առաջնային մանտաթ եւ դրանից ելնելով ինքը դրա համար առաջարկում է արտահերթ ընտրութիւնների միջոցով լուծենք իշխանութիւնների խնդիրը: Ես այստեղ տեսնում եմ, որ առաջին նախագահն ըստ էութեան միացաւ 17 ին, թէ 15 ին, չգիտեմ, նրանց նպատակներին, որն անթոյլատրելի է իմ համար»:

Լեւոն Տէր Պետրոսեան նշած է, որ վարչապետի հրաժարականէն յետոյ պարտականութիւնները պէտք է դրուին անկուսակցական փոխվարչապետի վրայ, որ իր չէզոքութեան հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրութիւններու կատարումը:
«Ես կուզէի, որ առաջին նախագահը վերլուծեր բոլոր ընտրութիւնները եւ նաեւ իր հրաժարականի բուն պատճառները, այդտեղ կը լինէր շատ ազնիւ եւ ոչ թէ առաջնային մանտաթով օժտուած, օրինաւորութեամբ օժտուած իշխանութիւններին գրողի ծոցն ուղարկելու առաջարկով հանդէս գար», – ըսաւ Քոչարեան:

«Նախորդ ընտրութիւնների արդիւնքներն է, որը խայտառակ չի եղել, որը եղել է ամենալաւը: Բա որտեղի՞ց վստահութիւն, որ լինելու է վատը, այդ ի՞նչ կանխատեսումներ են: Առաջին անգամ եմ տեսնում, որ առաջին նախագահի եւ Վազգէն Մանուկեանի տեսակէտները համընկաւ, կը ներէք, բայց պէտք է փաստ ունենաս: Այս իշխանութիւնները վերջապէս 98 թուականի խորհրդարանական ընտրութիւններից, որը յետոյ վերականգնեց օրինաւոր իշխանութեան հնարաւորութիւնները, սա ամբողջացրեց չէ՞ այս ընտրութիւնները: Որեւէ փաստ կա՞յ, որ այսօրուայ գործող իշխանութիւնները կեղծել են որեւէ բան», – նշեց Պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նախագահը:

Ազգային ժողովի փոխխօսնակ՝ Լենա Նազարեան կը կարծէ, որ Տէր Պետրոսեանը փախուստի ճանապարհ կ’առաջարկէ, ինչ որ իրենց համար անընդունելի է։ Անոր կարծիքով՝ 98 թուականին, Լեւոն Տէր Պետրոսեանն ալ պէտք չէ հրաժարական տար։

«Լեւոն Տէր Պետրոսեանը փաստացի 1996 թուականից ի վեր առաջին անգամ ազատ եւ արդար ընտրութիւններով ընտրուած վարչապետին առաջարկում է փախչել պատասխանատւութիւնից, անցնել ընդյատակ: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է խնդիրների լուծման հենց այս կերպը՝ փախուստն առաջ մղում, չի մտածո՞ւմ, որ այս տարբերակը խաթարում է ժողովրդավարութիւնը, խաթարում է մարդկանց հաւատը ժողովրդավարութեան հանդէպ, մարդկանց մօտ ամրապնդում է այն միտքը, որ ընտրուած վարչապետը պէտք է փախչի պատասխանատւութիւնից, դժուարութիւններից, խնդիրներից, ինչպէս վարուեց ինքը տարիներ առաջ, երբ պէտք էր պատասխանատւութիւն ստանձնել պետութեան եւ ժողովրդի ճակատագրի համար», – նշեց Լենա Նազարեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment