Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Նիկոլ Փաշինեանը Մանրամասներ Պատմած է Ալիեւի Հետ Զրոյցի Մասին

Նիկոլ Փաշինեանը Մանրամասներ Պատմած է Ալիեւի Հետ Զրոյցի Մասին

by MassisPost

Մոսկուայի մէջ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի (ԵՏՅ) նիստէն ետք ճեպազրոյցի ժամանակ Նիկոլ Փաշինեանը խօսած է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին:

«Ոչ մի արդիւնք կայ: Դա պարզապէս շփում էր: Ո՛չ Ալիեւը, ո՛չ ես արդիւնքներ չէինք ակնկալում: Մենք պարզապէս խօսել ենք: Իհարկէ, մենք քննարկել ենք Ղարաբաղը: Բայց դա պաշտօնական բանակցութիւն չէ, մենք պարզապէս խօսում ենք այս հիմնահարցի մեր ընկալումների մասին, այն մասին, թէ մենք ինքներս ինչպէս ենք ընկալում այդ խնդիրը, ինչպէս են ընկալում մեր ժողովուրդները»,- ըսած է Նիկոլ Փաշինեանը:

Ի պատասխան հարցին՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ արդեօք քննարկուա՞ծ է տարածքներու յանձնումը եւ Ստեփանակերտը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, Փաշինեանը ըսած է. «Այն յայտարարութիւնները, որոնք ես հրապարակային արել եմ, իհարկէ, բոլոր հարցերը քննարկուել են մեր հանդիպման ընթացքում: Ես մէկ անգամ չէ, որ ասել եմ, որ ես այդ բանակցութիւններում կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետութիւնը, ես չեմ կարող ներկայացնել  Արցախի Հանրապետութիւնն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները Հայաստանում ընտրութիւններին չեն մասնակցում, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել  վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց խորհրդարանը եւ կառավարութիւնը: Հենց այս պատճառով ես չեմ կարող Լեռնային Ղարաբաղի անունից բանակցել: Սա բոլորին է հասկանալի», ըսած է Փաշինեանը:

Ան աւելցուցած է, որ հասկնալի է, որ լրագրողներու, քաղաքացիներու համար հետաքրքիր է բոլոր մանրամասներով իմանալ, թէ ինչի մասին խօսած են ինքն ու Ատրպէյճանի նախագահը: «Բայց կենցաղավարութեան տեսանկիւնից անընդունելի է, երբ դուրս են գալիս ու պատմում այն ամէնի մասին, ինչ խօսել են: Բայց, ընդհանուր առմամբ, դուք բոլորդ գիտէք, թէ ինչի մասին ենք մենք խօսել, որովհետեւ խօսակցութիւնն անցել է այն շրջանակներում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային յայտարարութիւններին»:

Խօսելով Ալիեւի հետ պաշտօնական բանակցութիւններու ժամկէտներու մասին՝ ան նշած է, որ երկու երկիրներու Արտաքին գործոց նախարարները բանակցութիւններ կը վարեն, բայց առայժմ յստակեցում չկայ:

Հարակից Նյութեր

Leave a Comment